Նորություններ

Հիսուս Քրիստոսի Եկեղեցին 32 միլիոն ԱՄՆ դոլար է տրամադրում Պարենի համաշխարհային ծրագրին

Միջոցները կտրամադրվեն ինը երկրներից 1,6 միլիոն մարդու և նրանց կապահովեն անհրաժեշտ սննդով և առաջին օգնության աջակցությամբ

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրին (ՊՀԾ) տրամադրել է 32 միլիոն ԱՄՆ դոլար: Դա Եկեղեցու կողմից մարդասիրական կազմակերպությանը տրված ամենամեծ միանվագ նվիրատվությունն է, որի միջոցով կօգնի պայքարել նրա դեմ, ինչը ՊՀԾ-ն կոչում է «սովի սեյսմիկ ճգնաժամ»:

Չորեքշաբթի օրը Հռոմում գտնվող Պարենի համաշխարհային ծրագրի կենտրոնական գրասենյակ կատարած այցի ժամանակ Նախագահող եպիսկոպոսությունից եպիսկոպոս Լ. Թոդ Բադջը նվիրատվությունը փոխանցեց ՊՀԾ ԱՄՆ-ի նախագահ և գործադիր տնօրեն Բարոն Սեգարին և ՊՀԾ Գործընկերությունների և շահերի պաշտպանության գծով գործադիր տնօրենի տեղակալ Ուտե Կլամերտին:

«Մենք շատ երախտապարտ ենք Պարենի համաշխարհային ծրագրի հետ մեր համագործակցության համար, քանի որ գիտենք, որ նրանք սնունդ կտրամադրեն նրանց, ովքեր դրա կարիքն ամենից շատ ունեն», - ասել է եպիսկոպոս Բադջը: «Եվ մենք շնորհակալություն ենք հայտնում Վերջին Օրերի Սրբերին և եկեղեցու այն ընկերներին, որոնց ֆինանսական զոհաբերությունները հնարավոր դարձրին այս նվերը: Նման նվիրատվությունը մի փոքր ավելի երջանիկ է դարձնում Աստծո զավակներին, իսկ մեզ բոլորիս դարձնում է մի փոքր ավելի սուրբ»:

ՊՀԾ-ն Եկեղեցու միջոցները կօգտագործի ինը երկրներում՝ Աֆղանստանում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Եթովպիայում, Հայիթիում, Քենիայում, հյուսիս-արևելյան Նիգերիայում, Սոմալիում, Հարավային Սուդանում և Եմենում, որպեսզի սնունդ և այլ կարևոր օգնություն տրամադրի խոցելի խմբերի 1,6 միլիոն մարդկանց:

«Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու այս բացառիկ նվիրատվությունը չէր կարող լինել առավել կարևոր պահի, քան սա է», - ասել է ՊՀԾ գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլին: «Միլիոնավոր մարդիկ այսօր սովամահ են լինում, և ՊՀԾ-ն ջանասիրաբար աշխատում է՝ սնունդ, օգնություն և հույս հասցնելու համար, և այս կյանքեր փրկող նվիրատվությունը մեզ թույլ է տալիս անել դա»:

Քանի որ պարենային համաշխարհային ճգնաժամը միլիոնավոր մարդկանց սովի է մատնում, ՊՀԾ-ի աշխատանքը կառավարությունների և գործընկերների հետ միասին շատերի համար կենսապահովող փրկություն է: Օրինակ՝ Սոմալիում ՊՀԾ-ն մեծացնում է մարդասիրական օգնությունը և հասցնում այն ռեկորդային մակարդակի՝ կանխատեսվող սովը կանխելու համար: Եմենում՝ ՊՀԾ-ի պարենային օգնությունը ընդգրկել է երկրի բնակչության ավելի քան կեսին և զսպել սովը: Միևնույն ժամանակ, Աֆղանստանում միլիոնավոր ընտանիքներ ապավինում են կազմակերպության սննդին և ապրուստի միջոցներին:

«Այս աննախադեպ համընդհանուր կարիքի պահին մենք երախտապարտ ենք Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու փոխակերպման նվերի համար», - ասել է Սեգարը: «Մասնավոր հատվածի աջակցությունը չափազանց կարևոր է մեր առաքելության համար, որը հնարավորություն է տալիս ՊՀԾ-ին մեծացնել պարենային աջակցությունը և դիմադրողականության ապահովման աշխատանքը, որը ընտանիքներին պարգևում է կայունություն և հարմարավետություն այս դժվարին ժամանակներում: Վստահ եմ, որ Եկեղեցու նվերը կոգեշնչի մյուսներին միանալ համաշխարհային սովին վերջ դնելու մեր շարժմանը»:

Կլամերտն ավելացրել է․ «Մենք երախտագիտությամբ ընդունում ենք այս առատաձեռն նվիրատվությունը և մեծապես վստահ եմ, որ կկարողանանք այն օգտագործել ամենախոցելի խավերին սնունդ մատակարարելու նպատակով՝ օգնության հասնելով կարիքի պահին և փրկելով նրանց վտանգից, որպեսզի նրանք կարողանան գոյատևել և դիմադրողականություն ձեռք բերել»:

Մեր օրերում ռեկորդային 345 միլիոն մարդ բախվում է սննդի սուր անբավարարության, որից 50 միլիոնը սովի շեմին է: Առանց անհապաղ գործողությունների՝ մինչև 2022 թվականի վերջը մոտ 60 միլիոն երեխա կգտնվի սուր թերսնման վտանգի տակ։ Ամբողջ աշխարհում Ուկրաինայի պատերազմի տարածվող ազդեցությունը, որը զուգորդվում է համատարած հակամարտությամբ, եղանակային արտակարգ պայմանները և COVID-19 համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքները, առանց այն էլ խոցելի մարդկանց մղում են կատարյալ հուսահատության:

«Սիրտս ուրախանում է միլիոնավոր թերսնված երեխաների համար, որոնք կօգտվեն այս նվիրատվությունից», - ավելացրեց քույր Քամիլ Ն. Ջոնսոնը՝ Եկեղեցու Սփոփող միության (կանանց կազմակերպություն) համաշխարհային ղեկավարը: «Հիսուսը քնքշանքով է վերաբերվում երեխաներին։ Նա լաց է լինում՝ տեսնելով, որ նրանք սովամահ են լինում։ Եվ Նա ուրախանում է նրանց օգնելու նույնիսկ ամենափոքր փորձերից: Մեծ շնորհակալություն Պարենի համաշխարհային ծրագրին և բոլոր նրանց, ովքեր որևէ կերպ իրենց ներդրումն են ունենում այս գործում»:

Հիսուս Քրիստոսի Եկեղեցու համագործակցությունը ՊՀԾ-ի հետ սկսվել է 2014 թվականին։ ՊՀԾ-ի գործադիր տնօրեն Դեյվիդ Բիսլին 2019 թվականին ծանոթացել է Եկեղեցու բարօրության գործունեությանը Սոլթ Լեյք Սիթիում: Երկու կազմակերպությունները միասին աշխատել են՝ COVID-19 համավարակի ժամանակ՝ սովի բացերը լրացնելու համար։

Հիսուս Քրիստոսի եկեղեցին տարեկան մոտ 1 միլիարդ դոլար է տալիս ամբողջ աշխարհում կարիքավորների մասին հոգալու համար:

Պարենի համաշխարհային ծրագրի մասին

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն աշխարհի ամենամեծ մարդասիրական կազմակերպությունն է, որն արտակարգ իրավիճակների ժամանակ փրկում է կյանքեր և ցուցաբերում է սննդի օգնություն՝ հակամարտություններից, աղետներից և կլիմայի փոփոխության հետևանքներից վերականգնվող մարդկանց համար խաղաղության, կայունության և բարգավաճման ուղի կառուցելու նպատակով:

ԱՄՆ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը 501(c)(3) կազմակերպություն է, որը հիմնված է Վաշինգտոնում Կ․Տ․։ Այն հպարտությամբ աջակցում է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի առաքելությանը` մոբիլիզացնելով ամերիկյան քաղաքական գործիչներին, բիզնեսներին և անհատներին, որպեսզի առաջ մղեն սովին վերջ տալու համաշխարհային շարժումը: Մեր ղեկավարներն ու աջակիցներն օգնում են ամրապնդել ամերիկյան մնայուն ժառանգությունը՝ կերակրելով կարիքավոր ընտանիքներին ամբողջ աշխարհում: Իմացեք ավելին ԱՄՆ Պարենի համաշխարհային ծրագրի առաքելության մասին:

Հիսուս Քրիստոսի Եկեղեցու մարդասիրական ծառայություններ

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մարդասիրական ծառայությունները թեթևացնում է տառապանքը, խթանում է ինքնապահովումը և ծառայելու հնարավորություններ է ընձեռում: Այն հետևում է Հիսուս Քրիստոսի հորդորին՝ կերակրելով սովյալներին, ջուր տալով ծարավին, ընդունելով օտարին, հագցնելով մերկերին և այցելելով հիվանդներին ու տառապյալներին:

Եկեղեցու մարդասիրական օգնությունը հնարավոր է դարձել Վերջին Օրերի Սրբերի և եկեղեցու ընկերների առատաձեռն նվիրատվությունների և կամավորության շնորհիվ: Ամեն տարի ավելի քան 1 միլիոն աշխատանքային օր է նվիրաբերվում կամավորների կողմից՝ աջակցելով բարօրության նախաձեռնություններին:

Եկեղեցին հովանավորում է օգնության և զարգացման ծրագրեր 195 երկրներում և տարածքներում և օգնություն է ցուցաբերում՝ առանց հաշվի առնելու ռասայական և կրոնական պատկանելությունը կամ ազգությունը: Օգնությունը հիմնված է անձնական պատասխանատվության, համայնքի աջակցության, ինքնապահովման և կայունության հիմնական սկզբունքների վրա:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.