Ներածություն
Վերջերս Կալիֆորնիայի Գերագույն դատարանը որոշում կայացրեց, որ միասեռ ամուսնությունը լինի օրինական Կալիֆորնիայում: Հասկանալով հասարակության համար ամուսնության կարևորությունը, Եկեղեցին ընդունել է ProtectMarriage-ին մասնակցելու հրավերը, որը եկեղեցիների, կազմակերպությունների և անհատների կոալիցիա է, ովքեր հովանավորում են նոյեմբերին տեղի ունենալիք Օրինագիծ 8-ի հանրաքվեին, որը պետք է փոփոխի Կալիֆորնիայի նահանգի սահմանադրությունը, որպեսզի երաշխավորվի, որ օրինական պետք է ճանաչվի միայն տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը: (Այդ կոալիցիայի մասին տեղեկությունը կարելի է գտնել http://www.protectmarriage.com/կայքում):
2008թ. հունիսի 20-ին Եկեղեցու Առաջին Նախագահությունը տարածեց «Պահպանել ավանդական ամուսնությունը և ամրացնել ընտանիքները» նամակը, որով հայտարարվում էր կոալիցիային Եկեղեցու մասնակցության մասին: Այդ նամակը ընթերցվեց Կալիֆորնիայում Վերջին Օրերի Սրբերի եկեղեցու ծառայությունների ընթացքում, և այն խնդրում էր, որպեսզի Եկեղեցու անդամներն «իրենց ուժերի սահմանում անեն ամեն ինչ, սատարելու համար առաջադրված սահամանադրական փոփոխությանը»:
Արիզոնայում և Ֆլորիդայում Եկեղեցու անդամները ևս կքվերակեն իրենց նահանգներում ամուսնության վերաբերյալ սահմանադրական փոփոխությունների համար, որտեղ, ինչպես Կալիֆորնիայում, այժմ նմանատիպ կոալիցիաներ են կազմավորվում:
Եկեղեցին իր ուշադրությունը սևեռում է հատկապես միասեռ ամուսնության և դրա հետևանքների վրա: Եկեղեցին դեմ չէ իրավունքներին (արդեն հաստատված Կալիֆորնիայում) ինչ վերաբերում է` հոսպիտալացմանը և առողջապահությանը, արդար բնակարանային և աշխատանքային իրավունքներին կամ կտակի իրավունքներին, որքանով որ դրանք չեն խախտում ավանդական ընտանիքի ամբողջականությունը կամ եկեղեցիների սահմանադրական իրավունքները, և որոնց անդամները գործադրում և կիրառում են իրենց կրոնը կառավարության միջամտությունից ազատ:
Եկեղեցին ունի սեռական բարոյականության մեկ, անշեղ սկզբունք` ինտիմ հարաբերություններ պետք է լինեն միայն ամուսնական կապով միավորված ամուսնու և կնոջ միջև:
Միասեռ ամուսնությանն ընդդեմ լինելը չի նշանակում, որ Եկեղեցին թշնամանք է տածում համասեռամոլ տղամարդկանց կամ կանանց հանդեպ: Տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը պաշտպանելը չի ազդում բոլոր մարդկանց հանդեպ Եկեղեցու անդամների քրիստոնեական պարտավորությունների` սիրո, բարության և մարդասիրության վրա:
Երբ Եկեղեցու անդամները որոշում են, թե որքանով ներգրավվեն տղամարդու և կնոջ ամուսնությունը պաշտպանելու գործում, նրանք պետք է այս հարցին մոտենան հարգանք տածելով մյուսների հանդեպ, հասկացողություն, ազնվություն և քաղաքավարություն դրսևորելով:
Նպատակ ունենալով նվազեցնել անհասկացողությունը և անբարյացակամությունը, Եկեղեցին հրապարակել է` «Ամուսնության աստվածային ինստիտուտը» փաստաթուղթը, և տրամադրել ուղեկցող այլ նյութեր, բացատրելով պատճառները, թե ինչու է պաշտպանում տղամարդու և կնոջ միջև ամուսնությունը որպես բարոյական հրամայական:
Ամուսնության աստվածային ինստիտուտը
Ամուսնությունը սուրբ է, կարգված Աստծուց, աշխարհի հիմնադրումից առաջ: Ադամին և Եվային արարելուց հետո Տեր Աստվածը հայտարարեց նրանց ամուսին և կին, որի համար Ադամն ասաց. «Սորա համար մարդը կթողնե իր հայրը և իր մայրը. և կյարի իր կնոջը. և մեկ մարմին կլինին»: Հիսուս Քրիստոսը մեջբերել է Ադամի խոսքերը, երբ նա հաստատեց ամուսնական ուխտի աստվածային ծագումը. «Չե՞ք կարդացել թե նա որ սկզբիցն ստեղծեց, արու և էջ ստեղծեց նորանց, և ասեց. Սորա համար մարդը կթողնե իր հայրը և իր մայրը. և կյարի իր կնոջը. և երկուսը կլինին մեկ մարմին: Որովհետև այլևս երկու չեն, այլ մեկ մարմին»:
1995թ. «Ընտանիք` Հայտարարություն աշխարհին» հռչակագրում հայտարարվում են ամուսնության վերաբերյալ հետևյալ անփոփոխ ճշմարտությունները.
Մենք` Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահությունը և Տասներկու Առաքյալների Խորհուրդը, պաշտոնապես հայտարարում ենք, որ տղամարդու և կնոջ ամուսնությունը հաստատվել է Աստծո կողմից և, որ ընտանիքն ամենակարևոր դերն ունի Արարչի ծրագրում՝ Իր զավակների հավերժական ճակատագրի համար:Երեխաները պետք է ծնվեն ամուսնացած ծնողներից և դաստիարակվեն մոր և հոր կողմից, ովքեր ընդունում են ամուսնության խոստումը և հնազանդվում դրան ողջ հավատարմությամբ:
Հռչակագիրը նաև ուսուցանում է. «Սեռն անհատի հիմնական բնութագիրն է նախաերկրային, երկրային և հավերժական ինքնության և նպատակի»: Ծննդոց գրքում, որտեղ ասվում է, որ Ադամն ու Եվան արարվեցին և դրվեցին երկրի վրա, շեշտվում է երկու առանձին սեռերի արարումը. «Աստուած ստեղծեց մարդը իր պատկերովը. Աստծո պատկերովը ստեղծեց նորան. արու և էգ ստեղծեց նորանց»:
Տղամարդու և կնոջ ամուսնությունն առանցքն է փրկության ծրագրի: Ամուսնության սուրբ բնույթը սերտորեն կապված է ծննդաստեղծ զորության հետ: Միայն տղամարդն ու կինը միասին ունեն երեխաներ բեղմնավորելու բնական կենսաբանական ունակություն: Կյանք ստեղծելու և Աստծո հոգևոր զավակներին աշխարհ բերելու ծննդաստեղծ այդ զորությունը սուրբ է և անգին: Այդ զորության սխալ օգտագործումը կործանում է ընտանիքի ինստիտուտը և դրանով իսկ թուլացնում սոցիալական հիմքը: Ամուր ընտանիքները ծառայում են որպես հիմնարար հաստատություն` փոխանցելու համար ապագա սերունդներին բարոյական ուժեր, ավանդույթներ և արժեքներ, որոնք ամրացնում են քաղաքակրթությունը: Ինչպես Մարդու իրավունքների Համընդհանուր հռչակագիրն է հաստատում. «Ընտանիքը հասարակության բնական և հիմնարար միավոր է»:
Ամուսնությունը հիմնականում անհատների միջև պայմանագիր չէ, որը վավերացնում է նրանց կապը և փոխադարձ պարտավորություններ ապահովում: Փոխարենը, ամուսնությունը և ընտանիքը հանդիսանում են կարևոր գործիքներ երեխաներին մեծացնելու և ուսուցանելու համար, դարձնելով նրանց պատասխանատու չափահասներ: Թեպետ կառավարությունները չեն հնարել ամուսնությունը, դարերի ընթացքում բոլոր տեսակի կառավարությունները ընդունել և հաստատել են ամուսնությունը որպես հիմնական ինստիտուտ, պահպանելու սոցիալական կայունությունը և հարատև դարձնելու կյանքը: Այսպիսով, անկախ նրանից ամուսնությունը կատարվել է կրոնական ծիսակարգով թե քաղաքացիական արարողությամբ, ամուսնացած զզույգերը գրեթե բոլոր մշակույթներում ունեցել են հատուկ արտոնություններ, որոնք ուղղված են եղել հաստատելու նրանց կապը և ստեղծելու միջավայր, որտեղ հնարավոր կլինի երեխաներ մեծացնել: Ամուսնուն և կնոջը չեն տրվում այդ արտոնությունները, որպեսզի նրանք վեր դասվեն համատեղ բնակվող կամ սոցիալապես միմյանց հետ կապված երկու այլ մարդկանցից, այլ որպեսզի պահպանեն և պաշտպանեն ամուսնության և ընտանիքի շատ կարևոր ինստիտուտները:
Ճիշտ է ամուսնացած որոշ զույգեր, երեխաներ չեն ունենա, որը կլինի կամ իրենց կամքով կամ անպտղության պատճառով, սակայն ամուսնական հատուկ կարգավիճակն ամեն դեպքում սերտորեն կապված է ժառանգաբար փոխանցվող զորությունների, ծննդաստեղծ պատասխանատվությունների և սեռերի միջև ժառանգական տարբերությունների հետ: Համատեղ բնակությունը ցանկացած պատրվակով կամ անվան տակ բավարար պատճառ չէ ամուսնական նոր ձևեր բնորոշելու համար:
Ամուսնալուծությունների բարձր տոկոսով և արտամուսնական ծնունդներով են պայմանավորված Ամերիկյան հասարակության մեջ միայնակ ծնողների բացառիկ մեծ քանակը: Այդ միայնակ ծնողներից շատերը մեծացրել են օրինակելի երեխաներ, այնուամենայնիվ լայնածավալ հետազոտությունները ցույց են տվել, որ հիմնականում սիրով, նվիրվածությամբ ամուսնացած ամուսինը և կինը ապահովում են այն միջավայրը, որտեղ երեխաները կարող են լավագույնս դաստիարակվել և պաշտպանվել: Պատճառը ոչ թե անձնական կարևոր միջոցներն են, որ երկու ծնողները կարող են օգտագործել ի նպաստ երեխաների, այլ տարբեր ուժերը, որ հայրը և մայրը իրենց սեռի շնորհիվ բերում են ընտանիք: Ինչպես հայտնի սոցիոլոգ Դեյվիդ Պոպենոն է ասել.
Հասարակագիտական ապացույցները հիմնավորում են այն գաղափարը, որ տարբեր սեռերի ծնողները կարևոր դեր են խաղում մարդու զարգացման համար, և երեխաների դաստիարակման գործում հայրերի ավանդը եզակի է և անփոխարիների:
Պոպենոյը բացատրել է, որ.
. . . Արական և իգական սեռի ծնողների փոխլրացնող դաստիրակման ոճը մեծ ու կարևոր դեր է խաղում երեխայի ընդհանուր զարգացման վրա: Երբեմն ասում են, որ հայրերն ավելի շատ մտահոգվում են երեխայի երկարաժամկետ զարգացմամբ, իսկ մայրերը կենտրոնանում են երեխայի տվյալ պահի բարօրությամբ (ինչն, իհարկե, կապված է երեխայի երկարաժամկետ բարօրության հետ): Պարզ է, որ երեխաներն ունեն երկակի կարիքներ, որոնք պետք է բավարարվեն, մեկը` անկախություն, իսկ մյուսը` կապվածություն, մեկը դժվարություն, իսկ մյուսը` աջակցություն:
Սոցիալական պատմաբան Դեյվիդ Բլանկենհորնը նման փաստարկ է բերում իր` Հայրազուրկ Ամերիկագրքում: Կատարյալ հասարակության մեջ յուրաքանչյուր երեխայի պետք է մեծացնի և հայրը և մայրը:
Ամուսնության և ընտանիքի խնդիրները
Արդի դարաշրջանում ականատեսն ենք եղել, որ ավանդական ամուսնությունը և ընտանիքը, որը կազմում են ամուսինն ու կինը անեղծ ամուսնությամբ, այժմ հզոր հարձակման տակ է գտնվում: Սեռական բարոյականությունը նվազում է, իսկ անհավատարմությունն աճում է: 1960թ.-ից ի վեր ամուսնական կապից դուրս ծնված երեխաների թիվը 5.3 տոկոսից բարձրացել է մինչև 38.5 տոկոսի (2006): Ամուսնալուծությունը դարձել է առավել սովորական և ընդունված, և Միացյալ Նահանգները պատկանում է աշխարհում այն երկրների թվին, որտեղ ամուսնալուծությունների թիվն ամենաբարձրն է: 1973թ.-ից ի վեր, արհեստական վիժեցումները խլել են ավելի քան 45 միլիոն անմեղ մարդկանց կյանք: Միևնույն ժամանակ, զվարճանքի չափանիշները շարունակում են սրընթաց անկում ապրել, իսկ պոռնոգրաֆիան դարձել է իրական չարիք, որի զոհն են դառնում մարդիկ: Սեռային տարբերությունները սրընթաց դուրս են մղվում որպես սովորական, անտեղի կամ վաղանցիկ, այդպիսով խափանելով տղամարդկանց և կանանց արարելու Աստծո նպատակը:
Վերջին տարիներին Միացյալ Նահանգներում և այլ երկրներում, մի շարժում է առաջ եկել, որն առաջ է քաշում միասեռ ամուսնության հարցը, որպես հատուկ կամ սահմանադրական իրավունք: Սա փոքր քայլ չէ, այլ արմատական փոփոխություն է` փոխարենը հասարակությունը հանդուրժի կամ ընդունի մասնավոր, կամավոր հիմունքով սեռական վարքը չափահասների միջև, միասեռ ամուսնության պաշտպանները ձգտում են պաշտոնական հավանության և ընդունման արժանացնել այն:
Մասաչուսեթսի (2004) և Կալիֆորնիայի (2008) դատական որոշումները թույլ են տվել միասեռ ամուսնությունները: Այդ միտումը լուրջ սպառնալիք է հանդիսանում ամուսնության և ընտանիքի համար: Ամուսնության ինստիտուտը կթուլանա, ինչը բացասական հետևանքների կհանգեցնի չափահասների և երեխաների համար:
2008թ. նոյեմբերին Կալիֆորնիայի քվեարկողները կորոշեն, թե արդյոք ցանկանում են փոփոխել իրենց նահանգի սահմանադրությունը, որպեսզի ամուսնություն կնքվի միայն տղամարդու և կնոջ միջև: Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին մեծ կոալիցիա է կազմել մյուս դավանանքների, կազմակերպությունների և անհատների հետ, որպեսզի խրախուսի քվեարկողներին կողմ քվեարկել այդ փոփոխությանը:
Միացյալ Նահանգների ժողովուրդը, գործելով ուղղակի կամ իրենց ընտրված ներկայացուցիչների միջոցով, ընդունել են այն մեծ դերը, որ ավանդական ամուսնությունը խաղացել է և պետք է շարունակի խաղալ Ամերիկյան հասարակության համար, եթե երեխաները և ընտանիքները պետք է պաշտպանվեն և բարոյական արժեքները պրոպագանդվեն:
Քառասունչորս պետություններ ընդունել են օրենքներ, որոնք հստակեցնում են այն դրույթը, որ ամուսնությունը պետք է կնքվի տղամարդու և կնոջ միջև: Այդ նահանգներից կեսից ավելին, ընդհանուր հաշվով քսանյոթ նահանգներ, կատարել են դա սահմանադրական փոփոխությունների միջոցով, որոնք այժմ ընթացքի մեջ են Կալիֆորնիայում, Արիզոնայում և Ֆլորիդայում:
Ի տարբերություն դրան, ովքեր Ամերիկյան հասարակությանը պարտադրում են միասեռ ամուսնությունը, ընտրել են այլ ուղի: Իրավապաշտպաններն իրենց հայցը ներկայացրել են նահանգային դատարաններ, խնդրելով դատավորներին, որ փոփոխեն ամուսնության ինստիտուտը, որպեսզի հասարակությունն ընդունի և կախված լինի դրանից հազարամյակներ շարունակ: Անգամ այդ համատեքստում, դատարանների մեծամասնությունը, ութից վեցը, պաշտպանել են ավանդական ամուսնության օրենքները: Միայն երկուսը, Մասաչուսեթսի և այժմ Կալիֆորնիայի նահանգները, գնացել են մյուս ուղղությամբ, և երկու դեպքում էլ շատ քիչ` 4-ը 3-ի տարբերությամբ:
Ընդհանուր առմամբ, կա շատ ուժեղ համաձայնություն ողջ Ամերիկայում, թե ինչ է նշանակում ամուսնությունը: Ինչպես Կալիֆորնիայի ժողովուրդն էր հասկացել, երբ քվեարկում էին այդ հարցի վերաբերյալ ութ տարի առաջ, ավանդական ամուսնությունը կարևոր է ողջ հասարակության, և հատկապես երեխաների համար: Քանի որ այդ հարցը հարված է հասցնում ընտանիքի հենց սրտին, դա մեր ժամանակների մեծագույն բարոյական խնդիրներից մեկն և մեծ ազդեցություն կթողնի ընտանիքի վրա, Եկեղեցին խոսում է այս հարցի մասին և խնդրում է անդամներին իրենց մասնակցությունը բերել:
Հանդուրժողականություն, միասեռ ամուսնություն և կրոնական ազատություն
Նրանք, ովքեր կողմ են համասեռ ամուսնությանը, պնդում են, որ «հանդուրժողականությունը» պահանջում է, որ իրենց տրվի ամուսնանալու նույն իրավունքը, ինչ հետերոսեքսուալ զույգերին: Բայց «հանդուրժողականության» այդ կոչն ունի ամենևին այլ նշանակություն և հետևանք, քան ունեցել է Ամերիկայի ողջ պատմության ընթացքում և այլ իմաստ, քան տրված է Հիսուս Քրիստոսի ավետարանում: Փրկիչն ուսուցանել է ավելի բարձր գաղափար` սիրո գաղափարը: «Սիրիր քո ընկերոջը»,- հորդորել է Նա: Հիսուսը սիրում էր մեղավորին, անգամ երբ բացահայտ կշտամբում էր մեղքը, ինչպես երևում է շնության մեջ բռնված կնոջ դեպքում, երբ նա կնոջը բարյացակամորեն, սակայն նախատինքով ասաց, որ «այլևս չմեղանչի»: Հանդուրժողականությունը որպես ավետարանի սկզբունք նշանակում է սիրել և ներել միմյանց, ոչ թե «հանդուրժել» զանցանքը:
Այսօրվա աշխարհիկ աշխարհում, հանդուրժողականությունը ամենևին այլ նշանակություն է ձեռք բերել: Դա նշանակում է` սիրելու փոխարեն համակերպվել, սխալ վարքը ընդունել որպես ընկերության գին: Հիսուսն ուսուցանել է, որ մենք սիրենք և հոգ տանենք միմյանց համար` չհամակերպվելով մեղքի հետ: Իսկ այսօրվա քաղաքական ընդունելի բնորոշումը պնդում է, որ եթե մեկը չի ընդունում մեղքը, նա չի հանդուրժում մեղավորին:
Ինչպես Երեց Դալլին Հ. Օուքսն է բացատրել,
Հանդուրժողականությունը ակնհայտորեն պահանջում է ոչ հակասական վերաբերմունք միմյանց տարբերությունների հանդեպ: Սակայն հանդուրժողականություն չի նշանակում հրաժարվել քո չափանիշներից կամ կարծիքից քաղաքական կամ հասարակական քաղաքական հարցերի վերաբերյալ: Հանդուրժողականությունը բազմազանությանն արձագանքելու միջոց է, ոչ թե քննությունից մեկուսացնելու հրաման:
Եկեղեցին հավանություն չի տալիս մյուսների հանդեպ բռնի վերաբերմունքը և խրախուսում է իր անդամներին բոլոր մարդկանց հարգանքով վերաբերվել: Ինչևէ, խոսելով այն երևույթների դեմ, որոնց հետ համաձայն չէ Եկեղեցին բարոյական նկատառումներից ելնելով, ներառյալ միասեռ ամուսնությունը, չի հանդիսանում բռնություն կամ հաճախակի սխալ օգտագործվող տերմին`«չարախոսություն»: Մենք կարող ենք սիրալիր և ընկերաբար վերաբերվել ընտանիքի համասեռամոլ անդամին կամ ընկերոջը, միևնույն ժամանակ չընդունելով համասեռամոլությունը կամ ամուսնության որևէ վերասահմանում:
Միասեռ ամուսնության օրինականացումը կազդի կառավարության գործունենության և քաղաքականության լայն շրջանակի վրա: Երբ որ նահանգի կառավարությունը հայտարարում է, որ միասեռ միությունները քաղաքացիական իրավունք են, այդ կառավարությունները գրեթե անկասկած կազդեն բազմաթիվ այլ քաղաքականությունների վրա, որոնք նպատակ ունեն հավաստիանալու, որ խտրականություն չի կիրառվում միասեռ զույգերի հանդեպ: Սա կարող է ըստ ամենայնի «եկեղեցուն և պետությանը դնել բախման ընթացքի վրա»:
Միասեռ ամուսնության հեռանկարն արդեն առաջ է բերել ազատ խոսքի իրավունքի և կրոնական հավատամքների վրա հիմնված գործի միջև օրինական բախումներ: Օրինակ, արդեն որոշ նահանգներում իրավապաշտպանները և պետական գործիչները առարկություններ են ներկայացնում կրոնական հիմքով որդեգրման ծառայություններ մատուցող գործակալությունների վաղեմի իրավունքի դեմ, որոնք հետևում են իրենց կրոնական հավատամքներին և երեխաներին տալիս են միայն հայր և մայր ունեցող ընտանիքներին: Արդյունքում, Բոստոնում Կաթոլիկ Բարեգործական կազմակերպությունները դադարեցրել են որդեգրման ծառայություններ մատուցելը:
Միասեռ ամուսնության այլ պաշտպաններն առաջարկում են, որ եկամտահարկի ազատումից և նպաստներից զրկվի այն կրոնական կազմակերպությունը, որը չի ընդունում միասեռ միությունները: Հանրային շենքերի օրենքներն արդեն օգտագործվում են որպես լծակ փորձելով ստիպել կրոնական կազմակերպություններին` թույլատրել ամուսնական տոնակատարություններն ու ընդունելությունները կրոնական շենքերում, որոնք այլ կերպ բաց են հանրության համար: Հավատարմագրման կազմակերպությունները որոշ դեպքերում ճնշում են գործադրում կրոնական դպրոցների և համալսարանների վրա, որպեսզի միասեռ զույգերին որպես բնակարան առանձին սենյակ տրամադրվի: Որոշ համալսարաններ ուսանողների կրոնական կազմակերպություններին ասել են, որ կկորցնեն համալսարանում իրենց ճանաչումն ու նպաստները, եթե զրկեն միասեռ զույգերին ակումբի անդամ դառնալու հնարավորությունից:
Այդ օրինակներից շատերը Եվրոմիության մի շարք երկրներում արդեն դարձել են իրավական իրականություն, և Եվրոպառլամենտն առաջարկել է, որ միասեռ զույգերի իրավունքները երաշխավորող և պաշտպանող օրենքները միանման դառնան ԵՄ-ի ողջ տարածքում: Ուստի, եթե միասեռ ամուսնությունը դառնա ճանաչված քաղաքացիական իրավունք, ապա էական հակասություններ կառաջանան կրոնական ազատությունների հետ: Եվ որոշ կարևոր ոլորտներում կրոնական ազատությունը գուցե նվազի:
Ինչպե՞ս է միասեռ ամուսնությունն ազդում հասարակության վրա
Կրոնական ազատության հնարավոր սահմանափակումները միասեռ ամուսնության օրինականացման միակ սոցիալական հետևանքները չեն: Թերևս ամենատարածված փաստարկը, որ միասեռ ամուսնության կողմնակիցները բերում են, այն է, որ այն հիմնականում վնաս չի պատճառի և որևէ կերպ չի ազդի ավանդական հետերոսեքսուալ ամուսնության վրա: Սովորաբար կրկնվում է հետևյալ պնդումը. «Այն ձեր վրա չի ազդի, ուրեմն ինչո՞ւ եք մտահոգվում»: Թեպետ ճշմարտանման կարող է հնչել այն որ, միասեռ միությունների թույլատրումն անմիջապես և ուղղակիորեն չի ազդի գոյություն ունեցող բոլոր ամուսնությունների վրա, իրական հարցը կայանում է նրանում, թե ինչպես այն կազդի ողջ հասարակության վրա ժամանակի ընթացքում, այդ թվում աճող սերնդի և ապագա սերունդների վրա: Արդեն միասեռ ամուսնությունն օրինականացրած Եվրոպական մի շարք երկրների փորձը ցույց է տալիս, որ ամուսնության ավանդական բնորոշման որևէ աղավաղում, էլ ավելի կքայքայի ամուսնությունների և ընդհանուր առմամբ ընտանիքի առանց այն էլ թուլացած կայունությունը: Միասեռ ամուսնությունն ընդունելը խորացնում է ամուսնության ավանդական գաղափարի անկումը, հասարակության համար վնասակար հետևանքներով:
Տղամարդու և կնոջ միջև ամուսնության սուրբ բնույթի քայքայման և աղավաղման շատ լուրջ հետևանքներից բացի, հանրային քաղաքականության ոլորտում կլինեն բազում գործնական հետևանքներ, որոնք խորը մտահոգություն կպատճառեն ծնողներին և ողջ հասարակությանը: Դրանք կարևոր են միասեռ ամուսնության հարցը լիարժեք հասկանալու համար:
Երբ տղամարդն ու կինը ամուսնանում են նոր ընտանիք կազմելու նպատակով, այդ նախաձեռնության մեջ նրանց հաջողությունը կախված է իրենց պատրաստակամությունից` հրաժարվելու ինքնահաստատման անհատական ձգտումից և զոհաբերելով ժամանակն ու միջոցները դաստիարակելու և մեծացնելու իրենց երեխաներին: Ամուսնությունը հիմնականում անշահախնդիր արարք է. օրենքով պաշտպանված, որովհետև միայն տղամարդը և կինը կարող են միասին նոր կյանք ստեղծել, իսկ երեխաներին մեծացնելը պահանջում է երկարատև պարտավորվածություն, որը ամուսնությունը պետք է ապահովի: Միասեռ ամուսնության հասարակական ճանաչումը չի կարող արդարացվել պարզապես հիմք ընդունելով, որ այն ապահովում է կողակիցների ինքնահաստատումը, քանի որ կառավարության նպատակը չէ ամեն կերպ իրավական պաշտպանությամբ ապահովել, երբ անհատները հետամուտ են լինում իրենց անձնական հաստատմանը: Ըստ սահմանման, բոլոր միասեռ միություններն անպտուղ են լինում, և նույն սեռի երկու անձիք, ինչպիսին էլ որ լինի իրենց կապվածությունը, երբեք չեն կարող ամուսնություն ձևավորել, որի արդյունքում կմեծացնեն իրենց համատեղ ժառանգներին:
Ճիշտ է, որ որոշ միասեռ զույգեր խնամակալության իրավունք կստանան երեխաների հանդեպ, նախորդ հետերոսեքսուալ հարաբերություններից, որդեգրման միջոցով այն պետություններուններում, որտեղ թույլատրված է այն, կամ արհեստական բեղմնավորման միջոցով: Չնայած դրան, հասարակական քաղաքականության ամենակարևոր հարցը պետք է լինի` ո՞ր միջավայրն է լավագույնը երեխայի և աճող սերնդի համար: Ավանդական ամուսնությունը երեխաների համար ապահովում է ամուր և լավ կայացած սոցիալական ինքնություն: Այն մեծացնում է հավանականությունը, որ նրանք կկարողանան ձևավորել սեռային հստակ ինքնություն, ունենալով սեքսուալություն` հստակ կապված սիրո և ծննդաստեղծ հատկանիշների հետ: Ի տարբերություն դրա, միասեռ ամուսնության օրինականացումը, հավանաբար, կքայքայի սոցիալական ինքնությունը, սեռային զարգացումը և երեխաների բարոյական հատկանիշը: Արդյո՞ք հասարակության համար խելամիտ բան է` նման արմատական փորձարկում կատարել առանց հաշվի առնելու դրա երկարաժամկետ հետևանքները երեխաների համար:
Որպես մեկ օրինակ, թե ինչպես երեխաները կտուժեն, միասեռ ամուսնության հաստատումը որպես քաղաքացիական իրավունք անխուսափելիորեն կպահանջի պարտադիր փոփոխություններ դպրոցական ծրագրում: Երբ պետությունն ասի, որ միասեռ միությունները հավասարազոր են հետերոսեքսուալ ամուսնություններին, հանրային դպրոցների ծրագիրը կսատարի այդ պնդմանը: Սկսած տարրական դպրոցից, երեխաները կուսուցանվեն, որ ամուսնությունը դա երկու չափահասների միջև հարաբերություն է, և կամավոր սեռական հարաբերությունները բարոյապես չեզոք են: Կարելի է ակնկալել, որ միջնակարգ դպրոցներում սեռական կրթության վերաբերյալ ուսումնական դասերը կհավասարեցնեն միասեռ ինտիմ հարաբերությունները հետերոսեքսուալ հարաբերություններին: Այդ զարգացումները լուրջ բախումներ կառաջացնեն աշխարհիկ դպրոցական համակարգի ծրագրի և ծնողների իրավունքների միջև, ովքեր պետք է ուսուցանեն իրենց երեխաներին բարոյականության ավանդական չափանիշները:
Ի վերջո, պատմության ընթացքում ընտանիքը ծառայել է որպես անհատական ազատության կարևոր պատվար: Տան պատերը պաշտպանություն են ապահովում սոցիալական վնասակար ազդեցությունների, իսկ երբեմն էլ կառավարության ամենուր հասնող միջոցների դեմ: Բռնության կամ անտեսման դեպքում, կառավարությունն իրավունք չունի միջամտելու տանը երեխաների բարոյական կրթությանը: Այսպիսով, ամուր ընտանիքները կարևոր դեր ունեն քաղաքական ազատության համար: Իսկ երբ ենթադրվում է, որ կառավարությունները պետք է վերաձևակերպեն ամուսնության բնույթը, տրամադրելով կանոնակարգումներ և ապահովելով հանրության կողմից ոչ ավանդական միությունների ընդունումը, նրանք մեկ քայլով մոտենում են ներքին կյանքի սուրբ մթնոլորտին միջամտելուն: Այդ գիծը հատելու հետևանքները շատ են և անկանխատեսելի, սակայն ամենայն հավանականությամբ պետք է ներառի պետության իշխանության և միջամտության աճ, ինչպիսի նպատակներ էլ որ այն հետապնդի:
Ամուսնության սրբությունը
Ուժեղ, ամուր ընտանիքը, հոր և մոր գլխավորությամբ, խարիսխն է հանդիսանում քաղաքակիրթ հասարակության: Երբ ամուսնությունը քայքայվում է գենդերային խառնաշփոթով և աղավաղվում է դրա Աստվածատուր նշանակությունը, աճող սերնդի երիտասարդների համար դժվար կլինի զարգացնել իրենց բնական էությունը որպես տղամարդ կամ կին: Ոմանց համար դժվար կլինի զբաղվել առողջ սիրատածմամբ, կնքել կայուն ամուսնություն, և մեծացնել բարոյական ուժով ու նպատակով տոգորված մեկ այլ սերունդ:
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին որոշել է մյուս եկեղեցիների, կազմակերպությունների և անհատների հետ միասին, պաշտպանել տղամարդու և կնոջ միջև ամուսնության սրբությունը, որովհետև դա մեր կրոնի և մեր ապագա հասարակության համար կարևոր նշանակություն ունեցող անվիճելի բարոյական հարց է:
Ընտանիքի հայտարարության վերջին պարբերությունը Առաջին Նախագահության և Տասներկուսի Քվորումի կողմից հորդոր է ուղղված աշխարհին. «Մենք դիմում ենք պատասխանատու քաղաքացիներին և կառավարության պաշտոնյաներին ամենուր, որպեսզի պայմաններ ստեղծեն և միջոցառումներ անցկացնեն ուղղված ընտանիքների, որպես հասարակության հիմնական միավորների, պահպանմանն ու ամրապնդմանը»: Դա Եկեղեցու ղեկավարների կողմից գծված ուղի է, որը Եկեղեցու և պետության համար միակ ապահով ուղին է: