Նորություններ

Կանայք այժմ 18 տարեկանից կարող են ծառայել որպես միսիոներներ Հիսուս Քրիստոսի Եկեղեցում

Առաջին Նախագահության կողմից

Առաջին Նախագահությունը ուրախությամբ հայտարարում է՝ երիտասարդ կանայք, որոնք ընտրում են ծառայել լիաժամկետ միսիայում, կարող են այսուհետ սկսել իրենց ծառայությունը 18 տարեկանում՝ ավագ դպրոցը կամ դրան համարժեք կրթական հաստատությունն ավարտելուց հետո։ Հայտարարությունը ուժի մեջ է մտնում անմիջապես։

Թեև Տերը յուրաքանչյուր արժանի և ունակ երիտասարդ տղամարդու խնդրում է իր քահանայության պարտականության շրջանակներում պատրաստվել և ծառայել միսիայում, մենք կրկին ընդգծում ենք, որ միսիոներական ծառայությունը երիտասարդ կանանց համար շարունակում է մնալ ընտրովի  հնարավորություն։ Մենք գիտակցում ենք, որ այն երիտասարդ կանանց համար, որոնք ցանկանում են ծառայել լիաժամկետ միսիայում, ծառայությունը սկսելու տարիքի ընտրությունը բոլորի համար նույնը չի լինելու։

Մենք մեր սերն ենք հայտնում Եկեղեցու երիտասարդությանը և գովաբանում նրանց՝ իրենց հավատարմության համար։

2025 թվականի նոյեմբերի 21-ի (ուրբաթ) առավոտյան Եկեղեցու չորս ղեկավարներ հանդես եկան լրատվամիջոցների առջև՝ այս հայտարարության վերաբերյալ։ Նրանց որոշ մեկնաբանություններ ներկայացված են ստորև։

Նախագահ Էմիլի Բել Ֆրիման

Երիտասարդ կանանց գերագույն նախագահ և Միսիոներական գործադիր խորհրդի անդամ

«Որպես Երիտասարդ կանանց գերագույն նախագահություն՝ մենք շատ ոգևորված ենք այս հայտարարությամբ և այն ամենով, թե դա ինչ նշանակություն ունի մեր աղջիկների համար։ Այս հայտարարությունը ուժի մեջ է մտնում անմիջապես, ինչը նշանակում է, որ աղջիկները կարող են սկսել պատրաստվել ծառայելուն 18 տարեկանից, եթե ավարտել են ավագ դպրոցը։ Նրանք կկարողանան ներկայացնել  դիմումը իրենց ծննդյան օրվանից կամ իրենց հասանելիության ամսաթվից 150 օր առաջ»։

Երեց Մեթյու Ս. Հոլանդ

Բարձրագույն իշխանություն յոթանասունական և Եկեղեցու Հաղորդակցության բաժնի գործադիր տնօրեն

«Կինը, որը որոշում է ծառայել միսիայում, պետք է աղոթքով մտածի դրա ժամկետների մասին։ Դա շատ անհատական որոշում է։ Այս փոփոխությունը լրացուցիչ հնարավորություն է ընձեռում այն կանաց, որոնք որոշում են ծառայել միսիայում։ Այն նաև լրացուցիչ ճկունություն է տալիս այն հարցում, թե երբ սկսել իրենց միսիոներական ծառայությունը, կյանքի որ ժամանակահատվածում, երբ նրանք ունեն բազմաթիվ տարբեր, հրաշալի հնարավորություններ սովորելու, աճելու և զարգանալու համար»։
 

Երեց Վ. Մարկ Բասեթ

Բարձրագույն իշխանություն յոթանասունական և Միսիոներական բաժնի գործադիր տնօրեն

«Մենք ցանկանում ենք կրկին ընդգծել, որ միսիոներական ծառայությունը քահանայության պարտականություն է երիտասարդ տղամարդկանց համար, և նրանց պարտականությունն է ծառայել, մինչդեռ այն հզոր, բայց կամավոր ընտրություն է երիտասարդ կանանց համար։ Յուրաքանչյուր երիտասարդ տղամարդ, որը ստանում է միսիայի կանչ, ծառայում է 24 ամիս։ Իսկ յուրաքանչյուր երիտասարդ կին, որը ստանում է կանչ, ծառայում է 18 ամիս։ Այս հարցում փոփոխություն չկա։ Միակ բացառությունը կարող է լինել, օրինակ, այն դեպքը, երբ երիտասարդ տղամարդը կամ կինը առողջական խնդիրներ ունի»։

Քույր Էմի Ա. Ռայթ

Երեխաների միության գերագույն նախագահության առաջին խորհրդական և Միսիոներական գործադիր խորհրդի անդամ

«Ծառայության տևողությունը երկար տարիներ մնացել է անփոփոխ։ Երբ մենք դիմել ենք աշխարհի տարբեր վայրերում գտնվող երիտասարդ կանանց՝ հրավիրելով նրանց լինել այս հայտնության գործընթացի մտածված մասնակիցներ, հասկացել ենք, որ նրանց գերակշռող մասի ցանկությունն այն է, որ իրենց ծառայության ժամկետը լինի 18 ամիս»