Նորություններ

Հավատքի և ազատության պատմություն. Եկեղեցին մասնակցում է Պրահայում կայացած կրոնական ազատության համաժողովին

«Ճշմարիտ կրոնական ազատությունը նշանակում է՝ ազատություն վերահսկողությունից։ Կրոնական ազատությունը երբեք չի տրվում մեկ անգամ և ընդմիշտ։ Ուստի, այն պետք է պաշտպանվի և դրանով պետք է ապրել ամեն օր։ Երբեք այն չպետք է համարենք ինքնըստինքյան տրված։ Եկեք քաջություն ունենանք պաշտպանելու այն՝ մեզ համար և նրանց համար, ովքեր չեն կարող»։

Պատմական Պրահայի ամրոցի սրահներում՝ Չեխիայի Հանրապետության նախագահի պաշտոնական նստավայրում, և Չեռնինի պալատում՝ Չեխիայի արտաքին գործերի նախարարության նստավայրում, հավաքվել էին կառավարությունների, քաղաքացիական հասարակության և կրոնական ավանդույթների առաջնորդները՝ «Հոդված 18» դաշինքի (Միջազգային կրոնական ազատության կամ համոզմունքների դաշինք) բարձր մակարդակի միջազգային համաժողովին։ Մասնակիցների թվում էին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ներկայացուցիչները, որոնք միացան աշխարհի բոլոր անկյուններից ժամանած պատվիրակներին՝ հաստատելու կրոնի կամ համոզմունքի ազատության համընդհանուր իրավունքը։

Չեխիայի Հանրապետության նախագահ Պետր Պավելը պաշտոնապես բացեց միջոցառումը հիմնական ելույթով՝ ընդգծելով խղճի և դավանանքի ազատությունը․

«Որտեղ մարդկային հոգին ենթարկվում է իշխանության վերահսկողությանը, ազատությունը մահանում է»։

Նա նկարագրեց, թե ինչպես է իսկական հավատքը դառնում քաջության և արժանապատվության աղբյուր, հատկապես «ճգնաժամերի ժամանակներում», և հիշեցրեց մասնակիցներին, որ «ճշմարիտ կրոնը մի բան է, որը բարձրացնում է մարդկանց՝ բոլոր մարդկանց, և ոչ թե միայն նրանցից մի քանիսին»։ Ամենից առաջ նա զգոնության կոչ արեց.

«Ճշմարիտ կրոնական ազատությունը նշանակում է՝ ազատություն վերահսկողությունից։ Կրոնական ազատությունը երբեք չի տրվում մեկ անգամ և ընդմիշտ։ Ուստի, այն պետք է պաշտպանվի և դրանով պետք է ապրել ամեն օր։ Երբեք այն չպետք է համարենք ինքնըստինքյան տրված։ Եկեք քաջություն ունենանք պաշտպանելու այն՝ մեզ համար և նրանց համար, ովքեր չեն կարող»։

Եկեղեցու պատվիրակները և հիմնական համոզմունքները

Եկեղեցին ներկայացնում էին Եվրոպայի Կենտրոնական տարածաշրջանի նախագահության անդամ երեց Ջեյմս Վ. Մակքոնկին և տարածաշրջանի՝ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մայքլ Հանզալը։ Նրանց մասնակցությունը արտացոլում էր Վերջին Օրերի Սրբերի համոզմունքերի մեջ խորապես արմատացած մի սկզբունք, որն արտացոլում է այս համաշխարհային հավաքի նպատակը։ Եկեղեցու՝ տասնմեկերորդ Հավատո Հանգանակը հայտարարում է.

«Մենք պահանջում ենք մեր իսկ խղճի թելադրանքով Ամենազոր Աստծուն երկրպագելու արտոնությունը, և նույն արտոնությունը վերապահում ենք բոլոր մարդկանց. թող նրանք երկրպագեն ինչպե՛ս, որտե՛ղ կամ ինչ որ կամենում են»:

Նույն գաղափարները պաշտպանվում են նաև «Հոդված 18»-ի դաշինքի կողմից։ Այս համոզմունքով առաջնորդվելով՝ Եկեղեցին միացավ աշխարհի տարբեր երկրների առաջնորդներին՝ հաստատելու, որ անհատը պետք է կարողանա ազատորեն երկրպագել՝ առանց վախի կամ խտրականության:

Երեց Ջեյմս Վ. Մակքոնկին ընդգծեց հավաքի կարևորությունը. «Ամբողջ համաժողովի ընթացքում ես խորհում էի Տիրոջ հիշեցման շուրջ, որը տրված է Վարդապետություն և Ուխտեր 134․4 հատվածում, որ կառավարությունները պետք է «սանձեն ոճիրը, բայց երբեք չիշխեն խղճի վրա. պետք է պատժեն հանցանքը, բայց երբեք չճնշեն հոգու ազատությունը»։  Նաև խորհում էի, թե որքան ուրախացնող էր գտնվել Եվրոպայի սրտում՝ ակադեմիական, պետական և կրոնական առաջնորդների հետ, որոնք նվիրված են այս աստվածային ճշմարտության և կամքի ազատության սկզբունքներին»։

Համաժողովի թեմաներ և համաշխարհային ձայներ

Լիագումար նիստերի և լրացուցիչ միջոցառումների ընթացքում որպես մեկ ամբողջություն շրջանառվում էին արժանապատվության, համերաշխության և տոկունության վերաբերյալ թեմաները։ Բոլոր մայրցամաքներից ժամանած պատվիրակները քննարկում էին խաղաղության կառուցումը և սոցիալական համախմբվածությունը, ինչպես նաև այն սուր ճնշումները, որոնց բախվում են հավատքի համայնքները պատերազմի և այլ խոցելի իրավիճակներում։ Խոսնակների թվում էին ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Նազիլա Ղանեան, դեսպան Սամուել Բրաոնբեքը (ԱՄՆ) և այլ ներկայացուցիչներ Եվրոպայից, Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից։ Հուզիչ հարգանքի տուրք մատուցվեց Նորին Սրբություն Դալայ Լամային՝ ողջ կյանքում բռնության դեմ պայքարի հանձնառության և մարդկային արժանապատվությունը պաշտպանելու իր նվիրվածության համար։

Հոդված 18 դաշինքը

18-րդ հոդվածի դաշինքը, որը կազմակերպել էր համաժողովը, միավորում է 38 անդամ-երկրներ և տասնյակ փորձագետներ՝ համախմբված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 18-րդ հոդվածի սկզբունքներով։ Դաշինքի առաքելությունն է՝ պաշտպանել կրոնական փոքրամասնություններին, պայքարել խտրականության դեմ և խթանել հարգանքը կրոնի կամ համոզմունքի ազատության հանդեպ։

Դաշինքի փորձագետների խորհուրդը՝ ներառյալ Բրիգամ Յանգի համալսարանի Իրավունքի և Կրոնի ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի պրոֆեսոր Բրեթ Շարֆսը, համախմբեց աշխարհի առաջատար ձայները՝ խորհրդատվություն և աջակցություն տրամադրելու դրա գործունեությանը։

Պատվելով կամուրջներ կառուցողներին

Պրահայի պատմական Վենցեսլաս հրապարակում գտնվող Ազգային թանգարանում կազմակերպված բացման երեկոյի ընթրիքի ընթացքում մրցանակներ հանձնվեցին այն անհատներին և կազմակերպություններին, որոնք կամուրջներ են կառուցել տարբեր հավատքների միջև և նպաստել կրոնական ազատության առաջխաղացմանը։

Պարգևատրվածների թվում էր նաև պրոֆեսոր Շարֆսը, որը ճանաչում է ձեռք բերել կրոնական ազատության պաշտպանությանն ուղղված իր երկարամյա նվիրվածության համար։ Այդ պահը ընդգծեց գիտության և ծառայության այն ավանդույթը, որը Եկեղեցին խրախուսում և պահպանում է՝ ցույց տալով, որ Վերջին Օրերի Սրբերի համար կրոնական ազատության խթանումը ոչ թե ժամանակավոր ջանք է, այլ շարունակական առաքելություն։

Պարգևը ստանալիս պրոֆեսոր Շարֆսը նշեց․ «Տոկունությունը գալիս է միասին աշխատելուց՝ հատկապես խավարի ժամանակներում։ Երբ մենք միավորվում ենք նվիրվածությամբ և համագործակցությամբ, ստեղծում ենք հույս և ուժ նրանց համար, ովքեր ենթարկվում են հալածանքի»։

«Մենք կարող ենք զինաթափել ատելությունը»

Դեսպան Ռոբերտ Ռեժակը՝ «Հոդված 18» դաշինքի նախագահը, առաջարկեց տարբերությունների հաղթահարման գործնական ծրագիր․

«Երբ մենք ստեղծում ենք անկեղծ բարեկամություն և արդյունավետ համագործակցություն, կարող ենք զինաթափել ատելությունը, հաղթահարել բևեռացումն ու պառակտումը։ Միասին կարող ենք անզորների ուժը վերափոխել համախմբված ուժի՝ կրոնի ազատության, փոխադարձ ըմբռնման և խաղաղության համար»։

Այդ ոգին՝ բարեկամությունը, որը վերածվում է համագործակցության, նկարագրում է Եկեղեցու մոտեցումը ողջ աշխարհում։ Վերջին Օրերի Սրբերը մշտապես համագործակցում են այլ կրոնական համայնքների և քաղաքացիական կազմակերպությունների հետ՝ տառապանքը թեթևացնելու, տեղահանվածներին ընդունելու և ընտանիքները ամրապնդելու համար: Պրահայում այս գործընկերությունները ոչ միայն նշվեցին, այլև նորոգվեցին»։

Առաջ նայելով

Համաժողովը եզրափակվեց հռչակագրով, որը շեշտում էր, որ համաշխարհային անորոշության ժամանակներում մտքի, խղճի և կրոնի կամ համոզմունքի ազատության իրավունքները կենսական նշանակություն ունեն մարդկային արժանապատվության և տոկունության համար։ Այս առաջընթացի հիման վրա Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին շարունակելու է խորացնել իր ներգրավվածությունը միջկրոնական երկխոսության և կրոնական ազատության նախաձեռնությունների մեջ ամբողջ Եվրոպայում։

Նախագահ Պավելը հիշեցրեց մի կայուն ճշմարտություն․ երբ տղամարդիկ և կանայք ազատ են՝ փնտրելու Աստծուն և ծառայելու իրենց մերձավորներին, ըստ իրենց խղճի թելադրանքի, նրանք միասին դառնում են հույսի գործակալներ։ Այսպիսի ազատությունն է այս համաժողովը կոչ արել մասնակիցներին պաշտպանել՝ ոչ թե մեկ անգամ, այլ ամեն օր։

Պրահայում հավատքի և ազատության պատմությունը գրվեց նորովի։ Վերջին Օրերի Սրբերը մասնակցում են այս համաշխարհային երկխոսությանը՝ հաստատելով, որ կրոնական ազատությունը ոչ միայն իրավունք է, որը պետք է պահանջել, այլև պարգև է, որը պետք է կիսել ուրիշների հետ։