Նորություններ

«Մահկանացու» հրեշտակները Սլովակիայում

Մարդասիրական ծառայության մեջ հրաշքները հաճախ տեղի են ունենում սովորական մարդկանց միջոցով։

Երեց Սքոթ և քույր Քելլի Կոզակները ավագ միսիոներական զույգ են, ովքեր ծառայում են Սլովակիայում և Լեհաստանում որպես Մարդասիրական օգնության տնօրեններ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու համար: Նրանք աշխատում էին օգնել Բրատիսլավայից մոտ 500 կիլոմետր դեպի արևելք գտնվող Կարոլով Դվոր քաղաքի (Սլովակիա) մերձակայքում ապրող գնչուների շատ աղքատ համայնքին՝ ձեռք բերել վառելափայտ, որպեսզի վերջիններս կարողանային ուտելիք պատրաստել և ջեռուցել իրենց համեստ կացարանները:

2023 թվականի փետրվարին Կոզակները տեղեկացրին, որ գնչուական գյուղի համար փնտրում են ու չեն կարողանում գտնել հարմար գնով մեծաքանակ վառելափայտ։ Փետրվարն էր, և դեռ սաստիկ ցուրտ էր։ Մարդիկ շատ շնորհակալ էին՝ ստանալով այն, ինչը կոչեցին «գորովագութ ողորմություն», երբ երկու բարի տղամարդիկ, որոնք իրենց կամ գնչուների համայնքի հետ կապ չունեին, օգնեցին լուծել այդ կենսական խնդիրը:

Աշխարհի շատ վայրերում գնչուները համարվում են վտարանդիներ, և շատերն ապրում են ծայրահեղ աղքատության մեջ, ինչպես այս գյուղի բնակիչները: Իրենց ժամանակավոր տները տաքացնելու և կերակուր պատրաստելու միակ միջոցը փոքր, փայտի վառարաններն են: Սակայն Սլովակիայում վառելափայտի գինն աճել է ավելի քան երկու անգամ։ Եվրոպայում էներգետիկ ճգնաժամի մտավախության պատճառով կենտրոնական Եվրոպայի շատ բնակիչներ մտադրվել են իրենց տները տաքացնել փայտով, իսկ Սլովակիան այդ փայտի հիմնական աղբյուրն է:

Գնչուները պարզապես չէին կարողանում գնել իրենց անհրաժեշտ փայտը։ Բարձր արժեքի և պահանջվող փայտի մեծ քանակի մարտահրավերին գումարվել էին հեռավորությունը և առաքման գինը, քանի որ գնչուական գյուղից մինչև փայտի մոտակա պահեստը երեք ժամ մեքենայի ճանապարհ էր:

Բայց ահա՛ «մեր միջից երկու հրեշտակ օգնության եկան», - հիշում է Երեց Կոզակը: Ջոզեֆ Մոլնար անունով մի նոր ընկերոջ հետ պատահական զրույցի ժամանակ Երեց Կոզակն ակնարկել է վառելափայտի խնդրի մասին: Ջոզեֆը խոստացել էր դիմել իր ընկերոջը՝ Ջոզեֆ Կարահուտային, ով փայտանյութի բիզնես ուներ։ Պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Կոզակները հանդիպեին Ջոզեֆին՝ նրա փայտանյութի պահեստի բակում՝ խոսելու այդ թեմայով։ Թեև նա ոչ թե վառելափայտի, այլ փայտանյութի առևտուր էր անում, Ջոզեֆը սիրալիր կերպով համաձայնեց հարմար գնով մատակարարել վառելափայտի մեծ խմբաքանակ, որը բավարար կլիներ գնչուական գյուղը ձմռան մնացած օրերին ապահովելու համար: Եվ ոչ միայն դա, այլ նաև պայմանավորվեցին, որ բեռը կառաքվի ընդամենը երեք օրում։ «Այս երկու տղամարդիկ բառիս բուն իմաստով հրեշտակներ էին, որոնք սփոփանքի հրաշք կազմակերպեցին ծայրահեղ կարիքի մեջ գտնվող մարդկանց համար», - ասել են Կոզակները:

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Տասներկու Առաքյալների քվորումից Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդն ուսուցանել է. «Ես վկայում եմ ինչպես երկնային, այնպես էլ մահկանացու հրեշտակների մասին: Երբ մենք խոսում ենք նրանց մասին, ովքեր գործիքներ են Աստծո ձեռքերում, մեզ հիշեցվում է, որ ոչ բոլոր հրեշտակներն են վարագույրի մյուս կողմում: Նրանցից մի քանիսի հետ մենք քայլում ենք և խոսում՝ այստեղ, այժմ, ամեն օր: Նրանցից մի քանիսը բնակվում են մեր շուրջը:

Կոզակները մեջբերում են․ «Մեր Երկնային Հայրը շարունակում է օրհնել մեզ ռեսուրսներով, որոնք անհրաժեշտ են մեր միսիայի հանձնարարությունը կատարելու համար՝ օրհնելու Աստծո զավակներին: Որոշ դեպքերում այդ ռեսուրսները Նրա մյուս զավակներից են»: Կոզակները Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու 50 լիաժամկետ միսիոներներից երկուսն են, ովքեր ծառայում են Եվրոպայում, իսկ՝ ավելի քան 200-ը ծառայում են ամբողջ աշխարհում այդ նույն ծառայության մեջ։ Նրանցից յուրաքանչյուրն իր փորձից կարող է ասել, որ երբ մենք հետևում ենք մեր մերձավորին սիրելու և ծառայելու Հիսուս Քրիստոսի հորդորին, Աստված հրաշքներ է շնորհում, իսկ երբեմն էլ՝ հրեշտակներ ուղարկում:

Շաբաթ, ապրիլի 8-ը, գնչուների միջազգային օրն է: Տոնը նշանավորում է գնչուների մշակույթը, պատմությունը, արվեստը և նրանց ներդրումը բազմաթիվ ազգերի համար: Այն նաև ընդլայնում է իրազեկվածությունը նրանց բազմաթիվ մարտահրավերների մասին: Ինչպես որոշ այլ էթնիկ փոքրամասնություններ, գնչուները դարեր շարունակ անտեսված և անբարենպաստ են եղել: Եվրոպայում գնչուների մոտավորապես 80%-ն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ, և Կարոլով Դվորի մերձակայքում ապրողները բացառություն չեն:

Միլիոնների հասնող գնչուների թիվը կազմում է Հունգարիայի, Ռուսաստանի, Սլովակիայի, Սերբիայի, Իսպանիայի և Ֆրանսիայի ընդհանուր բնակչության թվի մինչև 12%-ը (ճշգրիտ թիվ չկա): Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ծառայում է բոլոր մարդկանց՝ անկախ ռասայից, դավանանքից, մշակույթից կամ երկրից: 2022 թվականին Եկեղեցին Եվրոպայում ունեցել է 138 մարդասիրական ծրագիր, որոնցից օգտվել է ավելի քան 351,000 մարդ:

Պարզ ընկերական ողջույնը սկիզբ դրեց Երեց և Քույր Կոզակների ընկերությանը Ջոզեֆ և Լյուդմիլա Մոլնարների հետ: Երեց Կոզակը պատմում է. «Տերը գործում է խորհրդավոր եղանակներով: Ջոզեֆ և Լյուդմիլա Մոլնարները բնիկ սլովակներ են, բայց 10 տարի ապրել են ԱՄՆ-ում: Լյուդմիլան ճանաչեց քույր Կոզակի ամերիկյան առոգանությունը, երբ նրանք ողջունեցին միմյանց մեր բազմաբնակարան շենքի խանութում»: Մի քանի րոպե խոսելուց հետո նրանք հասկացան, որ երկու ընտանիքները ավելի քան 25 տարի առաջ ապրել են կողք կողքի Կալիֆորնիայի Իրվին քաղաքում: Նրանցից յուրաքանչյուրն ուներ որդի, ով այդ ժամանակ հոկեյ է խաղացել։ Երբ Իրվինում նոր սահադաշտ բացվեց, և՛ Երեց Կոզակը որդու հետ, և՛ Ջոզեֆն ու նրա որդին այդ սահադաշտի հանդիսավոր բացմանը ներկա էին և գուցե կանգնած լինեին միմյանց կողքին:

Քսանհինգ տարի անց նրանք վերջապես հանդիպեցին Սլովակիայում՝ Իրվինից 10600 կիլոմետր հեռու, որպեսզի «մահկանացու հրեշտակներ» և բարվոք ձմեռ պարգևեին Կարոլով Դվորի արվարձանում ապրող գնչուական համայնքին:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.