Թեմա

Ջոզեֆ Սմիթ

Ջոզեֆ Սմիթը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու հիմնադիրը և առաջին նախագահն էր: 1830թ. ապրիլի 6-ին նա իր հինգ ընկերների հետ միասին պաշտոնապես կազմակերպեցին Եկեղեցին Ֆայեթում, Նյու Յորք: Նա նախագահեց Եկեղեցում մինչև 1844թ. հունիսի 27-ը, երբ նահատակվեց: Իր ղեկավարության ներքո Եկեղեցու անդամությունն աճել է 6-ից մինչև 26 000:

1800-ականների կեսին Բոստոնի քաղաքապետը և հանրաճանաչ գրող ու հրապարակախոս Ջոսիա Քուինսին գրել է. «Մոտ ապագայում գուցե հնչի հետևյալ հարցը` իր հայրենակիցների մտքերը և ճակատագրերը ձևավորելու հարցում ո՞ր մեծ ամերիացին է կատարել ավելին այս մայրցամաքում: Ճիշտ է ոմանց համար կարող է անհեթեթ թվալ, բայց չի բացառվում, որ պատասխանը լինի` Մորմոն մարգարե Ջոզեֆ Սմիթը»:

Ջոզեֆ Սմիթ Կրտ.-ը ծնվել է 1805թ. դեկտեմբերի 23-ին Շերոն գավառում, Վերմոնտ, Ջոզեֆ և Լյուսի Մակ Սմիթների ընտանիքում: Ծնվելով աղքատ գյուղական ընտանիքում, նա 11 երեխաներից հինգերորդն էր, որոնցից ինը ողջ մնաց: Քանի որ իր ընտանիքը չէր կարող իրեն թույլ տալ շքեղ հանրային կրթություն, Ջոզեֆը ստացավ միայն երեքամյա դպրոցական կրթություն: Իր եղբայրների և քույրերի հետ միասին նա հիմնականում ուսում ստացավ տանը ընտանիքի Աստվածաշնչով:

Ջոզեֆի ընկեր` Փարլի Փրատը այսպես է նկարագրել նրան 183 սմ հասակով «թիկնեղ և ամուր կազմվածքով, ակտիվ, բաց գույնի մաշկով և մազերով, կապույտ աչքերով [և] շատ նոսր մորուքով»: Իր էությամբ պայծառ և աշխույժ Ջոզեֆը սիրում էր խաղալ երեխաների հետ կամ մրցել ուժի ցուցադրության մրցույթներում` կոխ բռնելով և «ձող ձգելով»: Վերջին Օրերի մի Սուրբ, որը այցելել էր Ջոզեֆին Կիրթլանդում, Օհայո, գրել է. «Ես չէի պատկերացնում Աստծո մարգարեին այդպիսին: Նա ընկերական, ուրախ, հաճելի, դուրեկան մարդ էր: Ես անմիջապես սիրեցի նրան»:

Յոթ տարեկանում Ջոզեֆը տեղական համաճարակի ժամանակ վարակվեց որովայնային տիֆով: Թեպետ նա երկու շաբաթում ապաքինվեց, սակայն ցավոտ վարակը մնացել էր դրել Ջոզեֆի ոտքի ոսկրում: Երբ այդ վարակը մաքրելու փորձերն ապարդյուն անցան, բժիշկը համառորեն պնդեց, որպեսզի ոտքը անդամահատեն: Ջոզեֆի մայրը համոզեց բժշկին մեկ անգամ էլ վիրահատել, և բժիշկը ոսկորի ախտահարված մասը հեռացրեց առանց ցավարկման կամ հատուկ բժշկական գործիքների: Ջոզեֆը հրաժարվեց, որ իրեն կապեն մահճակալին, հրաժարվեց նաև ցավը բթացնելու նպատակով օղի խմելուց, և վիրահատությանը դիմացավ իր հոր գրկում: Թեպետ Ջոզեֆը երեք տարի հենակների օգնությամբ էր քայլում և իր ողջ կյանքի ընթացքում թեթևակի կաղում էր, այնուամենայնիվ նա ապաքինվեց:

Ջոզեֆ Սմիթն ամուսնացավ Էմմա Հեյլի հետ 1827թ. հունվարի 18-ին: Իրենց 17 տարվա ամուսնության ընթացքում նրանք ունեցան 11 զավակ, որոնցից երկուսը որդեգրել էին: Ջոզեֆի և Էմմայի առաջին երեք երեխաները մահացան ծնվելու առաջին իսկ ժամերին: 1831թ. նրանք որդեգրեցին երկվորյակներ, որոնցից մեկը` տղան, մահացավ մեկ տարեկան չդարձած: Հաջորդող 12 տարիների ընթացքում Էմման ունեցավ վեց որդի, որոնցից չորսը ողջ մնացին, նրանցից ամենափոքրը ծնվեց Ջոզեֆի մահից հինգ ամիս անց:

Կրոնական վերածննդի ժամանակահատվածում Նյու Յորք նահանգում տիրող խառնաշփոթի մեջ, որտեղ նա ապրում էր 1820թ., 14-ամյա Ջոզեֆը Նոր Կտակարանում կարդաց մի հատված և գնաց անտառ աղոթելու:Նա գրում է, որ Աստված և Հիսուս Քրիստոսը հայտնվեցին իրեն: «Իմ գլխավերևում ես տեսա արևի պայծառությունը գերազանցող լույսի մի սյուն,- գրել է նա,- որն աստիճանաբար իջնում էր ցած, մինչև որ ընկավ ինձ վրա»: Այդ լույսի մեջ նա տեսավ երկու անձնավորություն: Նրանցից մեկը խոսեց դիմելով Ջոզեֆին անունով, և ասաց՝ մատնացույց անելով մյուսին. «Սա է Իմ Սիրելի Որդին: Լսի՛ր Նրան»: Եկեղեցու անդամներն այդ փորձառությունն անվանում են «Առաջին Տեսիլք»: Այն հավետ փոխեց Ջոզեֆ Սմիթին և դարձավ Վերջին Օրերի Սրբերի համար կենտրոնական ուսմունք: Այն երկրի վրա Հիսուս Քրիստոսի Եկեղեցու վերականգնման սկիզբը դրեց:

Ջոզեֆ Սմիթը թերևս քաջ հայտնի է Մորմոնի Գիրքը` Եվս մեկ վկայություն Հիսուս Քրիստոսի մասին» գրքի թարգմանությամբ: Եկեղեցու անդամները հավատում են, որ Ջոզեֆն առաջնորդվելով Նյու Յորքի Պալմիրագավառի մոտակայքում գտնվող բլրի մոտ, Մորոնի անունով հրեշտակից ստացել է հնագույն հիշատակարանը: Ոսկե թիթեղների վրա փորագրված այդ հիշատակարանը ներկայացնում էր Քրիստոսի ժամանակի Ամերիկյան մայրցամաքում ապրող մի ժողովրդի պատմություն: Ջոզեֆը թարգմանեց այդ թիթեղները 3 ամսվա ընթացքում, և Մորմոնի Գիրքն առաջինը հրատարակվեց Նյու Յորքում Ե. Բ. Գրանդինի կողմից 1830թ.:

Ծնված լինելով գյուղում, Ջոզեֆն աշխատել է որպես խմբագիր, ազատ ձեռներեց և գործարար: Եկեղեցու կազմավորման սկզբնական տարիներին Ջոզեֆը կազմակերպեց միջազգային միսիոներական ծրագիրը և հիմնեց մեր ժամանակների կանանց ամենամեծ կազմակերպություններից մեկն աշխարհում: Նա վերահսկեց երեք քաղաքների կառուցումը և ղեկավարեց երկու տաճարների շինարարությունը, միևնույն ժամանակ դիմակայելով տեղի ամբոխների կողմից ուժգնացած հալածանքներին, ովքեր, ի վերջո, Ջոզեֆի բնակեցրած բոլոր երեք քաղաքներից քշեցին Եկեղեցու անդամներին:

Քանի որ Սրբերի կրոնական և քաղաքացիական իրավունքները որպես Ամերիկայի քաղաքացիներ ոտնահարվում էին, չնայած ֆեդերալ կառավարությանը ուղղված նրանց բազմակի դիմում-բողոքներին, Եկեղեցու ղեկավարները 1844թ. հունվարին Ջոզեֆ Սմիթին հայտարարեցին որպես Միացյալ Նահանգների Նախագահի թեկնածու: Մայիսին Ջոզեֆը պաշտոնապես առաջադրվեց Իլինոյսի Նավուի լիագումարի կողմից: Նրա քաղաքական հենքը հանդիսանում էր հալածանքների դեպքում պետական միջամտություն` կրոնական և քաղաքացիական իրավունքները պաշտպանելու նպատակով: Դժբախտաբար, այդ նույն տարվա հունիսին Ջոզեֆը և նրա եղբայրը սպանվեցին ամբոխի կողմից, որը ընդհատեց Ջոզեֆի քաղաքական առաջախաղացումը:

Ջոզեֆը և նրա ավագ եղբայրը` Հայրումը, սպանվեցին 1844թ. հունիսի 27-ին 150-200 հոգանոց ամբոխի կողմից: Նրանք բանտարկվել էին Իլինոյսի բանտում խռովության և դավաճանության կեղծ մեղադրանքներով, հանձնվելով օրենքին: Ջոզեֆը 38 տարեկան էր, իսկ Հայրումը` 44: Հունիսի 28-ին Ջոզեֆի և Հայրումի մարմինները դրվեցին ի տես 10 000 սգացողների, իսկ հաջորդ օրը նրանց գաղտնի թաղեցին` ամբոխների կողմից հետագա հարձակումներից կամ սրբապղծումներից խույս տալու համար:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին այսօր ունի ավելի քան 14 միլիոն անդամ: Վերջին Օրերի Սրբերը մեծարում են Ջոզեֆ Սմիթին որպես մարգարե, ինչպես մեծարում են աստվածաշնչյան մարգարեներին, օրինակ` Մովսեսին և Եսայիային:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.