Նորություններ

Նախագահ Նելսոնը հոկտեմբերի Գերագույն համաժողովում. թող Աստված տնօրինի, ընդունեք ապագան, ապրեք «նոր բնականոն կյանքով»

Նորությունների թողարկում

        

«Աստված բոլոր ռասաների մարդկանց հավասար է սիրում», - ասել է նախագահ Նելսոնը։

Առաջ շարժվելով, հավատով ընդունելով ապագան, անհանգիստ ժամանակները հոգևորապես զարգանալու հնարավորություններ տեսնելով և ընտրելով, որ Աստված տնօրինի մեր կյանքում։ Սրանք կարևոր ուղերձներից էին, որոնցով Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը կիսվեց Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու 190-րդ կիսամյա համաժողովի ընթացքում:

Թեպետ նախագահ Նելսոնը ուրախություն հայտնեց, որ հնարավորություն ունենք և կարող ենք համաժողովին հավաքվել հեռակա կարգով, սակայն նա նաև իր ցավակցությունը հայտնեց բոլոր նրանց, ովքեր տուժել են շարունակվող COVID-19 համավարակի, բնական աղետների և այլ դժվարությունների պատճառով:

«Չնայած այդ ամենին, մեր Երկնային Հայրը և Նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, սիրում են մեզ։ Նրանք հոգ են տանում մեր մասին»,- ասել է նա։ «Նրանք և նրանց սուրբ հրեշտակները հսկում են մեզ»։

Նախագահ Նելսոնը հավելեց, որ չնայած աշխարհում տիրող խառնաշփոթին, մենք կարող ենք ուրախությամբ նայել ապագային, երբ դառնանք դեպի մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսը:

«Եկեք տեղում չդոփենք երեկվա հիշողությունների մեջ: Իսրայելի հավաքումն առաջ է շարվժում։ Տեր Հիսուս Քրիստոսն առաջնորդում է Իր Եկեղեցու գործերը, և այն կհասնի իր աստվածային նպատակներին»:

Պատրա՞ստ եք, որ Աստված տնօրինի ձեր կյանքը:

Համաժողովի կիրակի առավոտյան նիստի ժամանակ նախագահ Նելսոնն ուսուցանեց Իսրայելի հավաքման մասին, և այն մասին թե ինչպես է դա կախված մեր պատրաստակամությունից, որպեսզի թույլ տանք, որ Աստված առավելագույնս ներգործի մեր կյանքում:

«Հոգևոր գոյատևման միակ միջոցն է՝ վճռել թույլ տալ, որ Աստված տնօրինի մեր կյանքը, սովորել լսել Նրա ձայնը և օգտագործել մեր եռանդը` օգնելով Իսրայելի հավաքմանը»,- ասել է նա։

Ելույթի ընթացքում նախագահ Նելսոնը կրկնել է, որ Աստված սիրում է իր բոլոր զավակներին և ընդգծել է, որ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցում ռասիզմը չի կարելի հանդուրժել:

Վստահեցնում եմ ձեզ, որ Աստծո առաջ ձեր դերը չի որոշվում ձեր մաշկի գույնով: Աստծո կողմից հավանության արժանանալը կախված է Աստծո և Նրա պատվիրանների հանդեպ ձեր նվիրվածությունից, և ոչ թե ձեր մաշկի գույնից»։

Երբ Նախագահ Նելսոնը Սրբերին ուսուցանում էր, թե ինչպես կարող են նրանք մասնակցել Աստծո զավակների հավաքմանը, որը տեղի է ունենում հենց հիմա, նա հղեց այս մարգարեական հրավերը.

«Երբ հաջորդ վեց ամիսների ընթացքում դուք ուսումնասիրեք ձեր սուրբ գրությունները, խրախուսում եմ, որ կազմեք այն ամենի ցուցակը, որ Տերը խոստացել է անել ուխտի Իսրայելի համար: ․․․ Խորհեք այս խոստումների շուրջ: Դրանց մասին խոսեք ձեր ընտանիքների և ընկերների հետ։ Հետո ապրեք ու հետևեք, թե այդ խոստումներն ինչպես են կատարվում ձեր իսկ կյանքում»։


Հավատքով ընդունեք ապագան

Կանանց նիստի ժամանակ ելույթ ունենալով կանանց և 11-ից բարձր տարիքի երիտասարդ կանանց առջև, նախագահ Նելսոնն իր սերն ու շնորհակալությունը հայտնեց բոլոր նրանց, ովքեր ամեն ինչ արել են այս դժվարին պայմաններում առօրյա հերոսներ լինելու համար: Նա նաև հիշեցրեց նրանց Տիրոջ խոստման մասին, որ «եթե պատրաստ լինեք, դուք չեք վախենա» (Վարդապետություն և Ուխտեր 38.30) և հորդորեց բոլորին քայլեր ձեռնարկել՝ նյութապես, հոգևորապես և հուզական առումով ավելի պատրաստված լինելու համար:

Նա կիսվեց երեք սկզբունքներով․

Ստեղծել պաշտպանության վայրեր

Պատրաստել ձեր միտքը՝ հավատարիմ լինելու Աստծուն

Երբեք չդադարել նախապատրաստվել

Նախագահ Նելսոնն ուսուցանել է․ «Մենք առավելագույնս պաշտպանվում ենք այն ժամանակ, երբ մոտենում ենք Երկնային Հորը և Հիսուս Քրիստոսին: Առանց Աստծո կյանքը վախով լի կյանք է: Աստծո հետ կյանքը խաղաղությամբ լի կյանք է»:

Ապրեք «նոր բնականոն կյանքով»

Իր եզրափակիչ կիրակի ցերեկային նիստի ելույթի ժամանակ, նախագահ Նելսոնը նշեց, որ այսօրվա աշխարհում մենք հաճախ ենք լսում «նոր բնականոն կյանք» եզրույթը: Բայց նա հրավիրեց Հիսուս Քրիստոսի աշակերտներին ընդունել «նոր բնականոն կյանքը», որի ժամանակ մարդն իր սիրտը դարձնում է դեպի Աստված, ամեն օր ապաշխարում է, սպասավորում ու ծառայում է մերձավորներին, պահում է հավերժական հեռանկարը և ամեն օր ապրում է, որպեսզի ավելի պատրաստված լինի Աստծուն հանդիպելու ժամանակ։

Նախագահ Նելսոնը հայտարարեց վեց նոր տաճարների կառուցման ծրագրերի մասին, նախքան նա կավարտեր համաժողովը խաղաղության օրհնությամբ․

«Ես օրհնում եմ ձեզ, որ լցվեք Տեր Հիսուս Քրիստոսի խաղաղությամբ: Նրա խաղաղությունը վեր է բոլոր մարդկանց հասկացողությունից: Ես ձեզ օրհնում եմ Աստծո օրենքներին հնազանդվելու մեծ ցանկությամբ և ունակությամբ»: Նա շարունակել է․ «Ես խոստանում եմ, որ դրա շնորհիվ ձեր վրա կտեղան օրհնություններ, այդ թվում՝ ավելի մեծ քաջություն, անձնական հայտնության ավելացում, ձեր տներում ավելի սիրառատ ներդաշնակություն և ուրախություն, նույնիսկ՝ անորոշության պայմաններում»:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.