Նորություններ

Նախագահ Ռասսել Մ. Նելսոնի սպասավորությունը
Լատինական Ամերիկայում 2019թ.

 

2019թ.օգոստոսի 24-ից մինչև սեպտեմբերի 2-ը Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը այցելեց Լատինական Ամերիկայի Սրբերին և այլոց: Նա և Տասներկու Առաքյալների Քվորումի անդամ Երեց Քվենտին Լ. Քուքը սպասավորեցին Գվատեմալայում, Կոլումբիայում, Էկվադորում, Արգենտինայում և Բրազիլիայում:
Ստորև ներկայացնում ենք նրանց այցելությունների համառոտ ամփոփումը:
Գվատեմալա Սիթի, Գվատեմալա
Երբ Նախագահ Նելսոնը սկսեց իր իննօրյա սպասավորությունը Լատինական Ամերիկայում, հանդիպեց Գվատեմալայի անդամների և բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Նա սկսեց իր սպասավորությունը Գվատեմալա Սիթիից՝ Գվատեմալայի մայրաքաղաքից, որը հայտնի է  հնագույն Մայաների պատմությամբ և մոտակա հրաբուխերով: Երեկոյան հոգևոր հավաքի ժամանակ Նախագահը 15 րոպե խոսեց իսպաներեն:
«Ձեր երեխաներին, ինչպես նաև միմյանց ուսուցանեք Տեր Հիսուս Քրիստոսի մասին: Նրա Քավությունը ամենամեծ իրադարձությունն է աշխարհի պատմության մեջ»,- ասաց մարգարեն:
Բոգոտա, Կոլումբիա
2019թ. օգոստոսի 25-ին Նախագահ Նելսոնն ուսուցանեց Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում հավաքված տասնյակ հազարավոր Վերջին Օրերի Սրբերի: Նա ասաց, որ երկնքի մեծագույն օրհնությունները հնարավոր են Հիսուս Քրիստոսի շնորհիվ:
Բացի այդ, Նախագահ Նելսոնը, Երեց Քուքը և Երեց Էնրիկե Ռ. Ֆալաբելլան Յոթանասունի Քվորումից հանդիպեցին Կոլումբիայի Հանրապետության նախագահ Իվան Դուքի Մարկեսի հետ: Նրանք քննարկեցին կրոնական ազատության հարցը: Նախագահ Նելսոնն ասաց, որ նախագահ Մարկեսը խորամիտ մարդ է, ով շատ երախտապարտ է մեր Եկեղեցու ցուցաբերած օգնության համար:
Կիտո, Էկվադոր
Նախագահ Նելսոնը հանդիպեց Վերջին Օրերի Սրբերի հետ, ովքեր հավաքվել էին Կիտոյի Գլխավոր Ռումինաուի Կոլիզեում: Ժողովը հեռարձակվում էր Էկվադորի Եկեղեցու բոլոր համայնքներում: Մարգարեն ասաց, որ նրանցից յուրաքանչյուրը անձամբ է պատասխանատու Աստծո հանդեպ հավատք զարգացնելու համար: «Ոչ ոք չի կարող անել դա ուրիշի փոխարեն»,- ասաց նա:
Երեքշաբթի առավոտյան մարգարեն հանդիպեց Էկվադորի նախագահ Լենին Մորենոյի հետ: Նրանք քննարկեցին ընտանիքների պաշտպանության կարևորության հարցը:
Բուենոս Այրես, Արգենտինա
Նախագահ Նելսոնը ուսուցանեց Եկեղեցու հազարավոր անդամներին և հրավիրվածներին, թե նրանք ինչպես կարող են լիակատար խաղաղություն ձեռք բերել, որպեսզի կարողանան հանգիստ լինել մահվան երևույթի հետ բախվելիս: Երեց Քուքը, Քույր Նելսոնը և Քույր Քուքը խոսեցին նաև կարևոր բաները կյանքում առաջին տեղը դնելու մասին:
Այդ օրը առավոտյան խումբը մասնակցեց մի արարողության, որի ժամանակ մարդասիրական կազմակերպությունը անվասայլակներ էր տրամադրում կարիքավորներին:
Բրազիլիա, Բրազիլիա
«Առջևում դեռ շատ ոգևորիչ իրադարձություններ են սպասվում»,- ասաց Նախագահ Նելսոնը, երբ սկսեց իր Լատինամերիկյան սպասավորությունը Բրազիլիայում, որը ամենամեծ երկիրն է Հարավային Ամերիկայում և Լատինական Ամերիկայում: «Այս աշխատանքն առաջ է գնում արագացված տեմպերով: Ամեն առավոտ ես անհամբերությամբ եմ վեր կենում անկողնուց, որպեսզի տեսնեմ, թե ինչ կբերի նոր օրը»:
ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Նախագահ Նելսոնն ասաց, որ հոկտեմբերի գերագույն համաժողովին կհայտարարվեն նոր տաճարների մասին, նաև կարվեն այլ հայտարարություններ:  
Սան Պաուլո, Բրազիլիա
Ավելի քան 37000 մարդ, ներառյալ շատ ընտանիքներ, ութ ժամ հերթ էին կանգնել՝ նախքան կսկսվեր Նախագահ Նելսոնի հետ հոգևոր հավաքը, որը տեղի ունեցավ Անհեմբի համաժողովների կենտրոնում: Շատերը հանդիպման վայրում  նստել էին հինգ ժամ, նախքան հոգևոր հավաքի սկիզբը: Դա երբևէ տեղի ունեցած ամենամեծ հավաքն էր Միացյալ Նահանգներից դուրս, որի ժամանակ ելույթ ունեցավ Նախագահ Նելսոնը: «Ես եկել եմ որպես Տիրոջ ծառա»,- ասաց Նախագահ Նելսոնը, ով ելույթ ունեցավ առանց նախօրոք պատրաստվելու: Փոխարենը, նա բերել էր իր սուրբ գրությունները՝ ծնողներին խորհուրդներ տալու համար:
Հոգևոր հավաքից հետո Նախագահ Նելսոնի հետ հարցազրույց վարեց Բրազիլիայի Բենդ հեռուստատեսության լուրերի հաղորդավար Իզաբել Տասակին:
2018թ. հունվարին Նախագահ Նելսոնը դարձավ Եկեղեցու 17-րդ նախագահը: Այդ ժամանակից ի վեր նա շատ է ճամփորդել աշխարհով՝ այցելելով Եկեղեցու անդամներին և հավատակից ընկերներին տարբեր մայրցամաքներում: 

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.