Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ձգտում է հոգ տանել կարիքի մեջ գտնվող Աստծո զավակների մասին, որոնց թիվը շարունակաբար աճում է: 2023 թվականին բարօրության, ինքնապահովման, մարդասիրական օգնության և կամավոր ծառայության այս աշխատանքի համար ավելացող ծախսերը կազմել են ավելի քան 1,3 միլիարդ ԱՄՆ դոլար և 6,2 միլիոն ժամ կամավոր աշխատանք:
Ինչպես մանրամասն տրված է 2023 թվականի՝ «Հոգ տանել կարիքավորների մասին» ամփոփագրում, Եկեղեցու 4119 մարդասիրական ծրագրերը օրհնել են մարդկանց՝ 191 երկրներում և տարածքներում:
«Որպես Հիսուս Քրիստոսի հետևորդներ՝ մենք դա համարում ենք և՛ պարտականություն, և՛ ուրախալի արտոնություն»,- ասվում է Առաջին Նախագահության ամփոփագրում: «Մենք երախտագիտությամբ ընդունում ենք ժամանակի և միջոցների անձնուրաց ներդրումը Եկեղեցու անդամների, ընկերների և այլ վստահելի կազմակերպությունների կողմից, որոնք հնարավորություն են տալիս այս աշխատանքին առաջադիմել և ընդլայնվել»:
Համաշխարհային օգնության ծրագրերը ներառում էին՝ 921 ծրագիր կանանց և երեխաների համար, 601 ծրագիր՝ առողջապահության համար, 530 ծրագիր՝ սննդի անվտանգության համար, 415 ծրագիր՝ շտապ օգնության համար, 374-ը՝ անօթևանների համար և 206-ը՝ մաքուր ջրի համար: JustServe-ը ուներ գրեթե 120000 նոր գրանցված օգտատերեր և ստեղծվեցին ավելի քան 17500 նոր JustServe նախագծեր: Իսկ մոտ 11360 բարօրության և ինքնապահովման միսիոներներ Եկեղեցու բազմահազար անդամների հետ միասին կամավորական ծառայություն են մատուցել:
«Մենք երախտապարտ ենք մասնագիտական կազմակերպությունների հետ աշխատելու հնարավորության համար, որոնք համահունչ են կարիքավորներին հոգալու մեր տեսլականին»,- ասաց Եկեղեցու Նախագահող եպիսկոպոս Ժերալդ Կաուսեն: «Մեր համագործակցություններն օգնում են մեզ ընդլայնել մեր ջանքերի ազդեցությունն ամբողջ աշխարհում, երբ մենք հետևում ենք մեր մերձավորին սիրելու և ծառայելու Հիսուս Քրիստոսի օրինակին»:
43 էջանոց ամփոփագիրը հասանելի է 17 լեզուներով Caring.ChurchofJesusChrist.org կայքում: Ամփոփագրում թվարկված նախագծերից շատերը հնարավոր են դարձել՝ համագործակցելով այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են՝ WaterAid-ը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Պարենի համաշխարհային ծրագիրը (WFP), Water for People-ը, ShelterBox-ը և այլն:
2023 թվականին Եկեղեցու համաշխարհային մարդասիրական ջանքերը շարունակեցին ընդլայնվել: Օգոստոսին Եկեղեցին խոստացավ 44 միլիոն դոլար տրամադրել 30 երկրների երեխաներին օգնելու համար՝ աջակցելով տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող սովից ազատվելու համապարփակ համաշխարհային նախաձեռնություններին: Ավելի ուշ՝ նոյեմբերին, Եկեղեցին նախաձեռնեց մի ծրագիր, որը ղեկավարվում էր Սփոփող Միության կողմից, որի նպատակն էր բարելավել մինչև 5 տարեկան երեխաների և նրանց մայրերի առողջությունն ու զարգացումը: Որպես այս նախաձեռնության մաս՝ նախագահ Քամիլ Ն. Ջոնսոնն այցելեց Ֆիլիպիններում գտնվող այն վայրերը, որտեղ երեխաները հետազոտվում էին թերսնման բացահայտման համար, իսկ ծնողները վերապատրաստում և աջակցություն ստանում սննդակարգի բազմազանեցման կարևորության վերաբերյալ:
«Մենք ցանկանում ենք հզորացնել ընտանիքները», - ասաց Սփոփող միության գերագույն նախագահ Քամիլ Ն. Ջոնսոնը: «Շատ դեպքերում սիրող ծնողները չունեն գիտելիքներ՝ իրենց երեխաներին համապատասխան սնունդով ապահովելու համար։ Ավելի մեծ հասկացողությամբ և միջոցներով նրանք ավելի լավ պատրաստված են փոփոխություններ կատարելու համար, որոնք կարող են երկարատև ազդեցություն ունենալ»:
Լուսավորեք աշխարհը (Light the World) նախաձեռնության ավտոմատները (Giving Machines) Եկեղեցու կողմից կարիքավորներին տրվող օգնության մեկ այլ ուշագրավ օրինակ են: Այս նպատակային ավտոմատները հնարավորություն են տալիս անհատներին գնել այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են՝ սնունդը կամ պատվաստումները նրանց համար, ովքեր դժվարությունների են հանդիպում ամբողջ աշխարհում: Նոյեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում մոտավորապես 600000 մարդ այցելել է Giving Machines-ը Ավստրալիայում, Կանադայում, Գվատեմալայում, Մեքսիկայում, Նոր Զելանդիայում, Ֆիլիպիններում և Միացյալ Նահանգներում՝ միասին նվիրաբերելով 10,4 միլիոն դոլար:
Հիսուս Քրիստոսի Եկեղեցին իր օրհնությունները ընդլայնել և տարածել է նաև այլ տարբեր ձևերով: Հավատքի համայնքը 8,7 միլիոն դոլար է հատկացրել Ամերիկյան Կարմիր Խաչին՝ օգնելով ձեռք բերել կենսաբժշկական սարքավորումներ, արյան դոնորության շարժական կենտրոններ և ծրագրեր՝ օգնելու աֆրիկյան ծագում ունեցող մարդկանց, որոնք առնչվում են մանգաղաբջջային սակավարյունություն գենետիկ հիվանդության հետ: Բացի այդ, Եկեղեցին 3 միլիոն դոլար է հատկացրել Աֆրիկայում մալարիայի դեմ պատմական պատվաստման արշավին աջակցելու համար:
Հետագա նվիրատվությունները ուղղվեցին նմանատիպ նախաձեռնություններին, ինչպիսիք են՝ ջերմոցները Բոսնիայում, տաք հագուստ Չիկագոյի բնակիչների համար, առողջապահություն Գանայում, հաշմանդամի սայլակները Գվատեմալայում, աֆրոամերիկյան դպրոցը Լուիզիանայում, հրդեհաշիջումը Մաուիում, նորածինների առողջությունը և փոթորիկներից օգնությունը Մեքսիկայում, ապաստան անօթևաններին՝ Մոնրեալում, պրոթեզավորման արհեստանոց՝ Հարավային Աֆրիկայում, մաքուր ջրի հորատանցքեր՝ Գամբիայում և դպրոցի հիմնումը Զամբիայում՝ ի թիվս բազմաթիվ այլ ազդեցիկ նախաձեռնությունների:
Հիսուս Քրիստոսի Եկեղեցին նաև հավատարիմ է մնում Մարգարե և Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի կողմից առաջադրված տեսլականի իրականացմանը՝ Գունավոր մարդկանց առաջընթացի ազգային ասոցիացիայի (NAACP) հետ համագործակցությամբ: Հատուկ նախաձեռնություններից մեկը, որը շարունակվել է 2023 թվականին, ներառում է Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքում նորածիններին և մայրերին աջակցության ցուցաբերումը:
MyBaby4Me ծրագիրը, որը մեկնարկել է 2022 թվականի նոյեմբերին, նպատակ ունի նվազեցնելու մանկական մահացության մակարդակը։ Հատկանշական է, որ քաղաքի 38126 փոստային կոդի տարածքը բախվում է ԱՄՆ-ում մանկական մահացության ամենաբարձր ցուցանիշներից մեկին:
2023 թվականի ամփոփագիրը խրախուսում է Վերջին Օրերի Սրբերին և հավատքի ընկերներին ծառայել ուրիշներին իրենց համայնքում՝ բացահայտելով կարիքները, կառուցելով հարաբերություններ, կազմելով ծրագրեր և կիսվելով փորձով: Ամփոփագրի յուրաքանչյուր բաժին ունի՝ «Ի՞նչ կարող եմ անել» հիմնական հարցը, որն օգնում է մարդկանց գործել:
«Մենք հավատք և վստահություն ունենք Իր բոլոր զավակների համար ունեցած Աստծո սիրո հանդեպ», - ասաց Առաջին Նախագահությունը: «Ամենուր կան լավ մարդիկ, որոնք օգնում են իրականացնել Աստծո փրկության գործը, երբ նրանք հոգ են տանում իրենց մերձավորների մասին և մխիթարում են նրանց՝ իրենց կարիքի ժամանակ: Մենք բոլորին հրավիրում ենք միանալ մեզ, մինչ մենք սիրով ձեռք ենք մեկնում և ծառայում միմյանց, և մենք աղոթում ենք, որ Տերը շարունակի օրհնել այս մեծ աշխատանքը»:
Կարդացեք 2023 թվականի ամփոփագիրը՝ «Հոգ տանել կարիքավորների մասին»: (Միայն անգլերեն)