Նորություններ

Երեց և քույր Սոարեսները ծառայում են Պորտուգալիայում` իրենց նախնիների երկրում

Զույգը նախագահել է Պորտուգալիայի Պորտո միսիան 2000-2003 թվականներին

Երեց Ուլիսես Սոարեսը և նրա կինը՝ Ռոզանան, այս շաբաթ առաջին անգամ վերադարձան Պորտուգալիա, որտեղ երկու տասնամյակ առաջ ղեկավարում էին Պորտուգալիայի Պորտո միսիան: Նրանց քառօրյա այցը հնարավորություն էր վերհիշելու, ծառայելու երկրի 45000 Վերջին Օրերի Սրբերին և խորացնելու իրենց փոխադարձ կապը իրենց նախնիների այս երկրի հետ:

«Ես միշտ երազել եմ այն օրվա մասին, որ վերադառնամ այստեղ և ունենամ այն նույն զգացողությունը, որը ունեի, երբ միսիայի նախագահ էի», - ասաց Երեց Սոարեսը, որը ծնունդով Բրազիլիայից է: «Բայց այսօր դա շատ ավելին է. Դա մի բան է, որը ես չեմ կարող նկարագրել՝ տեսնելով այն միասնությունը, որը հաստատվել է այստեղ՝ անդամների, Եկեղեցու և Եկեղեցու առաջնորդների միջև»:

«Ես ինձ զգում եմ ինչպես տանը», - ավելացրեց քույր Սոարեսը: «Հրաշալի է վերադառնալ այստեղ, քանի որ իմ երակներում պորտուգալական արյուն կա»:

Երեց և Քույր Սոարեսները սկսեցին իրենց միսիան 2000 թվականի ամռանը: Նրանց երեք երեխաները 13, 9 և 5 տարեկան էին: Նրանք ասացին, որ ընտանիքը հրաշքներ է ապրել: Նրանց երեխաները գտել են ընկերներ, սեր և ընտանիք:

«Ամեն ինչ լավ էր, քանի որ մեր երեխաները շատ լավ հարաբերությունների մեջ էին այստեղի մարդկանց հետ», - ասաց քույր Սոարեսը: «Նրանց դուր էր գալիս, որ այստեղ էին, և սիրում էին մարդկանց, երեխաներին, դպրոցը, եկեղեցու երեխաներին: Հրաշալի էր»։

Իսկ Երեց Սոարեսը ավելի շատ մարդկանց հայտնաբերեց իր պորտուգալական տոհմածառից:

Մի օր, Կոիմբրայում (քաղաք, որտեղ ծնվել է նրա պապերից մեկը) շրջանի համաժողովում նա խոսեց իր ծագման մասին, և ծագումնաբանության մի նվիրյալ նախագահ Սոարեսին հարցրեց նրա պապի անունը: Մի քանի ամիս անց այդ մարդը ապագա առաքյալին ներկայացրեց նրա նախնիների հարյուրավոր անունները, որոնք ապրել էին 1600-1800-ական թվականներին: Անունները եղել են գրանցումներում, որոնք անհասանելի են Բրազիլիայում:

Երեց Սոարեսն ասաց, որ այդ անսպասելի նվերին հետևեցին պորտուգալացի սրբերի ջանքերը, որոնք անունները տարան Տիրոջ տուն՝ Մադրիդ (Իսպանիա): Այնտեղ, այդ հարյուրավոր մարդկանց անունից, Եկեղեցու նվիրյալ անդամները անցան սուրբ արարողությունների միջով, որոնց շնորհիվ ընտանիքները հավերժ կմիավորվեն՝ ըստ Հիսուս Քրիստոսի Եկեղեցու համոզմունքների:

Սա, ասել է Առաքյալը, ցույց է տալիս պորտուգալացի ժողովրդի մեծ սիրտը:

«Նրանք անկեղծորեն պատրաստ են օգնել և աջակցել միմյանց», - ասաց նա: «Այդ մարդը եկավ ինձ մոտ առանց որևէ խնդրանքի, այլ փորձեց կիսել իր սերն ինձ հետ՝ ընտանեկան պատմության իր աշխատանքի միջոցով: … Դա մեծ հրաշքներից մեկն էր, որ մենք տեսանք և զգացինք այստեղ՝ այս երկրում»:

Երեց Սոարեսն ասաց, որ իր տատիկն ու պապիկը իրենց հետ բերել են իրենց պորտուգալական ավանդույթները, երբ ներգաղթել են Բրազիլիա: Այդ ավանդույթներից մեկը ցանկացած առիթով ընտանիքի հետ հաճախակի հավաքվելն էր:

«Գեղեցիկ էր տեսնել, թե ինչպես էին իմ տատիկներն ու պապիկները պահպանում միմյանց ընդունելու և միմյանց աջակցելու իրենց մշակույթը՝ նույնիսկ իրենց երկրից դուրս», - ասաց Երեց Սոարեսը: «Այնտեղ՝ Բրազիլիայում, նրանք ստեղծեցին իրենց փոքրիկ երկիրը: Եվ ես այդպես մեծացա: Ահա թե ինչպես են ինձ դաստիարակել իմ ծնողները, որոնք ինձ են փոխանցել իմ տատիկի ու պապիկի մշակույթի այդ պատառիկը»:

Երեց Սոարեսի ծնողները միացան Հիսուս Քրիստոսի Եկեղեցուն 1965թ.-ին, երբ նա 6 տարեկան էր: Առանց իր տատիկի և պապիկի Բրազիլիա տեղափոխվելու, Երեց Սոարեսը գուցե չհանդիպեր Եկեղեցուն մինչև առնվազն 1975 թվականը, երբ Եկեղեցին հիմնադրվեց Պորտուգալիայում:

Երեց Սոարեսը գնահատում է իր մայրական տատիկին ու պապիկին՝ մեկ այլ հավատքի քրիստոնյաներին, որոնք աճեցրին ու մշակեցին իր մոր հավատացյալ սիրտը, որն էլ վերջինիս պատրաստեց դառնալ Վերջին Օրերի Սուրբ:

«Եվ հիմա ես այստեղ եմ՝ այս գեղեցիկ երկրում, որտեղ ծնվել է իմ պապիկը, և կիսում եմ իմ վկայությունը Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին այս հրաշալի ժողովրդի հետ», - ասաց նա:

Ծառայության այս իմաստալից այցի ժամանակ Սոարեսները, Եկեղեցու այլ ղեկավարների ուղեկցությամբ, հուզեցին Վերջին Օրերի Սրբերի և հավատքի ընկերների սրտերը երիտասարդ ամուրիների և միսիոներների հետ հատուկ հանդիպումների ժամանակ:

«Այստեղ մենք կապվել ենք մեր ընտանեկան արմատների հետ. մեր տատիկներն ու պապիկները երկու կողմից՝ իմ և կնոջս կողմից, պորտուգալացի էին», - բացատրեց Երեց Սոարեսը երիտասարդների խմբին: Համաշխարհային մշակութային միասնության ոգով՝ Երեց Սոարեը ժպտալով ասաց. «Դուք այժմ կարող եք ասել, որ Հիսուս Քրիստոսի առաքյալներից մեկը պորտուգալացի է, քանի որ ես Պորտուգալիայի քաղաքացիություն եմ ստացել երեք տարի առաջ: Այսպիսով, հիմա ես իսկական պորտուգալացի եմ»:

Եզրափակիչ ժողովում, որը հեռարձակվել է ամբողջ երկրում և Կաբո Վերդե կղզու ժողովրդի համար, Երեց Սոարեսը ուսուցանել է. «Մեր բոլոր մտահոգություններով, բոլոր մարտահրավերներով, հակառակորդի բոլոր հարձակումներով հանդերձ, ինչպե՞ս է հնարավոր, որ մենք կարողանանք գոյատևել՝ այդ ամենի միջով անցնելով, հաղթահարել մեր մարտահրավերները և լինել երջանիկ: Եղբայրնե՛ր և քույրե՛ր, մեզ ուղղված Փրկչի հրավերն է՝ մեր սրտերը դարձնել դեպի Նա: Դա այս կյանքում երջանկություն գտնելու ճանապարհն է»:

Երեց և Քույր Սոարեսներն ասացին, որ իրենց հուզել է այն ջերմ ընդունելությունը, որին նրանք արժանացել են, և գոհացել են այն ուժից ու հավատքից, որին ականատես են եղել իրենց պորտուգալացի եղբայրների և քույրերի շրջանում:

«[Մենք] միշտ աղոթում ենք, որ ավետարանը տարածվի այս երկրագնդի վրա ամենուր», - ասաց քույր Սոարեսը: «Ես միշտ աղոթում եմ, որ այն իսկապես հասնի Պորտուգալիայի բոլոր մասերին, որպեսզի բոլոր մարդիկ ունենան նույն արտոնությունը, որը մենք ունենք՝ լսել և զգալ ավետարանի գեղեցկությունը: Մենք Պորտուգալիայում տաճար ունենք, և սա ամենամեծ օրհնություններից մեկն է, որ կարող ենք ունենալ»:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.