Թեմա

Տասներկու Առաքյալների Քվորում

Տասներկու տղամարդկանցից մեկը հարկահավաք էր, մյուսները` ձկնորսներ, ովքեր ձկնորսությամբ էին զբաղվում Գալիլեյան ծովի ջրերում: Կանչվելով ծառայության` նրանք դարձան աշխարհի համար վկաները նրա, ով կանչեց իրենց:

Նրանք տասներկու առաջնորդող աշակերտներ էին կամ «առաքյալներ», ընտրված Հիսուս Քրիստոսի կողմից մոտ երկու հազար տարի առաջ:

Այսօր այդ նույն կոչումը կրող տղամարդիկ տարբեր ոլորտների են պատկանում, ներառյալ` իրավագիտության, գործարարության, բժշկության, ակադեմիական և դատական: Կանչվելով ծառայության, նրանք ևս թողեցին իրենց մասնագիտությունները որպես Քրիստոսի վկաներ լիաժամկետ ծառայության համար:

Նրանք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Տասներկու Առաքյալների Քվորումի անդամներն են:

Մեր օրերի Տասներկու Առաքյալների Քվորումը կազմակերպվել է 1835թ. և Հիսուս Քրիստոսի կողմից երկրի վրա հաստատված եկեղեցու վերականգնման օրինակն է հանդիսանում:

Տասներկու Առաքյալների Քվորումը Եկեղեցու կառավարման մեջ երկրորդ բարձրագույն նախագահող մարմինն է, որի անդամները ծառայում են Առաջին Նախագահության ղեկավարության ներքո, վերջինս երեք տղամարդուց կազմված կառավարող միավոր է և բաղկացած է նախագահից և երկու խորհրդականներից:

Ողջ աշխարհում Քրիստոսի անվան հատուկ վկաները լինելու գլխավոր պատասխանատվությունից բացի առաքյալները վարում են մեծ վարչական պատասխանատվություն` վերահսկելով համաշխարհային Եկեղեցու օրինական առաջընթացն ու զարգացումը:

Վաղեմի առաքյալների պես, ովքեր ուղարկվեցին աշխարհ, այսօր առաքյալները ճամփորդում են աշխարհում, զորացնելով և խրախուսելով Եկեղեցու անդամներին, հիմնելով նոր համայնքներ և վարելով Եկեղեցու գործերը: Երբեմն դրա համար անհրաժեշտ է հանդիպել և բանակցել պետական գործիչների հետ, թույլտվություն ձեռք բերելով տվյալ երկրում Եկեղեցին հիմնադրելու համար:

Տասներկու Առաքյալների Քվորումի ներկայիս կազմն է`

Նախագահ Բոյդ Կ. Փաքեր

Նախագահ Բոյդ Կ. Փաքերը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Տասներկու Առաքյալների Քվորումի նախագահն է: Նա այդ պաշտոնին ձեռնադրվել է 2008թ. փետրվարի 3-ին: Նախկինում, 1994թ. հունիսի 5-ից նա Տասներկու Առաքյալների Քվորումի գործող նախագահն էր: Գործող նախագահի պաշտոնին կանչվելուց առաջ նա ծառայել է որպես Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ, կարգվելով որպես առաքյալ 1970թ. ապրիլի 9-ին: Դրանից առաջ նա գրեթե ինը տարի ծառայել է Տասներկու Առաքյալների Քվորումում որպես օգնական:

Լինելով մասնագիտությամբ մանկավարժ, նրա կարիերան Եկեղեցում ընդգրկում է սեմինարիաների և կրոնի ինստիտուտների ղեկավարի և Բրիգամ Յանգ Համալսարանի Վարչական Խորհրդի անդամի ծառայությունները:

Նա ուսանել է Վեբեր Քոլեջում, իսկ հետագայում բակալավրի և մագիստրոսի գիտական աստիճանները ստացել է Յուտայի Պետական Համալսարանում: Նա կրթության կառավարման դոկտորի աստիճան ստացել է Բրիգամ Յանգ Համալսարանում:

Նախագահ Փաքերը ծնվել է 1924թ. սեպտեմբերի 10-ին Յուտայի Բրիգամ Սիթիում: Երկրորդ Համաշխարհայինի տարիներին նա ծառայել է որպես ռմբակոծիչ օդանավի օդաչու Խաղաղօվկիանոսյան տարածքում:

Նախագահ Փաքերը ծառայել է որպես Նյու Ինգլանդ Միսիայի նախագահ: Նա մի շարք գրքերի և այլ հրատարակված աշխատությունների հեղինակ է: Նա նկարիչ է, մասնավորապես` թռչունների: Ամուսնացել է Դոննա Սմիթի հետ: Նրանք ունեն տաս զավակ:

 

Երեց Լ. Թոմ Փերի

Երեց Լ. Թոմ Փերին Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ է: Եկեղեցու իր ներկայիս պաշտոնին կանչվել է 1974թ. ապրիլի 6-ին, որից առաջ`1972թ.-ից ծառայել է որպես Տասներկուսի օգնական:

Երեց Փերիի ծառայությունը Եկեղեցում սկսվել է 1942թ. Հյուսիսային Նահանգներ միսիայից, որից հետո նա երկու տարի ծառայել է Խաղաղ օվկիանոսի ռազմածովային նավատորմում: Հետագա եկեղեցական պաշտոններն են եղել` եպիսկոպոսության խորհրդական Լյուիսթոնում, Այդահո, ցցի նախագահության խորհրդական Սակրամենտոյում, Կալիֆոռնիա, բարձրագույն խորհրդական Նյու Յորք ցցում և Բոստոն ցցի նախագահ:

Նա ծնվել է 1922թ. օգոստոսի 5-ին, Լոգանում, Յուտա, Լեսլի Թոմաս և Նորա Սոն Փերիների ընտանիքում: Նա ֆինանսիստի բակալավրի աստիճան ստացել է Յուտայի Պետական Համալսարանում 1949թ. և այնտեղ է կատարել իր դիպլոմային աշխատանքը: Նրա մասնագիտական կարիերան ծավալվել է մանրածախ առևտրի բիզնեսում, որտեղ նա եղել է Այդահոյում, Կալիֆոռնիայում, Նյու Յորքում և Մասաչուսեթսում գտնվող ընկերությունների փոխնախագահ և գանձապահ:

1947թ. հուլիսի 18-ին նա ամուսնացել է Յուտայի Հայդ Փարքից Վիրջինիա Լիի հետ Լոգան Տաճարում: Վիրջինիան մահացել է 1974թ. դեկտեմբերի 14-ին: Նրանք ունեն երկու աղջիկ և մեկ տղա:

1976թ. ապրիլի 28-ին Սոլթ Լեյքի Տաճարում նա ամուսնացել է Բարբարա Թեյլոր Դեյթոնի հետ:

 

Երեց Ռասսել Մ. Նելսոն

Երեց Ռասսել Մ. Նելսոնը կանչվել է որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ 1984թ. ապրիլի 7-ին:

Միջազգային համբավ վայելող վիրաբույժ և բժիշկ-գիտաշխատող Դր. Նելսոնը իր բակալավրի և մագիստրոսի աստիճանները ստացել է Յուտայի Համասարանում (1945-1947թթ.): Նա Phi Beta Kappa և Alpha Omega Alpha հաստատությունների պատվավոր գիտնական է: Նա օրդինատուրան անցել է Բոստոնի Մասաչուսեթսի գլխավոր հիվանդանոցում և Մինեսոտայի համալսարանում, որտեղ էլ 1954թ. ստացել է գիտությունների թեկնածուի աստիճանը: 1970թ. ստացել է գիտությունների պատվավոր դոկտորի կոչում Բրիգամ Յանգ համալսարանում, 1989թ. բժշկական գիտությունների դոկտորի կոչում Յուտայի պետական համալսարանում, և 1994թ. մարդասիրական նամակների դոկտորի կոչում Սնոու Քոլեջում:

Իր մասնագիտական աշխատանքի ընթացքում նա զբաղեցրել է Յուտայի Համալսարանի Կրծքային Վիրաբուժության օրդինատուրայի պրոֆեսոր վիրաբույժ-գիտնականի և Սոլթ Լեյք Սիթիի ՎՕՍ Հիվանդանոցի Կրծքային վիրաբուժության բաժանմունքի տնօրենի պաշտոնները:

Երեց Նելսոնը բազմաթիվ բժշկական ուսումնական գրքերի և հոդվածների հեղինակ է, նախքան բարձրագույն իշխանություն կանչվելը իր մասնագիտական ոլորտում դասախոսություններ է կարդացել և շրջել Միացյալ Նահանգներով և այցելել բազմաթիվ շատ այլ երկրներ: Նա արժանացել է բազում մրցանակների և պատվոգրերի, այդ թվում` Պատվավոր շրջանավարտ մրցանակը` Յուտայի Համալսարանից, Ոսկե սիրտ պատվոգիրը` Ամերիկյան Սիրտ ասոցիացիայից, Միջազգային ծառայության համար վկայություն Ամերիկյան Սիրտ Ասոցիացիայից, և Ոսկե Ափսե` Ձեռքբերումների Ամերիկյան Ակադեմիայից: Արժանացել է պատվավոր պրոֆեսոր կոչման Չինաստանի Ժողովրդական Հանրապետության երեք բուհերի կողմից:

Դր. Նելսոնը ծառայել է որպես Անոթային վիրաբուժության ընկերության նախագահ, Կրծքային վիրաբուժության ամերիկյան խորհրդի տնօրեն, Ամերիկյան Սիրտ ասոցիացիայի սրտանոթային վիրաբուժության խորհրդի ղեկավար և Յուտայի Պետական բժշկական ասոցիացիայի նախագահ:

Նա գրանցված է Ով ով է աշխարհում, Ով ով է Ամերիկայում և Ով ով է Կրոնում գրքերում:

Երեց Նելսոնը բազմաթիվ պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել Եկեղեցում: 1964-ից մինչև 1971թ. հունիսը ծառայել է որպես Բոնեվիլ ցցի նախագահ, երբ կանչվեց որպես Կիրակնօրյա Դպրոցի գերագույն նախագահ: Տասներկուսի Քվորում կանչվելուց առաջ նա ծառայում էր որպես տարածաշրջանային ներկայացուցիչ Քերնս Յուտա Տարածաշրջանում: Նախկինում ծառայել է որպես Բրիգամ Յանգ Համալսարանի տարածաշրջանային ներկայացուցիչ:

Երեց Նելսոնը ծնվել է 1924թ. սեպտեմբերի 9-ին, Մերիոն Չ. և Էդնա Անդերսոն Նելսոնների ընտանիքում: Նա և իր կինը, հանգուցյալ Դենզել Վայթը, ունեն տաս զավակ: Քույր Նելսոնը մահացել է 2005թ. փոտրվարին: 2006թ. ապրիլին նա ամուսնացել է Վենդի Լ. Վաթսոնի հետ:

 

Երեց Դալլին Հ. Օուքս

Երեց Դալլին Հ. Օուքսը ծառայել է որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ 1984թ. մայիսից:

Նա ծնունդով Յուտայի Պրովոյից է (ծնվել է 1932թ.): Նա և իր հանգուցյալ կինը, Ջուն Դիքսոն Օուքսը, վեց զավակների ծնողներ են: Քույր Օուքսը մահացել է 1998թ. հուլիսի 21-ին: 2000թ. օգոստոսի 25-ին նա ամուսնացել է Քիրստեն Մ. Մաքմեյնի հետ Սոլթ Լեյքի Տաճարում:

Երեց Օուքսն ավարտել է Բրիգամ Յանգ Համալսարանը (1954թ.) և Չիկագոյի Համալսարանի իրավագիտության ֆակուլտետը (1957թ.): Նա աշխատել է որպես իրավաբան և իրավագիտություն է դասավանդել Չիկագոյում: Եղել է Բրիգամ Յանգ Համալսարանի նախագահը 1971-1980թթ., և Յուտայի գերագույն դատարանի դատավորը 1980-1884թթ., երբ պաշտոնաթող եղավ առաքյալի իր կոչումը ընդունելու համար:

Նա եղել է բազմաթիվ բիզնես, կրթական և բարեգործական կազմակերպությունների խորհուրդների ղեկավարը կամ անդամը: Կրոնական և իրավական թեմաներով բազմաթիվ գրքերի և հոդվածների հեղինակը կամ համահեղինակն է:

 

Երեց Մ. Ռասսել Բալլարդ

Երեց Մ. Ռասսել Բալլարդը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ է: 1985թ. հոկտեմբերի 6-ից ծառայում է որպես առաքյալ` ճամփորդելով աշխարհով մեկ, ուսուցանելով Եկեղեցու անդամներին և վարելով համաշխարհային Եկեղեցու ամենօրյա գործերը:

Նա ծնվել է 1928թ. հոկտեմբերի 8-ին, Սոլթ Լեյք Սիթիում, Յուտա, Մելվին Ռ. և Ջերալդին Սմիթ Բալլարդների ընտանիքում: Սովորել է Յուտայի Համալսարանում:

Երիտասարդ տարիքում Եկեղեցու համար միսիա է ծառայել Անգլիայում, որտեղ եղել է միսիայի նախագահության խորհրդական: Նա նաև երկու անգամ ծառայել է որպես եպիսկոպոս:

1974թ. նա կանչվել է որպես Կանադայի Տորոնտո միսիայի նախագահ, որտեղ ծառայում էր, երբ 1976թ. ապրիլին կանչվեց Յոթանասունի Առաջին Քվորում: Որպես Յոթանասունի անդամ, նա ղեկավարել և վերապատրաստել է ղեկավարներին` իրեն հանձնարարված աշխարհագրական տարածքներում: Հետագայում, նա ծառայել է որպես Յոթանասունի Նախագահության անդամ 1980թ. փետրվարից - 1985թ. հոկտեմբերը, ղեկավարելով Եկեղեցու Յոթանասունի Քվորումները: Նրա ծառայության մեծ մասը կենտրոնացած է եղել միսիոներական աշխատանքի վրա:

Նախքան Եկեղեցու լիաժամկետ ղեկավար կանչվելը, Երեց Բալլարդը բաժնեմասեր է ունեցել ավտոմեքենաների, անշարժ գույքի և ներդրումային բիզնեսներում: Նա ծառայել է Եկեղեցու և քաղաքացիական բազմաթիվ հանձնաժողովներում և խորհուրդներում:

Նա ամուսնացել է Բարբարա Բոուենի հետ Սոլթ Լեյքի Տաճարում 1951թ. օգոստոսի 28-ին: Նրանք ունեն երկու որդի և հինգ դուստր:

 

Երեց Ռիչարդ Գ. Սքոթ

Ռիչարդ Գորդոն Սքոթը որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու առաքյալ է հաստատվել 1988թ. հոկտեմբերի 1-ին: Նա կանչվել է որպես Յոթանասունի Առաջին Քվորումի անդամ 1977թ. ապրիլի 2-ին և ծառայել է որպես Քվորումի Նախագահության անդամ 1983թ. հոկտեմբերի 1-ից մինչև իր ներկայիս կոչում ստանալը:

Նա ծնվել է 1928թ. նոյեմբերի 7-ին Պոկատելլոյում, Այդահո, Քենեթ Լեռոյ և Մերի Վիթլ Սքոթների ընտանիքում: 5 տարեկան հասակում նա իր ծնողների հետ տեղափոխվել է Վաշինգտոն քաղաք, որտեղ նրա հայրը աշխատել է Գյուղատնտեսության բաժանմունքում, հետագայում դառնալով գյուղատնտեսության գծով պետքարտուղարի օգնականը:

Նա ավարտել է Ջորջ Վաշինգտոն Համալսարանը որպես մեխանիկ-ճարտարագետ, լիաժամկետ միսիա ծառայելով Ուրուգվայում, և ավարտելով ասպիրանտուրան միջուկային ճարտարագիտություն մասնագիտությամբ Օուք Ռիջում, Թենեսի: 1953-1965թթ. Երեց Սքոթը աշխատել է Ծովակալ Հայմեն Ռիքովերի անմիջական անձնակազմում, ղեկավարելով միջուկային վառելիքի հարստացումը ծովային և ցամաքային տարատեսակ էլեկտրակայանների համար: Երեց Սքոթը 2008թ. ստացել է Քրիստոնեական ծառայության պատվավոր դոկտորի աստիճան Բրիգամ Յանգ Համալսարանում:

1965-1969թթ. նախագահել է Արգենտինա Հյուսիսային Միսիայում Կորդոբայում, Արգենտինա: Վերադառնալուց հետո աշխատել է որպես մասնավոր խորհրդատու ատոմակայանների համար:

Նախքան Յոթանասունական կանչվելը ծառայել է որպես տարածաշրջանային ներկայացուցիչ Ուրուգվայի, Պարագվայի, Հյուսիսային և Հարավային Կարոլինայի, Վիրջինիայի և Վաշինգտոնի տարածքներում:

Երեց Սքոթը սիրում է մեր Երկնային Հորը, Նրա Սիրելի Որդուն և Հոր բոլոր զավակներին: Երեց Սքոթը ունի տարբեր հետաքրքրություններ: Նա խորը սեր է տածում աշխարհի բնական գեղեցկության հանդեպ:

Նա օրհնվել է շնորհալի կին` Ջենին Վաթկինսով, ում հետ կնքվել է 1953թ. հուլիսի 16-ին Մանթի տաճարում: Քույր Սքոթը մահացել է 1995թ. մայիսի 15-ին: Նրանք ունեն յոթ զավակ:

 

Երեց Ռոբերտ Դ. Հեյլս

Երեց Ռոբերտ Դ. Հեյլսը որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ հաստատվել է 1994թ. ապրիլի 2-ին:

Երեց Հեյլսը ստացել է իր կանչը որպես բարձրագույն իշխանավոր 1975թ. ապրիլի 4-ին: Նա ծառայել է որպես Տասներկու Առաքյալների Քվորումի օգնական և հետագայում որպես Յոթանասունի Առաջին Քվորումի անդամ: 1985թ. ապրիլից մինչև Տասներկու Առաքյալների Քվորում կանչվելը նա եղել է Եկեղեցու նախագահող եպիսկոպոսը:

Նախքան բարձրագույն իշխանություն կանչվելը նա եղել է տարածաշրջանի ներկայացուցիչ, որից առաջ ծառայել է որպես ճյուղի նախագահ, բարձրագույն խորհրդական և ցցի նախագահի խորհրդական: 1970-ականների վերջին եղել է Անգլիա Լոնդոն Միսիայի նախագահը և ծառայել է որպես Կիրակնօրյա Դպրոցի գերագույն նախագահության առաջին խորհրդական:

Նախքան Եկեղեցում լիաժամկետ ծառայության կանչվելը Երեց Հեյլսը ունեցել է հիանալի բիզնես կարիերա, աշխատելով երեք խոշոր ազգային կազմակերպությունների ղեկավար պաշտոններում:

Երեց Հեյլսը ծնվել է Նյու Յորք Սիթիում: Նա ավարտել է Յուտայի Համալսարանը և Հարվարդի համալսարանից ստացել է բիզնես կառավարման մագիստրոսի աստիճան: Նա ծառայել է ԱՄՆ օդային ուժերում որպես ռմբակոծչի օդաչու:

Նա ամուսնացել է Մերի Քրենդոլի հետ, նրանք ունեն երկու որդի:

 

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդ

Երեց Ջեֆրի Ռ. Հոլլանդը կարգվել է որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ 1994թ. հունիսի 23-ին: Նախքան կանչվելը Երեց Հոլլանդը ծառայում էր որպես Յոթանասունի Առաջին Քվորումի անդամ՝ 1989թ. ապրիլի 1-ից:

1980թ. մինչև գերագույն իշխանություն կանչվելը` 1989թ., Ջեֆրի Ռ. Հոլլանդը ծառայել է որպես Յուտայում Պրովոյիի Բրիգամ Յանգ Համալսարանի իններորդ նախագահ: Նա Եկեղեցու նախկին կրթության հանձնակատարն է և ԲՅՀ Կրոնական Կրթության Քոլեջի դեկանը:

Լինելով իր հայրենի Յուտայի Սենտ Ջորջում Դիքսի ավագ դպրոցի, իսկ հետո Դիքսի քոլեջի ուսանողների ավագ և մարմնամարզիկ, նա անգլերեն լեզվի և կրոնական կրթության բակալավրի և մագիստրոսի աստիճանները ստացել է Բրգամ Յանգ Համալսարանում: Նա Ամերիկյան ուսումնասիրությունների մագիստրոսի և գիտությունների դոկտորի աստիճանները ստացել է Յեյլի Համալսարանում:

Եկեղեցու լիաժամկետ ծառայությանը կանչվելուց առաջ Երեց Հոլլանդը ակտիվ մասնագիտական կրթական գործունեություն է վարել: Նա ծառայել է որպես Անկախ քոլեջների և համալսարանների նախագահների Ամերիկյան ասոցիացիայի (ԱՔՀՆԱԱ) նախագահ, Անկախ քոլեջների և համալսարանների ազգային ասոցիացիայի (ԱՔՀՊԱ) խորհրդի անդամ և Սպորտային ասոցիացիայի ազգային կոլեգիայի (ՍԱԱԿ) Նախագահների հանձնաժողովի անդամ: Քրիստոնյաների և Հրեաների միջև փոխըմբռնման բարելավման գործում ներդրած իր ջանքերի համար նա պարգևատրվել է «Ազատության Ջահ» պարգևով Բինայ Բրիթ Հակազրպարտչական լիգայի կողմից: Նա ծառայել է մի շարք քաղաքացիական և բիզնես կորպորացիաների կառավարման խորհրդում և Ամերիկայի Սկաուտական կազմակերպության կողմից ստացել է «Ակնառու Արծիվ Սկաուտ» պարգևը: Նա ութ գրքի հեղինակ է, որոնցից մեկը գրել է կնոջ` Փաթրիշայի հետ:

Երեց Հոլլանդը ծնվել է 1940թ. դեկտեմբերի 3-ին, Ֆրանկ Դ. և Էլիս Բենթլի Հոլլանդների ընտանիքում: 1963թ. նա ամուսնացել է Փաթրիշա Թերիի հետ: Նրանք ունեն երեք զավակ:

 

Երեց Դեյվիդ Ա. Բեդնար

Դեյվիդ Ա. Բեդնարը կարգվել և ձեռնադրվել է որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ 2004թ. հոկտեմբերի 7-ին: Տասներկուսի Քվորում կանչվելուց առաջ Երեց Բեդնարը ծառայել է որպես տարածքային յոթանսունական, տարածաշրջանային ներկայացուցիչ, երկու անգամ ցցի նախագահ և եպիսկոպոս:

Երեց Բեդնարը ծնվել է 1952թ. հունիսի 15-ին Օքլենդում, Կալիֆորնիա: Նա ծառայել է որպես լիաժամկետ միսիոներ հարավային Գերմանիայում, այնուհետև սովորել է Բրիգամ Յանգ Համալսարանում, որտեղ ստացել է բակալավրի և մագիստրոսի աստիճանները: Նաև ստացել է դոկտորի աստիճան կազմակերպչական վարք մասնագիտությամբ Փերդյու համալսարանից:

Իր կրթությունն ավարտելուց հետո Երեց Բեդնարը աշխատել է որպես բիզնես կառավարման պրոֆեսոր Տեխաս Թեք և Արկանզասի Համալսարաններում: Այնուհետև 1997-2004թթ. ծառայել է որպես Այդահոյի Բրիգամ Յանգ Համալսարանի (նախկինում Ռիքս Քոլեջ) նախագահ:

Երեց Բեդնարն ամուսնացել է Սյուզան Քեյ Ռոբինսոնի հետ Սոլթ Լեյքի Տաճարում 1975թ. մարտի 20-ին, և նրանք ունեն երեք որդի:

 

Երեց Քվենթին Լ. Քուք

Երեց Քվենթին Լ. Քուքը հաստատվել է որպես Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ 2007թ. հոկտեմբերի 6-ին: Բարձրագույն իշխանություն կանչվել է 1996թ. ապրիլին, ծառայելով Յոթանասունի Երկրորդ Քվորումում, Առաջին Քվորումում և Նախագահությունում:

Ֆիլիպինների տարածքային նախագահությունում նա ծառայել է որպես Յոթանասունական, Խաղաղօվկիանոսյան կղզիների և Հյուսիսային Ամերիկայի Հյուսիսարևմտյան տարածքներում որպես նախագահ, և Միսիոներական Բաժանմունքում որպես գործադիր տնօրեն:

Եկեղեցու բարձրագույն իշխանություն կանչվելիս նա Sutter առողջապահական համակարգի փոխնախագահն էր: Դրանից առաջ նա Կալիֆորնիայի առողջապահական համակարգի նախագահը և գործադիր տնօրենն էր, որից առաջ էլ Սան Ֆրանցիսկո Բեյ Էրեյա իրավաբանական ընկերության բիզնես իրավաբանը և տնօրենն էր: Նա եղել է մի շարք առևտրային և շահույթ չհետապնդող կորպորացիաների խորհրդի անդամը:

Նա ծառայել է Եկեղեցում որպես եպիսկոպոս, ցցի նախագահ և Սան Ֆրանցիսկո Կալիֆորնիա ցցի խորհրդական, Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Տարածքում տարածքային ներկայացուցիչ և տարածքային իշխանավոր: Երիտասարդ տարիքում նա ծառայել է Բրիտանական Միսիայում:

Նա ծնունդով Լոգանից է, Յուտա: Իր բակալավրի կոչումը ստացել է քաղաքագիտությունից Յուտայի պետական համալսարանից, իսկ իրավագիտության դոկտորի կոչումը ստացել է Սթենֆորդի համալսարանից:

Նա ամուսնացել է Մերի Գադիի հետ 1962թ. նոյեմբերի 30-ին: Նրանք ունեն երեք զավակ:

[caption] Երեց Քվենթին Լ. Քուք, Տասներկու Առաքյալների Քվորում

 

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոն

Երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը կանչվել է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Տասներկու Առաքյալների Քվորում 2008թ. ապրիլի 8-ին: Իր կանչի ժամանակ նա ծառայում էր Յոթանասունի Նախագահությունում:

Յոթանասունի Նախագահությունում իր պաշտոնավարման ընթացքում Երեց Քրիստոսֆերսոնը վարչական պատասխանատվություն է կրել Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան, Հյուսիսարևմտյան և Հարավարևելյան տարածքների համար: Նա նաև ծառայել է որպես Ընտանիքի և Եկեղեցու Պատմության Բաժանմունքի գործադիր տնօրեն: Դրանից առաջ նա Եկեղեցու Մեքսիկայի Հարավային տարածքի նախագահ էր, բնակվելով Մեխիկո քաղաքում:

Նախքան որպես Եկեղեցու լիաժամկետ բարձրագույն իշխանություն ծառայության կանչվելը Երեց Քրիստոֆերսոնը եղել է NationsBank (այժմ Bank of America) կորպորացիայի գլխավոր խորհրդատուն Շարլոտում, Կառոլինա: Դրանից առաջ նա եղել է ավագ փոխնախագահը և Թենեսիի Commerce Union Bank-ի գլխավոր խորհրդատուն Նեշվիլում, որտեղ նա նաև ակտիվ ներգրավվել է համայնքային գործերում և միջդավանական կազմակերպություններում: ԱՄՆ շրջանային դատավոր Ջոն Ջ. Սիրկայի մոտ դատական գործավար աշխատելուց հետո (1972-1974), 1975-1980թթ. Երեց Քրիստոֆերսոնը իրավաբան է աշխատել Վաշինգտոնում:

Նա ծնվել է Փլիզանթ Գրովում, Յուտա, ավարտել է ավագ դպրոցը Նյու Ջերսիում, բակալավրի աստիճանը ստացել է Բրիգամ Յանգ Համալսարանում, որտեղ նա ստացել է Էդվին Ս. Հինքլի կրթաթոշակ, և իրավագիտության աստիճան ստացել է Դյուկի համալսարանում:

Ի թիվս այլ կոչումների, նա Եկեղեցում ծառայել է որպես տարածաշրջանային ներկայացուցիչ, ցցի նախագահ և եպիսկոպոս: Երիտասարդ տարիքում նա միսիա է ծառայել Արգենտինայում:

Երեց Քրիստոֆերսոնը և նրա կինը` Քեթրին Ջեյքոբ Քրիստոֆերսոնը, ունեն հինգ զավակ:

[caption] Երեց Քրիստոֆերսոն, Տասներկու Առաքյալների Քվորում

 

Երեց Նիլ Լ. Անդերսեն

Երեց Նիլ Լինդեն Անդերսենը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու առաքյալ է կանչվել 2009թ. ապրիլի 4-ին:

Տասներկուսի Քվորում կանչվելուց առաջ Երեց Անդերսենը ծառայել է որպես Յոթանասունի Նախագահության ավագ անդամ: Նա Յոթանասունի Առաջին Քվորում է կանչվել 1993թ. ապրիլին` 41 տարեկանում: Դրանից առաջ նա ղեկավարել է Եկեղեցու աշխատանքը հարավային Բրազիլիայում և որպես տարածքային նախագահության անդամ, վերահսկել Եկեղեցու աշխատանքը արևմտյան Եվրոպայում: Նա նաև աջակցել է Եկեղեցու աշխատանքը ղեկավարելու գործին Մեքսիկայում և Կենտրոնական Ամերիկայում: Բացի այդ, նա ղեկավարել է Եկեղեցու տեսաձայնագրման արտադրությունը, այդ թվում` Մեկ հոտի և մեկ հովվի վկայությունները ֆիլմի նկարահանումը և ղեկավարել Համաժողովների Կենտրոնի հեռարձակման շինությունների կառուցման աշխատանքը որպես Եկեղեցու Տեսաձայնագրման բաժանմունքի գործադիր տնօրեն: Բացի իր մայրենի լեզվից` անգլերենից, նա խոսում է ֆրանսերեն, պորտուգալերեն և իսպաներեն լեզուներով:

Բարձրագույն իշխանություն կանչվելուց առաջ Երեց Անդերսենը ծառայել է որպես Ֆրանսիայի Բորդո Միսիայի նախագահ և Տամպա Ֆլորիդա ցցի նախագահ:

Երեց Անդերսենը ծնվել է Լոգանում, Յուտա, և մեծացել է Պոկատելլոյում, Այդահո, կաթնամթերքի ֆերմայում, և հիշում է, որ այնտեղ «առավոտից գիշեր Այդահոյին բնորոշ ֆերմայի աշխատանք էր կատարում»: Ավագ դպրոցում նա ուսանողական խորհրդում էր, ծառայելով որպես Idaho Boys State-ի կառավարիչ:

Նա ավարտել է Բրիգամ Յանգ Համալսարանը, որտեղ ստացել է Հինքլի կրթաթոշակ, և Հարվարդի համալսարանում ստացել է բիզնես կառավարման մագիստրոսի աստիճան: Ուսումն ավարտելուց հետո նա բնակություն է հաստատել Տամպայում, Ֆլորիդա, որտեղ աշխատել է գովազդի, անշարժ գույքի զարգացման և առողջապահության ոլորտներում:

Երեց Անդերսենը և նրա կինը` Քեթի Վիլիամս Անդերսենը, ունեն չորս զավակ:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.