Նորություններ

Նախագահ Նելսոնը սոցիալական
լրատվամիջոցներում գրառում է կատարել
ռասիզմի մասին և կոչ է արել հարգել
մարդկային արժանապատվությունը

Նա հիշեցնում է բոլորիս ուղղված Արարիչի կոչը՝ հրաժարվել որևէ խմբի կամ անհատի դեմ ունեցած կանխակալ վերաբերմունքից

 Վերջին իրադարձությունների լույսի ներքո Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու նախագահ Ռասսել Մ. Նելսոնը հետևյալ գրառումով կիսվել է սոցիալական լրատվամիջոցների իր էջերում.«Մենք միանում ենք այս երկրի և ողջ աշխարհի այն հազարավոր մարդկանց, ովքեր խորապես վշտացած են ռասիզմի և մարդկային կյանքի հանդեպ աղաղակող անտարբերության վերջերս տեղի ունեցած դրսևորումներով: Մենք չենք հանդուրժում այն իրողությունը, որ ոմանք հրաժարվում են հարգել ուրիշներին և նրանց ազատության հիմնարար սկզբունքները մաշկի գույնի պատճառով: Մենք նաև ցավում ենք, որ մարդկային արժանապատվությանը հասցված այս վիրավորանքները հանգեցնում են բռնությունների և անկարգությունների սրացման: Մեր բոլորի Արարիչը յուրաքանչյուրիս կոչ է անում հրաժարվել Աստծո զավակների ցանկացած խմբի դեմ ունեցած կանխակալ վերաբերմունքից: Մեզանից յուրաքանչյուրը, ով կանխակալ վերաբերմունք ունի մեկ այլ ռասայի հանդեպ, պետք է ապաշխարի՛: Իր երկրային առաքելության ժամանակ Փրկիչը մշտապես ծառայում էր նրանց, ովքեր մերժված էին, մեկուսացված, պախարակված, անտեսված, բռնության ենթարկված և նվաստացված: Որպես Նրա հետևորդներ, մի՞թե կարող ենք ավելի քիչ բան անել: Պատասխանում ենք՝ ոչ: Մենք հավատում ենք ազատությանը, բարությանն ու արդարությանը Աստծո բոլոր զավակների համար: Եկեք հստակեցնենք: Մենք եղբայրներ ու քույրեր ենք, մեզանից յուրաքանչյուրը Երկնային սիրող Հոր զավակն է: Նրա Որդին՝ Տեր Հիսուս Քրիստոսը, հրավիրում է բոլորիս գալ Իր մոտ՝ «սև թե սպիտակ, ստրուկ թե ազատ, այր և կին» (2 Նեփի 26.33): Մեզանից յուրաքանչյուրը իր ազդեցության ոլորտներում պետք է անի հնարավոր ամեն ինչ, որպեսզի պահպանի արժանապատվությունն ու հարգանքը, որին արժանի է Աստծո յուրաքանչյուր որդի և դուստր: Յուրաքանչյուր ժողովուրդ կարող է հրաշալի լինել միայն իր հրաշալի մարդկանցով: Դրա համար պահանջվում է, որ քաղաքացիները զարգացնեն բարոյական կողմնացույց, որն օգնում է նրանց տարբերել չարը բարուց: Անօրինական գործողությունները, ինչպիսիք են՝ կողոպուտը, վնասումը կամ հասարակական ու մասնավոր գույքի ոչնչացումը, չի կարելի հանդուրժել: Մի սխալը երբեք չի ուղղվում երկրորդ սխալով: Չարին երբեք չեն հաղթում ավելի մեծ չարիք գործելով: Մենք պետք է մեծացնենք մեր հավատքը Աստծո Հայրության և մարդու եղբայրության շրջանակում: Մենք պետք է հիմնարար հարգանք ցուցաբերենք յուրաքանչյուր հոգու մարդկային արժանապատվության հանդեպ, անկախ մաշկի գույնից, դավանանքից և մասնագիտությունից: Եվ մենք պետք է անխոնջ աշխատենք՝ կառուցելով հասկացողության կամուրջներ, խտրականության պատեր ստեղծելու փոխարեն: Ես աղերսում եմ, որ մենք միասին աշխատենք՝ հաստատելով խաղաղություն ու փոխադարձ հարգանք, և թող Աստված առատորեն հեղի Իր սերը Իր բոլոր զավակների վրա:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.