Նորություններ

Ի հիշատակ նախագահ Ռասսել Մ. Նելսոնի կյանքի

Ընտանիքն ու ղեկավարները հիշում են նրան որպես՝ «բժիշկ սիրելի»:

Խորին վշտով հայտնում ենք, որ  2025 թվականի սեպտեմբերի 27-ին` ԼՑԺ (MDT) ժամանակով ժամը 22:00-ից քիչ անց, Սոլթ Լեյք Սիթիի իր տանը խաղաղությամբ մահացել է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու սիրելի նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը: Նա 101 տարեկան էր ՝ Եկեղեցու պատմության մեջ ամենատարեց նախագահը։

Նախագահ Նելսոնը առաքյալ է կանչվել 1984 թվականի ապրիլի 7-ին: Նա Եկեղեցու ղեկավար է դարձել 2018 թվականի հունվարի 14-ին։ Նրա՝ մարգարե լինելու տարիները հավերժ կհիշվեն որպես համաշխարհային սպասավորոթյան ժամանակաշրջան (նա այցելել է 32 երկիր և ԱՄՆ-ի տարածքներ), տաճարների շինարարության աճի ժամանակաշրջան (200 նոր տաճարների հայտարարություն) և մեծ փոփոխությունների ժամանակաշրջան: 2018 թվականի ապրիլի գերագույն համաժողովից ի վեր, երբ հաստատվեց որպես ավագ առաքյալ, նախագահ Նելսոնը սկսեց հաճախակի ճշգրտումներ կատարել, որոնք նպատակ ունեին օգնելու Սրբերին սպասավորել ավելի շատ Հիսուս Քրիստոսի նման և ավելի լավ ընդգծել աշխարհի Փրկիչի կենտրոնական դերը Եկեղեցու բոլոր գործերում: Նրա մահախոսականի հետագա բաժինները մանրամասնորեն նկարագրում են որպես նախագահ՝ նրա կատարած ճամփորդությունները և նրա իրականացրած բազմաթիվ փոփոխությունները:

Եկեղեցում լիաժամկետ ծառայության կանչվելուց առաջ նախագահ Նելսոնը սրտի վիրաբույժ էր, որին պատվում և հարգում էին ամբողջ աշխարհում։ 1955 թվականին նա կատարեց սրտի առաջին բաց վիրահատությունը Յուտայում: Նա ծառայել է որպես Անոթային վիրաբուժության միության նախագահ, Կրծքավանդակի վիրաբուժության ամերիկյան խորհրդի նախագահ, Ամերիկյան սրտաբանների ընկերության սիրտանոթային վիրաբուժության խորհրդի նախագահ և Յուտա նահանգի բժշկական ընկերության նախագահ: Նա բազմաթիվ գլուխների հեղինակ է բժշկական դասագրքերում և այլ հրատարակությունների աշխատություններում: Նա դասախոսություններ է կարդացել և մասնագիտական այցեր է կատարել Միացյալ Նահանգների և այլ ազգերի բազմաթիվ կազմակերպություններ: Նա նաև տիրապետում էր 11 լեզվի:

«Նա ամենամեղմ ու ամենահաճելի մարդն էր, ում հետ երբևէ կցանկանայիք շփվել»,- ասել է նախագահ Դալլին Հ. Օուքսը:

«Բոլորս, ովքեր աշխատել ենք Ռասսել Մ. Նելսոնի հետ և շատերը, ում նա ուսուցանել և ում հետ շփվել է, զարմանում էինք նրա արտասովոր համեստության վրա, որ ուներ այդքան մեծ ձեռքբերումներ ունեցող մարդը»,- ասել է նախագահ Դալլին Հ. Օուքսը, ով նախագահ Նելսոնի հետ 1984 թվականի նույն օրը ծառայության էր կանչվել Տասներկու Առաքյալների Քվորում և ծառայել էր որպես նախագահ Նելսոնի առաջին խորհրդական Առաջին Նախագահությունում: Եվ [մենք] զարմանում էինք նրա մեղմ բնավորության վրա: Նա ամենամեղմ ու ամենահաճելի մարդն էր, ում հետ երբևէ կցանկանայիք շփվել: Եվ նա միշտ կհիշվի այդպիսին»:

Նախագահ Նելսոնի կինը՝ Վենդին, նրա 10 երեխաներից ութը, 57 թոռներն ու 167-ից ավել ծոռները շարունակում են իրենց երկրային կյանքը:

Նոր Կտակարանի առաքյալների նման՝ Վերջին Օրերի Սուրբ առաքյալները կանչված են որպես Հիսուս Քրիստոսի հատուկ վկաներ: Նախագահ Նելսոնը մեկն էր այն 15 տղամարդկանցից, ովքեր օգնում էին վերահսկել ամբողջ Եկեղեցու աճն ու զարգացումը, որի անդամների թիվ այսօր այսօր գերազանցում է 17 միլիոնը:

Եկեղեցու Տասներկու Առաքյալների Քվորումը պաշտոնապես իրավահաջորդ կընտրի նախագահ Նելսոնի թաղումից հետո (մանրամասներն ընթացքի մեջ են):

«Բժիշկ սիրելի», ով միաձուլեց բժկությունն ու հավատը

Nelson with heartDownload Photo

Անսպասելի է, երբ առաքյալը աշխարհահռչակ սրտի վիրաբույժ է, որը նախագահ Նելսոնի մասնագիտությունն էր, երբ նա կանչվեց Եկեղեցում լիաժամկետ ծառայության: Բայց սրտերը ֆիզիկապես և հոգևորապես բուժելը բացառիկ գործելակերպ չէ Հիսուս Քրիստոսի աշակերտների համար բոլոր ժամանակներում։ Նոր Կտակարանի Ղուկաս ավետարանիչը որոշակի հեղինակության բժիշկ էր. իսկապես, Պողոս Առաքյալը, որի հետ նա ճամփորդում էր որպես միսիոներ, նրան անվանում էր «բժիշկ սիրելի» (Կողոսացիս 4.14):

Որպես բժիշկ, նախագահ Նելսոնը, թերևս, առավել հայտնի էր սրտի և թոքերի արհեստական ​​սարքի մշակման գործում իր մասնակցությամբ, որն իր չափսերով բավականաչափ փոքր էր վիրաբուժական սենյակում գործելու համար: Դա հնարավոր դարձավ իր առաջին կնոջ՝ Դանցելի անգնահատելի աջակցության և քաջալերանքի շնորհիվ․ դա մի ձեռքբերում էր, որը բարձրացրեց նրա գնահատանքը կյանքի պարգևի հանդեպ: «Կարծում եմ, որ վիրաբույժը մի եզակի կոչում է, երբ կարելի է հասկանալ Աստծո ամենամեծ ստեղծագործություններից մեկը՝ մարդու մարմինը», - ասել է նա: «Մարմնի յուրաքանչյուր հատված իմ մեջ հավատք է արթնացնում»:

Կյանքի հանդեպ ակնածանքը նախագահ Նելսոնի մեջ սերմանել է բժշկության հանդեպ հոգևոր մոտեցում: Վարդապետություն և Ուխտերում տեղ գտած նրա սիրելի հատվածն առաջնորդում էր նրա գործողություններն ինչպես վիրահատարանում, այնպես էլ դրանից դուրս. «Եվ եթե մենք ինչ-որ օրհնություն ենք ստանում Աստծուց, դա այն օրենքին հնազանդվելով է, որի վրա հիմնված է այն» (Վարդապետություն և Ուխտեր 130.21):

«Այլ կերպ ասած, - ասել է Նախագահ Նելսոնը, - դուք օրհնություն չեք ցանկանում, դուք աշխատում եք օրհնության համար և այն հնարավոր եք դարձնում:  Իմ թիմին, ում հետ աշխատում էի, ես հաճախ հետևյալն էի ուսուցանում. այս հիվանդն աղոթում է առողջության համար, և նրա ընտանիքն է աղոթում առողջության համար: Բոլոր այդ աղոթքները գեթ մի փոքր օգտակար չեն լինի, եթե դուք նույնիսկ մեկ սխալ թույլ տաք, այնպես որ պետք է կատարելապես կատարեք ձեր գործը, որպեսզի այս հիվանդը ստանա իր այդքան ցանկալի օրհնության հնարավորությունը»:

Իր ամուսնության առաջին 12 տարիների ընթացքում նա ուսանում էր բժշկական համալսարանում։ 22 տարեկանում նա ավարտեց Յուտայի համալսարանի բժշկական բաժինը, որից հետո անցավ պրակտիկա և մի քանի տարի սովորեց օրդինատուրայում Մինեսոտա և Մասաչուսեթս նահանգներում, որից հետո երկու տարի զինվորական ծառայություն անցավ Վաշինգտոն Կ. Տ. և արտերկրում և պաշտպանեց իր դոկտորական դիսերտացիան: Մինեսոտայի համալսարանում հետազոտական աշխատանքի հանդեպ մեծ հետաքրքրությունը, ի վերջո, հանգեցրեց նրա կողմից սիրտ-թոքային շրջադարձային սարքի ստեղծմանը: Ավելի ուշ նա աշխատել է վիրաբուժության հետազոտող պրոֆեսոր, ապա որպես Կրծքավանդակի վիրաբուժության օրդինատուրայի ղեկավար՝ Յուտայի Համալսարանում, ինչպես նաև Կրծքավանդակի վիրաբուժության բաժանմունքի խորհրդի նախագահ՝ Սոլթ Լեյք Սիթիի ՎՕՍ հիվանդանոցում:

russell-m.-nelsonDownload Photo

1955 թվականին նախագահ Նելսոնը կատարել է սրտի առաջին բաց վիրահատությունը Յուտայում, իսկ իր կարիերայի ընթացքում նա կատարել է ավելի քան 7000 վիրահատություն: Նրա առավել ուշագրավ վիրահատություններից մեկը տեղի ունեցավ 1972 թվականին, երբ բժշկության և հավատքի հանդեպ նախագահ Նելսոնի ունեցած սերը միաձուլվեց, երբ նրան խնդրեցին բարձր ռիսկային վիրահատություն կատարել Սպենսեր Վ. Քիմբալին, որն այդ ժամանակ Եկեղեցու ավագ առաքյալ էր: Նախագահ Նելսոնը ծառայում էր Եկեղեցու կիրակնօրյա դպրոցի գերագույն նախագահ և միևնույն ժամանակ շարունակում էր իր աշխատանքը՝ որպես սրտի վիրաբույժ: Վիրահատությունից առաջ նրան քահանայության օրհնություն տրվեց, որը նրա կարծիքով, ազդեց արդյունքի վրա:

«Դա նման էր մի երաժշտի, ով նվագում էր դաշնամուրի կոնցերտ՝ առանց որևէ սխալ թույլ տալու, կամ բեյսբոլի գնդակ նետողի, ով իրար հետևից ինը ճիշտ հարված էր խփում», - ասել է նա: «Այդ երկար և բարդ վիրահատությունն անցավ առանց որևէ սխալի: Եվ վիրահատության ավարտին, երբ նրա սիրտն ուժեղ թրթռաց, ես գիտեի, որ նա կապրի: Եվ երբ մենք կարում էինք նրա կուրծքը, ես զգում էի, որ այդ մարդը կապրի, որպեսզի դառնա Եկեղեցու նախագահ»:

Սպենսեր Վ. Քիմբալն իսկապես դարձավ Եկեղեցու նախագահ և ապրեց ևս 13 տարի:

«[Նախագահ Նելսոնն] իր բժշկական պատրաստության շնորհիվ շատ լավ էր հասկանում առողջական խնդիրները, որոնք ծագում են բարձրագույն իշխանավորների մոտ», - ասել է նախագահ Օուքսը: Եվ նա մեզ ուշագրավ տվյալներ էր տալիս այն մասին, թե ինչ է նշանակում այդ տեսակի ախտորոշումը, որն է հեռանկարը, և որոնք են այդ որոշակի ախտորոշման գործնական հետևանքները»:

Կյանքը Դանցելի հետ

Նախագահ Նելսոնը միշտ ձգտում էր անել ամեն ինչ, որ կատարեր իր առջև դրված խնդիրը։ Մանուկ հասակում նրա ուշադրությունը գրավել էր ոչ թե բուժական, այլ բեմական արվեստը: Նա տենոր էր մրցանակակիր քառյակում և մյուզիքլում խաղում էր գլխավոր դերում, երբ սովորում էր Յուտայի համալսարանի առաջին կուրսում: Իրականում, երաժշտության հանդեպ նրա սերը ստիպեց նրան սիրել իր կյանքը։

Russell-and-DantzelDownload Photo

Նա հիշում է, որ մի անգամ գալով ներկայացման փորձին, նա բեմի վրա լսեց մի սոպրանո: «Նա շշմեցուցիչ էր», - հիշում է նախագահ Նելսոնը: «Նրա ձայնը հրաշալի էր, և ես ասացի. «Ո՞վ է նա»: Երաժշտական ղեկավարը պատասխանեց. «Դա Դանցել Ուայթն է: Նրա հետ դու կերգես այս ներկայացման ժամանակ»: Նախագահ Նելսոնն ասել է. «Այդ պահից ի վեր մենք այլևս ոչ մեկի հետ չենք ժամադրվել»:

Երաժշտությունը դարձավ նրանց համատեղ կյանքի առանցքը: Նելսոնների տանը, իրենց ամուսնության սկզբում 100 դոլարից էժան օգտագործված դաշնամուր գնելուց հետո, միշտ հնչում էր երաժշտությունը: Որպես բժիշկ աշխատելու տարիներին նախագահ Նելսոնը առավոտյան արթնանում էր՝ դաշնամուր նվագելու և սուրբ գրությունները ուսումնասիրելու համար: Նրա խոսքերով այդ երկուսի համատեղումը հոգևոր ներգործություն ունեցավ իրենց ընտանիքի վրա։

Ինչպես շատ երիտասարդ ամուսնական զույգեր, Նելսոնները միասին էին աշխատում, որպեսզի ծայրը ծայրին հասցնեն, և դա միշտ չէ, որ հեշտ էր: Նախագահ Նելսոնը հիշում է, որ իր կնոջ հետ մի գիշեր Բոստոնի փողոցներում քայլելիս, (այդ ժամանակ ունեին չորս երեխա), երբ նրա կինը քիթը սեղմեց կահույքի խանութի ցուցափեղկին և հարցրեց. «Սիրելիս, ի՞նչ ես կարծում, երբևէ կկարողանա՞նք ջահ գնել»: Այդ ժամանակ նախագահ Նելսոնը ասաց, որ իրենք հիշեցին Մատթեոս 6․33-ի հատվածը, որում ասվում է. «Բայց փնտրեք, նախ, Աստծո արքայությունը և նրա արդարությունը, և բոլոր այս բաները կտրվեն ձեզ»:

«Կարծում եմ, որ նրանք իսկապես միասնական էին», - հիշում է Գլորիա Նելսոն Իրիոնը՝ Նելսոնների 10 երեխաներից (ինը աղջիկ և մեկ տղա) երրորդը: «Նրանք լավ էին հոգ տանում միմյանց մասին և իսկապես վստահ էին միմյանց հանդեպ սիրո մեջ: Երբ հայրս աշխատանքից տուն էր գալիս կամ տուն էր մտնում դրսից, առաջին բանը, որ նա անում էր, գտնում էր մայրիկիս և գրկախառնությամբ ու համբույրով ողջունում էր … Նա մեզ ցույց տվեց, որ լավագույն արարքը, որ հայրը կարող է անել իր երեխաների համար, նրանց մորը սիրելն է»:

Nelson-familyDownload Photo

Դանցելը Նելսոնների տան սիրտն էր: Նախագահ Նելսոնն ասել է. «Նա եղել է իմ զուգընկերը, պարգևել է 10 գեղեցիկ զավակ և բոլոր այն հիանալի ոչ նյութական բաները, որ կինը կարող է տալ ամուսնուն, որպեսզի օգնի նրան ձգտել կատարելության և անձնուրացության»:

Նելսոն ընտանիքի երեխաները մեծից փոքր․ (փակագծերում ամուսինների անուններով) Մարշա Ն. Վորքման (Ռիչարդ Վորքման), Վենդի Ն. Մաքսֆիլդ (մահացել է 2019 թ., ամուսնացել է Նորման Ա. Մաքսֆիլդի հետ), Գլորիա Ն. Իրիոն (Ռիչարդ Ա. Իրիոն), Բրենդա Ն․ Մայլս (Ռիչարդ Լ․ Մայլս), Սիլվիա Ն․ Վեբսթեր (Դեյվիդ Ռ․ Վեբսթեր), Էմիլի Ն․ Վիթվեր (մահացել է 1995 թվականին, ամուսնացել է Բրեդլի Ի․ Վիթվերի հետ), Լորի Ն․ Մարշ (Ռիչարդ Մ․ Մարշ), Ռոզալի Ն. Ռինգվուդ (Մայքլ Տ. Ռինգվուդ), Մարջորի Ն․ Լաուդեր (Բրեդլի Ջ․ Լաուդեր) և Ռասսել Մ. Նելսոն (Բրիտնի):

Իր հերթին, նախագահ Նելսոնն իր երեխաների հետ ժամանակ էր անցկացնում բժշկական և եկեղեցական ծանրաբեռնված օրակարգով հանդերձ: Նա շատ էր ճամփորդում և ամեն անգամ իր հետ տանում էր ընտանիքի մի անդամի: Նա իր երեխաների հետ անցկացրած այդ ժամերը համարում էր իմաստուն ներդրում: «Այդ ուղևորություններն ինձ հնարավորություն տվեցին լսել նրանց խնդիրները և նրանց ձգտումները, պարզապես զրուցել իրար հետ և կիսվել գաղափարներով ու փորձով», - ասել է նա: Միջոցառումները, ինչպիսիք են՝ սուրբ գրությունների ընթերցումը, ընտանեկան աղոթքներն օրական երկու անգամ և շաբաթական ընտանեկան երեկոները, նույնպես օգնել են ընտանիքի միասնությանը:

«Ընտանիքի աճի հետ մեկտեղ նա կարևորեց այն, որ պետք է ներկա գտնվի յուրաքանչյուր կարևոր միջոցառման ժամանակ: Նա ներկա էր յուրաքանչյուր երեխայի օրհնության, մկրտության, քահանայության ձեռնադրման, միսիոներական հրաժեշտի [և] հարսանիքի ժամանակ», - ասել է Իրիոնը:

Ամուսնությունը Վենդի Լ Վաթսոնի հետ

Նախագահ Նելսոնը մեծապես հավատում էր, որ երջանիկ կյանքի գաղտնիքը ոչ թե մեր ունեցածն է, այլ Աստծո մասին ունեցած գիտելիքը: Մարդիկ «պետք է իմանան, որ Աստված ապրում է: Նրանք պետք է իմանան, որ Նա ծրագիր ունի իրենց համար: Եթե նրանք հետևեն այդ ծրագրին, նրանք ուրախություն կգտնեն, նույնիսկ, եթե դժվարությունները բերեն վիշտ, մարտահրավերներ, երբեմն՝ ցավ, տխրություն», - ասել է նա: «Եթե նրանք այդ հավատն ունենան Աստծո հանդեպ և կապ հաստատեն Նրա հետ, նրանք ուժ կգտնեն դիմակայելու փորձություններին, որոնք բերում է կյանքը: Ընթացքում նրանք մեծ ուրախություն կգտնեն»:

Նրա հոգևոր եռանդը փորձվեց, երբ 2005 թվականի փետրվարին անսպասելիորեն կյանքից հեռացավ նրա սիրելի Դանցելը: Կնոջ մահն էլ ավելի ամրապնդեց նրա հավատն ու նվիրվածությունը ընտանիքի հանդեպ:

2006 թվականի ապրիլյան գերագույն համաժողովի ժամանակ նախագահ Նելսոնը խոսեց ամուսնություններն ամրապնդելու անհրաժեշտության մասին:

«Ամուսնությունը ավելի մեծ հնարավորություններ է բերում երջանկության համար, քան որևէ այլ մարդկային փոխհարաբերություն»,- ասել է նա։ «Սակայն որոշ ամուսնացած զույգեր չեն հասնում իրենց լրիվ ներուժին: Նրանք թույլ են տալիս, որ իրենց սիրավեպը ժանգոտվի, միմյանց ըստ արժանվույն չեն գնահատում, թույլ են տալիս այլ հետաքրքրություններ կամ անտեսման ամպեր մշուշապատեն այն տեսլականը, թե իրենց ամուսնությունն իրականում ինչ կարող էր լինել:  Ամուսնություններն ավելի երջանիկ կլինեին, եթե ավելի խնամքով փայփայվեին»։

Այդ համաժողովից շատ չանցած նախագահ Նելսոնն ամուսնացավ Վենդի Լ. Վաթսոնի հետ: Ամուսնությունից առաջ ծնունդով Կանադայից քույր Նելսոնը 25 տարի աշխատել է ամուսնության և ընտանեկան թերապիայի պրոֆեսոր՝ վերջին 13 տարին Բրիգամ Յանգի համալսարանում:

Nelson SingaporeDownload Photo

Քույր Նելսոնը խոսել է ծոմապահության և աղոթքի հոգևոր պայքարի մասին, որը նա ունեցել է նախքան այդ ժամանակ երեց Նելսոնի հետ հարաբերություններ զարգացնելու որոշում կայացնելը: Նա ասել է, որ, ի թիվս այլ բաների, մեծ ընտանիք մուտք գործելը և կարիերայից կտրվելը հսկայական մարտահրավերներ էին իր համար:

«Մենք մտածում ենք. «Օ՜, դա Տիրոջ կամքն է: Դա նշանակում է, որ ամեն ինչ լինելու է շատ հեշտ, հիանալի և սքանչելի: Իսկ դրա փոխարեն ամեն ինչ դժվար էր»,- ասել է քույր Նելսոնը։ «Մենք տարբեր ակնկալիքներ ունեինք: Անկասկած, նա դեռ սգում էր Դանցելին: … Դա հսկայական փոփոխություն էր»:

«Մենք պարզապես սիրում էինք նրան», - ասել է Իրիոնը: «Նա մեծ օրհնություն է եղել հայրիկիս և մեր ընտանիքի համար և օգնել է խնամել նրան»:

«Պետք է ասեմ, որ նրա երեխաները հրաշալի էին», - ավելացրել է քույր Նելսոնը: «Ես ուզում էի լինել նրանց ընկերը, և նրանք իհարկե, իմ ընկերներն էին: Նրանք շատ հյուրընկալ էին: Թոռները սքանչելի են։ Իսկ հիմա [ծոռները] պարզապես ապշեցուցիչ են»:

2019 թվականին Ավստրալիա կատարած սպասավորման այցի ընթացքում նախագահ Նելսոնը Վենդիին նկարագրեց այսպես. «Նա բժիշկ է։ Նա գերոնտոլոգ է (ծերաբույժ): Նա ամուսնության և ընտանեկան թերապևտ է: Եվ նա իսկապես ուրախ կին է»։

Բազմալեզու մարգարե ազգերի համար

2019 թվականի աշնանը Լատինական Ամերիկայի մի շարք երկրներ կատարած այցելությունների ժամանակ մարգարեն մեծամասամբ խոսեց իսպաներենով, ինչը մեծ ուրախություն պատճառեց տեղի Վերջին Օրերի Սրբերին: Օրինակ՝ Պերուում նա իր ներածական ելույթն ունեցավ անգլերենով։ Հետո նա փոխեց լեզուն՝ ասելով. «Ձեր թույլտվությամբ ես կցանկանայի իսպաներեն խոսել ձեզ հետ»: Ամբոխը ծափահարեց ուրախությունից։

President-Nelson-in-PeruDownload Photo

«Ես մի անգամ նրա հետ էի, և նա զրույցի կեսից սկսեց ռուսերեն խոսել մի ռուսախոս մարդու հետ», - ասել է նախագահ Օուքսը: «Ես գիտեմ, որ նա բավականաչափ չինարեն սովորեց, որ մասնակցի Չինաստանում սրտի բաց վիրահատությանը՝ վիրաբուժական սենյակում ցուցումներ տալով չինարեն»:

Իրականում, նրա դուստրն ասել է, որ իր հայրը տիրապետում էր 11 լեզվի:

«Կարծում եմ, որ նա սիրում էր հանդիպել աշխարհասփյուռ մարդկանց», - ասել է Իրիոնը: «Նա սիրում էր տեսնել, թե նրանք ինչպես են ընդունում ավետարանը, դառնում Սրբեր և տեսնում փոփոխություն նրանց մեջ՝ տխրությունից՝ հույս և խավարից՝ լույս»:

Նա նաև կարևոր դեր ունեցավ կոմունիստական ​​շատ երկրներում Եկեղեցու ճանաչման գործում: «Նա անմիջական ականատեսն էր այնտեղ կատարված հրաշքների», - ասել է նրա դուստրը: «Նա արեց այն ամենը, ինչ կարող էր, իսկ մնացածը Տերն օգնեց ճանապարհի կեսին: Իրար հետևից բացվեցին դռները, որոնք նա երբեք չէր պատկերացնի»։

2018 թվականին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու ղեկավար դառնալուց հետո նախագահ Նելսոնը գրեթե բոլոր մայրցամաքներում հանդիպել է Վերջին Օրերի Սրբերի, կառավարության և կրոնական ղեկավարների հետ։ Նա ճամփորդել է 32 երկիր և Միացյալ Նահանգների տարածքներ:

Նա նաև զգալի ժամանակ է տրամադրել՝ իրար կապելով այլ հավատքի, խմբերի և ազգերի ղեկավարներին։ Առավել ուշագրավ էր 2019 թվականի մարտին Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ նրա հանդիպումը և «Գունավոր մարդկանց առաջընթացի ազգային ասոցիացիայի» (NAACP) հետ նրա շփումները:

Presidents-Nelson-and-Ballard-meets-with-the-PopeDownload Photo

«Մենք ունեցել ենք միանգամայն բարեկամական, անմոռանալի փորձառություն», - պատմել է նախագահ Նելսոնը Հռոմի պապի հետ իր այցի մասին: «Նորին Սրբությունը շատ բարեգութ, ջերմ ու հյուրընկալ էր: Ինչպիսի հաճելի, հիանալի մարդ է նա, և որքան բախտավոր է կաթոլիկ ժողովուրդը, որ ունի այսպիսի բարեգութ, մտահոգ, սիրող և ունակ ղեկավար»:

2018 թվականի մայիսին մարգարեն միացավ NAACP ղեկավարներին՝ ավելի մեծ քաղաքակրթության և ռասայական ներդաշնակության կոչով: Այնուհետև, 2019 թվականի հուլիսին, NAACP-ի ղեկավարները նախագահ Նելսոնին հրավիրեցին ելույթ ունենալ կազմակերպության տարեկան համագումարում, որն անցկացվում էր Դեթրոյթ քաղաքում: «Պարտադիր չէ, որ արտաքինով կամ բնութագրերով նման լինենք, որպեսզի սեր տածենք միմյանց հանդեպ։ Պարտադիր չէ, որ իրար հետ համաձայնվենք՝ իրար սիրելու համար»,- ասել է նախագահ Նելսոնը։ Նա կրկին հանդիպեց NAACP-ի ղեկավարների հետ 2021 թվականի հունիսին՝ հայտարարելու իրենց շարունակական համագործակցության հետ կապված կրթական և մարդասիրական նախաձեռնությունների մասին։

Մարգարեն հանդիպել է շատ ազգերի ղեկավարների հետ տարբեր երկրներ ճամփորդելիս: Դրանց մեջ են՝ Կամբոջայի, Կոլումբիայի, Ինդոնեզիայի, Նոր Զելանդիայի, Պերուի, Սամոայի, Տոնգայի, Վիետնամի և այլոց պետական պաշտոնյաները: Նա նաև ընդունեց տարբեր ղեկավարների Տաճարային հրապարակում, այդ թվում ՝ վիետնամական պատվիրակությանը, Կուբայի դեսպանին և Մուսուլմանական համաշխարհային լիգայի առաջնորդին:

Մարգարեն ամրապնդեց այս կամուրջներ կառուցելու ջանքերը՝ կոչ անելով Վերջին Օրերի Սրբերին լինել խաղաղարարներ, ովքեր «կառուցում, բարձրացնում, խրախուսում, համոզում և ոգեշնչում են՝ անկախ իրավիճակի դժվարությունից»։

«Եղբայրներ և քույրեր, մենք կարող ենք բառացիորեն փոխել աշխարհը՝ մեկ անձ և մեկ փոխազդեցություն մեկ քայլով։ Ինչպե՞ս։ Ցույց տալով, թե ինչպես կառավարել կարծիքների անկեղծ տարբերությունները փոխադարձ հարգանքի և արժանապատիվ երկխոսության միջոցով», - ասել է Նախագահ Նելսոնը։ «Եթե դուք լուրջ եք վերաբերվում Իսրայելի հավաքմանը օգնելուն և հարաբերություններ կառուցելուն, որոնք կտևեն հավերժություններ, հիմա ժամանակն է մի կողմ դնել դառնությունը։ Հիմա ժամանակն է դադարեցնել պնդել, որ միայն ձեր ուղին է ճիշտ, և բացի դրանից չկա այլ ուղի։ Հիմա է ժամանակը դադարեցնելու այն, ինչը ստիպում է ուրիշներին քայլել այնպիսի զգուշությամբ, որ ձեզ չվշտացնեն։ Հիմա է ժամանակը թաղելու ձեր պատերազմի զենքերը։ Եթե ձեր բանավոր զինանոցը լի է վիրավորանքներով և մեղադրանքներով, հիմա է ժամանակը դրանք մի կողմ դնել։ Դուք կբարձրանաք որպես Քրիստոսի հոգևոր ուժեղ տղամարդիկ և կանայք»։

2018 թվականին նախագահ Նելսոնի հետ ճամփորդելիս (ուղևորություն, որը ներառում էր կանգառ Երուսաղեմում) Տասներկու Առաքյալների Քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը նշել է նախագահ Նելսոնի համաշխարհային տեսլականը:

«Նա աշխարհի մարգարեն է և ունի այդ տեսակետը», - ասել է երեց Հոլլանդը: «Նա ունի այդ մարգարեական հեռատեսությունը: Մենք աջակցում ենք նրան որպես տեսանող և հայտնող, և նա նայում է ամբողջ աշխարհին»:

20210614_104517_Nilsson_LES_2470.jpgDownload Photo

Մարդ, ով փոխեց Եկեղեցին

Նախագահ Նելսոնը բազմաթիվ նշանակալից փոփոխություններ կատարեց։ Ինչպես նախկինում նշվեց, դրանցից յուրաքանչյուրը նախատեսված էր Հիսուս Քրիստոսի վրա ճշգրտորեն կենտրոնանալու համար:

«Նախագահ Նելսոն, չգիտեմ, թե այս շաբաթավերջին քանի «շտապ գործ» կարող ենք հաղթահարել։ Մեզանից ոմանք թույլ սրտեր ունեն։ Բայց երբ մտածում եմ այդ մասին, հիշում եմ, որ Դուք կարող եք հոգալ նաև այդ մասին։ Ի՜նչ մարգարե», - Երեց Հոլլանդ, ապրիլ 2018 թվական։

Մարգարեն ճշտեց այն եղանակը, որով աշխարհի Սրբերը սպասավորում միմյանց։ Նա բազմիցս շեշտեց Եկեղեցու ճիշտ անվան կարևորությունը: Նա փոխեց ավետարանի ուսուցման շեշտը, որը պետք է կենտրոնացած լիներ յուրաքանչյուր տանը և աջակցվեր Եկեղեցու կողմից: Նա փոխեց ԼԳԲՏ ծնողների երեխաների մկրտվելու վերաբերյալ քաղաքականությունը: Նա ճշգրտեց Եկեղեցու տաճարային երաշխավորագրի հարցազրույցի հարցերը, որպեսզի օգնի Եկեղեցու անդամներին ավելի խորը հասկանալ տաճարային երկրպագության նպատակը: Նա ներկայացրեց Եկեղեցու երեխաների և պատանիների նոր համաշխարհային երիտասարդական ծրագիրը: Նա հայտարարեց վկաների նոր քաղաքականությունը՝ կենդանի մկրտությունների, փոխարինող մկրտությունների և կենդանի ու փոխարինող կնքումների համար։ Նա թույլատրեց այն քաղաքականությունը, որ աշխարհով մեկ քաղաքացիական ամուսնությամբ ամուսնացած զույգերը առանց սպասելու ամուսնանան եկեղեցու տաճարներից մեկում: Նա վերակազմավորեց և համախմբեց քահանայության քվորումները և կազմակերպությունները չափահասների և երեխաների համար: Նա տարբեր փոփոխություններ մտցրեց միսիոներական քաղաքականության և ընթացակարգերի մեջ: Նա փոխեց Եկեղեցու խորհրդանիշը, որպեսզի ներառի հարություն առած և կենդանի Տեր Հիսուս Քրիստոսի նկարը: Եվ նա կարդաց աշխարհին ուղղված նոր հայտարարություն՝ Հիսուս Քրիստոսի ավետարանի լրիվության վերականգնման մասին:

«Ռալֆ Վալդո Էմերսոնի խոսքերով՝ կյանքի ամենահիշարժան պահերը նրանք են, երբ մենք հայտնության պոռթկում ենք զգում», -ասել է  երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը 2018 թվականի ապրիլյան գերագույն համաժողովի ավարտին, որում մարգարեն մի քանի ուշագրավ փոփոխություններ կատարեց: «Նախագա՛հ Նելսոն, չգիտեմ, թե այդպիսի քանի «պոռթկում» դեռ կունենանք այս շաբաթ: Մեզանից ոմանք թույլ սիրտ ունեն: Բայց իմ կարծիքով, դուք այդ մասին էլ կարող եք հոգ տանել: Ինչպիսի՜ մարգարե է»:

Բոլոր այս փոփոխությունները կատարվեցին, երբ Նախագահ Նելսոնը Վերջին Օրերի Սրբերին խրախուսեց անձնական առաջնորդություն ստանալ Աստծուց, ինչպես ինքը հայտնություն ստացավ Եկեղեցու համար: Նա և այլ ղեկավարներ բազմիցս ասել են, որ այս փոփոխությունները Հիսուս Քրիստոսի ավետարանի շարունակական Վերականգնման մաս են կազմում:

Վարպետ ուսուցիչ, ով հպվեց սրտերին

Նախագահ Օուքսը նախագահ Նելսոնին անվանել է վարպետ-ուսուցիչ: «Ես լսել եմ մեկնաբանություններ այն վիրաբույժներից, որոնց նա ուսուցանել է, թե որքան արդյունավետ է նա սովորեցնում նրանց վիրաբույժի գործը», - ասել է նախագահ Օուքսը: «Եվ ես տեսել եմ, երբ վարպետ-ուսուցիչը նույն կերպ է ուսուցանում Տիրոջ ծառաներին»:

Լինելով «բժիշկ սիրելի»՝ նախագահ Նելսոնը բառացիորեն հպվել է ֆիզիկական հիվանդություններով տառապող հարյուրավոր հիվանդների սրտերին: Որպես Հիսուս Քրիստոսի աշակերտ՝ նա խոսքով ու գործով սրտեր է բուժել։