Նորություններ

Եկեղեցին նշում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ 10-ամյա համագործակցությունը

ՅՈՒՆԻՍԵՖ ԱՄՆ-ի ղեկավարները շրջում են Սոլթ Լեյք Սիթիում գտնվող Եկեղեցու հումանիտար վայրերում

ՅՈՒՆԻՍԵՖ ԱՄՆ-ի ղեկավարները շրջել են Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հումանիտար վայրերով Սոլթ Լեյք Սիթիում (Յուտա)՝ 2023թ. հունվարի 12-ին (հինգշաբթի): ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Եկեղեցին նշում են համագործակցության տասնամյակը` շարունակելով օգնել կարիքավոր երեխաներին ամբողջ աշխարհում:

Եկեղեցու գլխավոր գրասենյակում պատվիրակությանը հյուրընկալել էին Եկեղեցու ավագ ղեկավարները և Եկեղեցու Բարօրության և Ինքնապահովման ծառայությունների բաժինները: Չորեքշաբթի երեկոյան Տաճարային հրապարակում նրանք մասնակցեցին ընթրիքի, որին ներկա էին՝ Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Գարի Ի. Սթիվենսոնը, նախագահող եպիսկոպոս Ջեռալդ Կոսեն, Սփոփող միության գերագույն նախագահ Քամիլ Ն. Ջոնսոնը և Բարօրության և Ինքնապահովման ծառայությունների գործադիր տնօրեն Բլեյն Ռ. Մաքսֆիլդը:

«Մեր երախտագիտությունն ենք հայտնում ՅՈՒՆԻՍԵՖ ԱՄՆ-ի հետ երկարամյա համագործակցության համար: Նրանց աշխատանքը, որը կենտրոնացած է ողջ աշխարհի խոցելի խմբերի երեխաների և նրանց ընտանիքների մասին հոգ տանելու վրա, սերտորեն համընկնում է վաղ մանկության տարիների սնուցման վրա կենտրոնացած Եկեղեցու համաշխարհային քաղաքականության հետ: Մենք ձգտում ենք հետևել Քրիստոսի հորդորին՝ սիրել և ծառայել մեր մերձավորին», - ասաց եպիսկոպոս Կոսեն:

«Մենք ոգևորված ենք ՅՈՒՆԻՍԵՖ ԱՄՆ-ի հետ աշխատելու այս հնարավորության համար. այն է՝ օգնել, որ երեխաները ստանան ավելի լավ սնուցում և առողջության ապահովում», - ասաց նախագահ Ջոնսոնը:

«Ես բառացիորեն ապշած եմ այն ամենից, ինչ մենք տեսել ենք», - ասաց ՅՈՒՆԻՍԵՖ ԱՄՆ-ի նախագահ և գործադիր տնօրեն Մայքլ Նյենհոյսը՝ Սոլթ Լեյք Սիթի իր առաջին այցի ժամանակ: Նյենհոյսը հիմնականում աշխատում է Նյու Յորքում: «Դուք պարզապես բարեգործներ չեք. դուք իրականում կոչված եք դրան, և ես կարծում եմ, որ հավատքի վրա հիմնված մարդկանց այդ գործին կանչելը նրանց ավելի հավատարիմ է դարձնում», - ասաց Նյենհոյսը:

Համաշխարհային Եկեղեցու Մարդասիրական ծառայությունների տնօրեն Շերոն Յուբենկը գլխավորում էր շրջագայությունները Մարդասիրական կենտրոնում և Բարօրության հրապարակում՝ ՅՈՒՆԻՍԵՖ ԱՄՆ-ի ղեկավարների համար:

«Հուսով եմ, որ դուք կտեսնեք երեք բան», - քույր Յուբենկը ասաց խմբին: «Հուսով եմ, որ դուք կտեսնեք այն մարդկանց վկայությունները, որոնք փորձում են իրենց հավատքն առ Հիսուս Քրիստոսը դնել որևէ տեսակի գործողության մեջ: Հուսով եմ, որ դուք կտեսնեք ակնածանք մարդկային հոգու արժանապատվության հանդեպ: Սա վերաբերում է բոլոր մարդկանց՝ անկախ նրանից, թե ինչ հավատքի, ավանդույթի կամ քաղաքական համոզմունքի են նրանք պատկանում: Եվ ես հուսով եմ, որ դուք կտեսնեք, որ կամավոր ծառայելու ոգին՝ առանց վարձատրվելու, օգտակար է սոցիալական կառուցվածքի համար, նաև օգտակար է մարդու հոգու համար»:

ՅՈՒՆԻՍԵՖ ԱՄՆ-ի ղեկավարները Տաճարային հրապարակում հանդիպում ունեցան նաև Եկեղեցու նախագահող եպիսկոպոսության հետ:

«Կարծում եմ, որ կան մի շարք ոլորտներ, որտեղ մենք կարող ենք իսկապես արդյունավետ աշխատել Եկեղեցու հետ, և դրանցից մեկը պատվաստումների ոլորտն է», - բացատրեց Նյենհոյսը: «Եվ բացի այդ՝ սնուցման ոլորտը ևս արդիական է: Մենք այսօր տեսնում ենք երեխաների սնուցման զանգվածային ճգնաժամ ամբողջ աշխարհում»:

Համագործակցության պատմությունը

2013 թ.-ին Հիսուս Քրիստոսի Եկեղեցին պատվաստման ոլորտում աջակցություն է ցուցաբերել ՅՈՒՆԻՍԵՖ Հորդանանին: 2014 թվականին Եկեղեցին միացավ գործընկերների կոալիցիային՝ աջակցելով մայրական և նորածնային տետանուսի վերացման ծրագրերին:

Եկեղեցին 10 միլիոն կանանց տրամադրել է պատվաստանյութ, որը նրանց պաշտպանում է մայրական նորածնային տետանուսից, նաև օգնել է նվազեցնել մեծ ծանրաբեռնվածություն ունեցող երկրների թիվը՝ 50-ից հասցնելով 12-ի:

Առաջին անհետաձգելի համագործակցությունը տեղի է ունեցել 2015 թվականին՝ Եվրոպայի փախստականներին աջակցելու նպատակով: Ավելի քան 115000 երեխա օգնություն է ստացել «Ուսուցում հանուն կյանքի» համագործակցության միջոցով, որը մեկնարկել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Քենիայում, Սուդանում և Ուգանդայում 2018 թվականին: 2021 թվականին Եկեղեցին միացավ COVID-19-ի պատվաստանյութի տարածման համաշխարհային նախաձեռնությանը:

«Այդ ժամանակից ի վեր մենք պատվաստանյութի 1,8 միլիարդ չափաբաժին ենք մատակարարել ամբողջ աշխարհում և օգնել ենք ոչ թե ավարտին հասցնել COVID-ի ճգնաժամը, այլ, անշուշտ, հասցնել մի կետի, որտեղ այն շատ ավելի վերահսկելի է», - նշել է Նյենհոյսը:

Բացի այդ՝ Եկեղեցին անցյալ տարի մասնակցել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Ժամանակը թանկ է» համաշխարհային ծրագրին՝ ուղղված մանկական թերսնուցման կանխարգելմանն ու բուժմանը:

«Այս համաշխարհային նախաձեռնությունները հատկապես համահունչ են Եկեղեցու Սփոփող միության առաքելությանը` թեթևացնել տառապանքները, նաև օգնել թերսնուցման մեջ գտնվող երեխաներին», - ասաց նախագահ Ջոնսոնը: «Մենք մեր սերն ենք հայտնում ամբողջ աշխարհի երեխաներին և հավատարիմ ենք այն աշխատանքին, որը կօգնի վերջ դնել կյանքին սպառնացող թերսնուցման ձևերին և ապահովել ավելի առողջ, երջանիկ կյանք փոքր երեխաների համար»:

«ՅՈՒՆԻՍԵՖ-ը լավագույն կազմակերպությունն է ամենադժվար վայրերը գնալու և ամենաերկար ժամանակով մնալու համար, որպեսզի համոզվի, որ ամենախոցելի խմբերի երեխաների համար հասանելի է այն ամենը, ինչի կարիքը նրանք ունեն», - ավելացրեց քույր Յուբենկը: «Այն վայրերում, որտեղ Եկեղեցին կարող է չունենալ համայնքներ, չունենալ գրասենյակներ կամ բեռնատարներ, ՅՈՒՆԻՍԵՖ-ը այնտեղ է, և մեր հանձնառությունն նույնպես այնտեղ է: Եվ ես կարծում եմ, որ մենք տեսել ենք դրա ազդեցությունը»:

«Ես այսօր տեսա, որ Եկեղեցին իսկապես ապրում է իր այն առաքելությամբ, որը Հիսուսն է տվել. լինել Նրա ձեռքերն ու ոտքերը մարդկանց սեփական համայնքներում, այնուհետև ամբողջ աշխարհում», - եզրափակեց Նյենհոյսը:

«Եկեղեցու հիմնական առաջնահերթությունն ամբողջ աշխարհում սովի և թերսնուցման աճող մակարդակների իջեցումն է», - ասաց Մաքսֆիլդը: «Մեր ներդրումները և համագործակցությունը ՅՈՒՆԻՍԵՖ ԱՄՆ-ի հետ օգնում են աշխարհի ամենախոցելի խմբերին՝ երեխաներին և մայրերին»:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.