Ցավով հայտնում ենք, որ այսօր մահացել է Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Տասներկու Առաքյալների Քվորումի գործող նախագահ` նախագահ Մ Ռասսել Բալլարդը։ Նա 95 տարեկան էր։
Երեց Բալլարդը առաքյալ է դարձել 1985 թվականի հոկտեմբերի 6-ին: 2018 թվականի հունվարի 16-ին նա կարգվել է որպես Տասներկու Առաքյալների Քվորումի գործող նախագահ: Նոր Կտակարանի ժամանակների առաքյալների նման այսօրվա առաքյալները կանչված են որպես Հիսուս Քրիստոսի հատուկ վկաներ: Երեց Բալլարդը մեկն էր այն 15 տղամարդկանցից, ովքեր օգնում են վերահսկել ամբողջ Եկեղեցու աճն ու զարգացումը, որն այժմ ունի ավելի քան 17 միլիոն անդամ:
«Նախագահ Բալլարդը երբեք անվճռական չէր»,- ասաց Եկեղեցու Նախագահ Ռասսել Մ. Նելսոնը: «Նա ճշգրիտ գիտեր, թե Տերն ինչ է ուսուցանել, ինչպես կարելի է այն կիրառել մեր կյանքում և բերել ուրախություն ու երջանկություն»:
- 20231001_101822_CPowell_5215.jpg
- President-and-Sister-Richard-with-M.-Russell-Ballard-PH-5128.jpg
- M-Russell-Ballard
- President-M.-Russell-Ballard
- M-Russell-Ballard
- M-Russell-Ballard
- 20231001_095905_CBell_CMB06101.JPG
- Photo-1.jpeg
1 / 2 |
«Մենք սերտորեն աշխատել ենք միասին և ինձ միշտ դուր է եկել նրա ջերմ վարվելակերպը», - ասաց նախագահ Դալլին Հ. Օուքսը Առաջին Նախագահությունից, ով ավելի քան երեք տասնամյակ Տասներկու Առաքյալների Քվորումում նստել էր նախագահ Բալլարդի կողքին: «Նա մի մարդ էր, ում կարելի էր վստահել: Եվ մի մարդ էր, ով վստահում էր քեզ»:
Նրա յոթ երեխաները և բազմաթիվ թոռներն ու ծոռները շարունակում են Նախագահ Բալլարդի սերունդը:
Հուղարկավորության մանրամասները դեռ հայտնի չեն։
Աշխատանքի էթիկան յուրացրել է կյանքի վաղ շրջանում
Մելվին Ռասսել Բալլարդը ծնվել է 1928թ. հոկտեմբերի 8-ին Սոլթ Լեյք Սիթիում (Յուտա)՝ Մելվին Ռ. և Ջերալդին Սմիթ Բալլարդների ընտանիքում: Նա իր աշխատանքային էթիկան յուրացրել է կյանքի վաղ շրջանում՝ ավտոսրահում աշխատելիս: Նրա հայրը հիմնեց Ballard Motor Company-ին, իսկ երիտասարդ Ռասսելը՝ ընտանիքի չորս զավակներից միակ որդին, աշխատում էր ընկերության բոլոր բաժիններում, այդ թվում` մեքենաներ էր վարում օգտագործված մեքենաների կայանատեղում, երբ դեռ պատանի էր:
Այս փորձառությունները օրինակ հանդիսացան աշխատանքի համար, որը նախագահ Բալլարդի համար լավ ծառայեց իր կյանքի բոլոր ոլորտներում: «Հորս միջոցով ես իմացա, որ երբ ինչ-որ բան ես սկսում, պետք է ավարտես», - ասել է նա: «Ի վերջո, այն աշխատում է ձեր օգտին. կա՛մ դուք հաղթում եք, և այն դառնում է շահավետ, կա՛մ հասկանում եք, որ այն չի աշխատելու, և հեռանում եք դրանից, բայց երբեք չեք դադարում մտածել՝ արդյո՞ք պատրաստ եք շարունակել այն»:
Նման հաստատուն վերաբերմունքը օգտակար էր նրա ողջ կյանքի ընթացքում, ներառյալ՝ Յուտայի համալսարանում անցկացրած օրերը, նրա մասնագիտական կյանքը ավտոմոբիլային, անշարժ գույքի և ներդրումային արդյունաբերություններում և նրա տարբեր հանձնարարությունները Եկեղեցում:
«Ձեռնարկատիրական փորձառությունը օգնում էր նրան ստուգող հարցեր տալ, որոնք պետք է տրվեն, երբ ծրագիր եք առաջարկում կամ երբ հարցնում եք. «Արդյո՞ք դուք արդյունավետ եք օգտագործում միջոցները»: Ասել է նախագահ Օուքսը:
Նա եկեղեցու ղեկավար էր, ով մարգարեների ժառանգ էր
Նախագահ Բալլարդն իր աշխատասենյակում պահում էր Եկեղեցու երեք հայտնի առաջնորդների կիսանդրիները՝ Եկեղեցու հիմնադիր Ջոզեֆ Սմիթի և նրա եղբայր Հայրումի (նախագահ Բալլարդի նախապապը), ինչպես նաև Հայրումի որդու՝ Նախագահ Ջոզեֆ Ֆ. Սմիթի կիսանդրին, ով եկեղեցու վեցերորդ նախագահն էր: Քրիստոնեական աշակերտության նրանց ժառանգությունը, որն, իհարկե, ներառում է Ջոզեֆի և Հայրումի նահատակությունը 1844 թվականին, ոգեշնչում էր Նախագահ Բալլարդին մինչև իր կյանքի վերջը:
«Երբ ես հասկացա, թե ովքեր են նրանք, և ով եմ ես, դա անհավատալի էր», - ասել է Նախագահ Բալլարդը 2019-ին: «Ես անընդհատ գիտակցում եմ, որ ես պարտականություն ունեմ հենց այն փաստի ուժով, որ կապ ունեմ նրանց հետ: Նրանք ինձ շարունակ ասում էին. «Զբաղվի՛ր դրանով: Արա ինչ-որ արժեքավոր բան: Առաջ գնա, մի նստիր տեղում»: Նրանք կատարողներ էին: Նրանք ստիպված էին կատարողներ լինել»:
Նա ցանկանում էր, որ Վերջին Օրերի յուրաքանչյուր Սուրբ, ներառյալ իր զավակները, խորապես մտածեին Եկեղեցու այդ վաղ շրջանի ղեկավարների ապրած հավատքի կյանքի մասին: Իր որդուն՝ Քրեյգին, ով այդ ժամանակ 19 տարեկան միսիոներ էր, նա ասաց. «Հիշեք, ձեր երակներում մարգարեների արյուն է հոսում»:
«Դե, ոչ մի ճնշում չկար», - հիշեց Քրեյգը մտածելով: «[Հայրս] ամեն օր իր աշխատասենյակում նայում էր [այդ կիսանդրիներին], … և կարծում եմ՝ նա զգում էր, որ պետք է աներ հնարավոր ամեն բան: Նա դա սերմանեց բոլորիս մեջ»:
Նախագահ Նելսոնն ասաց, որ դարձը, պարտավորությունն ու նվիրումը «[Նախագահ Բալլարդի] արյան մեջ էին: Պատկերացնո՞ւմ եք, մենք արտոնություն ունեինք նստել մի մարդու կողքին, ով Հայրում Սմիթի ծոռան‑-ծոռն‑ էր: Իսկ Ջոզեֆ Սմիթը նրա նախա-‑նախահորեղբայրն էր:‑ Ես ամեն օր երախտագիտություն եմ զգում այդ հարգված ու պատվելի առաջնորդների անմիջական հետնորդի հետ շփվելու արտոնության համար: Նա ունի այն նույն ազնվությունը, ինչ նրանք ունեին»:
Նախագահ Բալլարդի եկեղեցական ծառայությունը ներառում էր նրա ժամանակը՝ որպես երիտասարդ միսիոներ Անգլիայում, եպիսկոպոս, Կանադա Տորոնտո Միսիայի նախագահ, Յոթանասունի նախագահության անդամ և ավելի քան երեք տասնամյակ՝ որպես առաքյալ:
«Ես դա չէի անի փողի համար», - ասել է Նախագահ Բալլարդը: «Դուք չէիք կարող ինձ վարձել փողի դիմաց, որպեսզի անեմ այն, ինչ ինձ խնդրում են անել՝ որպես Տասներկուսի Քվորումի անդամ: Բայց անում եմ հանուն Տիրոջ․ դա ամենամեծ արտոնությունն է, որը երբևէ կարող էր տրվել մարդուն: Մենք՝ Տեր Հիսուս Քրիստոսի կյանքի և ծառայության իրականության վկաներն ենք»:
Նախագահ Բալլարդը լրջորեն ընդունեց այս պատասխանատվությունը՝ թե՛ որպես Եկեղեցու միսիոներական խորհրդի նախկին նախագահ (որն ընդգրկում էր աշխատանքներ Քարոզիր Իմ Ավետարանը, միսիոներական հրահանգների ուղեցույցը մշակելու համար)՝ իր հսկողության տակ գտնվող ավելի քան 50000 միսիոներներով, թե՛ որպես հինգ դուստրերի և երկու որդիների հայր:
Հատուկ վկա, հատուկ հայր
Նախագահ Բալլարդն ասել է, որ իր հրաշալի փորձառություններից մի քանիսը ստացել է իր երեխաներին Հիսուս Քրիստոսի ավետարանի մասին ուսուցանելուց: «Դուք սովորում եք որսալ ուսուցման պահերը, և եթե արթուն ու զգոն եք, դրանք գալիս են միասին, և ամոթ է, որ ցանկացած հայր բաց թողնի այդ պահերը՝ որպես իր երեխաներին որևէ սկզբունք սովորեցնելու հնարավորություն»:
Այդ պահերից մեկը եկավ 1980-ականների վերջում՝ նախագահ Բալլարդի առաքյալ դառնալուց հետո: Նրա կրտսեր որդին՝ Քրեյգը, խոստովանում է, որ ինքը «մի փոքր վրդովվում էր», քանի որ հայրը հանձնարարությամբ հաճախ էր բացակայում տնից: Հեշտ չէր ողջ աշխարհի Սրբերի հետ կիսել այն մարդուն, ում նա «հայրիկ» էր անվանում: «Երբ ես երիտասարդ էի, չէի հասկանում դա»,- ասել է Քրեյգը։ Բարեբախտաբար, նախագահ Բալլարդն ըմբռնեց այդ թյուրիմացությունը: Ճանաչելով ուսուցման հնարավորությունը՝ նախագահ Բալլարդը Քրեյգին իր հետ տարավ Տոնգա և Սամոա, երբ մեկնեց այնտեղ Եկեղեցու հանձնարարությամբ:
«Երբ մենք իջանք այդ ինքնաթիռից, առաջին անգամ ես հասկացա, թե ինչպիսին են ուրիշները տեսնում նրան»,- ասաց Քրեյգը: «Շատերը քայլել էին երկու օր, որպեսզի պարզապես տեսնեին առաքյալին: Այդ ժամանակ էր, երբ դա ինձ համար բեռից վերածվեց օրհնության, որպեսզի ես այս մարդուն սերտորեն ճանաչեմ»:
Քրեյգն ասաց, որ դա նախագահ Բալլարդի պարգևի արտացոլումն էր՝ ոչ միայն ինչ-որ բան պատմել մարդկանց, այլև ուսուցանել նրանց:
«Նա պարզապես չէր ասում. «Դե, համակերպվիր դրա հետ»: Նա գիտեր, որ ես պետք է դա հասկանայի, և ես պետք է լինեի նրա կոչումին աջակցելու մի մասը», - ասաց Քրեյգը: «Դա սովորելու հիանալի փորձառություն էր ինձ համար, և նա դա արել է բազմիցս՝ յուրօրինակ ձևերով: Նա ոչ միայն հատուկ վկա էր, այլև՝ հատուկ հայր»:
Ուսուցման մեկ այլ պահ էլ եկավ այն բանից հետո, երբ նրա դպրոցահասակ դուստր Թամմին ընկերների հետ խաղում էր մի մեքենայի մեջ, որն ինչ-որ կերպ հետ էր գնացել՝ ջարդելով դուռը: Թամմին ասաց, որ ինքը քարացել էր՝ իմանալով, որ մեքենան, որն իր կարծիքով իր հորն էր, իրականում պատկանում էր մեկ ուրիշ մարդու: Նախագահ Բալլարդն ասաց, որ երբ ինքը վերադարձավ տուն և տեսավ իր դստեր դեմքը, գիտեր, որ նա ուշադրությամբ իրեն էր լսելու: «Ես նրան սովորեցրի, որ նա շատ ավելի թանկ է, քան Cadillac ավտոմեքենան, որը նա կոտրեց, և շատ ավելի կարևոր էր այն, թե ինչ էր տեղի ունեցել նրա կյանքում, և որքան թանկ էր նա ինձ համար: Մենք կարող էինք նորոգել մեքենան, բայց եթե նա իր կյանքում ինչ-որ սխալ բան աներ, շտկելը շատ ավելի դժվար կլիներ»:
«Նա կհիշվի որպես հիանալի ամուսին և հրաշալի հայր»,- ասաց Ննախագահ Նելսոնը: «Դա էր նրա գերագույն առաջնահերթությունը։ Դրանով նա լավ օրինակ թողեց մեզ համար, չնայած որ նա իր ժամանակին շատ ու շատ պահանջներ ուներ: Նրա ընտանիքը միշտ առաջին տեղում էր»:
Տարիներ շարունակ նախագահ Բալլարդի երեխաները ապավինեցին նրա հոգևոր զորությանը: Նրա հանգուցյալ կինը՝ Բարբարան, ասել է. «Երբ մենք ծառայում էինք Կանադայի միսիայում, մեր փոքրիկ տղան նոր էր մանկապարտեզ գնում և ոչ մեկի չէր ճանաչում: Նա վախեցած էր։ Ամուսինս նրան տարավ գրասենյակ, ծնկի իջավ նրա հետ և աղոթեց, որ Երկնային Հայրը օգնի նրան ընկերներ գտնել: Մի քանի օր անընդմեջ նրանք միասին ասացին այդ աղոթքը: Նա այդ եղանակով օգնել է մեր մի քանի երեխաներին, երբ նրանք ունեցել են հատուկ կարիքներ»:
Բալլարդները ոչ միայն պարբերաբար միասին աղոթում էին, այլև միասին խաղեր էին խաղում արկածներով լի ընտանեկան արձակուրդներին: Նախագահ Բալլարդը հիշեց այն ուղևորությունը, որը նրանք կատարեցին դեպի Կալիֆորնիա՝ տուն անիվների վրա ավտոմեքենայով, որը առաջին թողարկվածներից էր: «Ես նրանց տարա Չայնաթաուն, իսկ Սան Ֆրանցիսկոյում բոլորը նայում էին այդ հոյակապ մեծ մեքենային, մատնացույց էին անում ու ծիծաղում դրա վրա», - ասել է նա: «Ես չէի կարողանում տեղ գտնել այն կայանելու համար, ուստի բոլորին իջեցրի Չայնաթաունում, շարունակեցի վարել այն Սան Ֆրանցիսկոյի բլուրների շուրջը և, վերջապես, բոլորին հետ վերցրի»:
Ամուսնությունը իր «Հրեշտակ» Բարբարայի հետ
Նախագահ Բալլարդը չէր կարող խոսել իր ընտանիքի մասին՝ առանց Բարբարային գովաբանելու: «Նա պարզապես հրեշտակ է: Շատ դժվար է ապրել ինչ-որ մեկի հետ, ով գրեթե կատարյալ է»,- ասաց նա: Նրանք հանդիպեցին Յուտայի համալսարանի «Hello Day Dance»-ում: «Նա ոչ միայն գեղեցիկ էր, այլև վառ անհատականություն էր: Ես ի սկզբանե գիտեի, որ ուզում եմ ամուսնանալ նրա հետ, բայց նա չէր կիսում նույն զգացմունքները: Մի քիչ դժվար էր համոզել նրան: Ես կատակում էի, որ եթե ստիպեի նրան, որ համաձայնվեր ամուսնանալ ինձ հետ, ապա դա իմ երբևէ կատարած ամենահաջող գործարքը կլիներ»:
Նախագահ Բալլարդը նկարագրում էր Բարբարային՝ որպես հիանալի մայր, որի հանգիստ մոտեցումը տան կյանքը ավելի էր նմանեցնում երկնքին: «Եթե մեր յոթ երեխաներին այստեղ բերեիք և հարցնեիք, թե երբևէ լսել են իրենց մայրն ինչպես է ձայնը բարձրացնում մեր տան պատերի մեջ, նրանց պատասխանը կլինի՝ ոչ, նա երբեք չի արել դա: Իր յուրահատուկ խառնվածքի շնորհիվ նա կարողանում է հանգիստ ու լուռ աշխատել ճգնաժամային իրավիճակում: Նա բարի է, սիրող, հոգատար, զգոն, և երեխաները պաշտում են նրան: Աշխարհում չկա մեկը, ում հանդեպ մեր զավակները զգում են այն, ինչ զգում են իրենց մոր նկատմամբ»:
Նրանց երկրորդ զավակը՝ Հոլլին, համաձայնում է այդ մտքի հետ: Նա ասաց, որ ծնողների սերն ու հարգանքը միմյանց հանդեպ ազդել են իր և իր եղբայրների ու քույրերի վարքի վրա՝ կյանքը ձևավորող եղանակներով:
«Մենք զգում էինք, որ ամենալավ վայրը տուն էր և այդ միջավայրում լինելը, քանի որ մեր ծնողները շատ լավ էին վերաբերվում միմյանց»,- ասաց նա: «Ես սովորեցի, որ բոլորի հետ պետք է հարգանքով վերաբերվել: Եվ շատ լավ է, որ նրանք մեզ սովորեցնում էին դա մանկության տարիներին»:
Նախագահ Օուքսը, ով նախագահ Բալլարդից մեկ տարի առաջ էր կանչվել Տասներկու Առաքյալների Քվորում, ասաց, որ ինքը «այնքան հիացած էր, թե ինչպես է նախագահ Բալլարդը վերաբերվում իր հավերժական ուղեկից Բարբարային: Ծերության հասակում նա պարզապես օրինակելի ամուսին է եղել: Այնքան խորամիտ: Եվ այնքան քնքուշ»։
Բարբարան մահացավ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին՝ 86 տարեկան հասակում։ Իրեն բնորոշ շնորհով և հումորի զգացումով նա երկարատև մաքառումների մեջ էր որոշակի առողջական խնդիրների հետ, այդ թվում՝ Ալցհեյմերի հիվանդության հետ:
«Որքա՜ն երախտապարտ եմ, որ գիտեմ, թե որտեղ է իմ թանկագին Բարբարան և, որ մենք կրկին միասին կլինենք մեր ընտանիքի հետ ողջ հավերժության համար»,- ասել է նախագահ Բալլարդը գերագույն համաժողովին՝ Բարբարայի մահից հինգ օր անց:
Անհատական սպասավորում
Նախագահ Բալլարդի քնքուշ զգացմունքներն իր ընտանիքի հանդեպ տարածվում էին նաև այն անհատների վրա, ում նա ամբիոնից էր ուսուցանում: 1980 թ.-ի հոկտեմբերին կայացած Եկեղեցու գերագույն համաժողովի ելույթի ժամանակ նա հրավիրեց Վերջին Օրերի Սրբերին իրեն ուղարկել կարիքավոր մարդկանց անուններ: Փոխարենը նա խոստացավ այդ մարդկանց խրախուսական նամակներ գրել: Հարյուրավոր նամակներ էին գալիս ամբողջ աշխարհից: Ի վերջո, Նախագահ Բալլարդը ավելի քան 600 անձնական խրախուսական նամակներ գրեց այն մարդկանց, ովքեր հոգևոր օգնության կարիք ունեին: Ստացողներից մեկը գրել է. «Ես զգում եմ, որ ձեր նամակը իմ կյանքի այս արտասովոր փոփոխության իրական սկիզբն էր, և ես ի սրտե շնորհակալություն եմ հայտնում ձեզ»:
«Մենք պետք է հասնենք հենց այդպիսի կարիքավոր մարդկանց»,- ասել է Նախագահ Բալլարդը: «Մենք պետք է ամեն կերպ ուղիներ փնտրենք, որպեսզի կարողանանք օգնել միմյանց մահկանացու կյանքի այս ճանապարհի ընթացքում: Կարծում եմ, հոգու խորքում մարդիկ հիմնականում լավն են, և նաև կարծում եմ, որ նրանք ցանկանում են իմանալ, թե ինչ է ճշմարտությունը, բայց նրանք չգիտեն, թե որտեղ գտնել այն: Նրանք հարցնում են. «Ո՞վ եմ ես: Որտեղի՞ց եմ եկել: Ինչո՞ւ եմ ես այստեղ: Ո՞ւր եմ գնում: Ինչի՞ն է հանգեցնում այս ամենը: Սա ո՞ւր է տանում ինձ»:
Նախագահ Բալլարդը ձեռնամուխ եղավ պատասխանելու մեր հարցերին Our Search for Happiness (1993), գրքում, որն օգնում էր ուսուցանել ուրիշներին Եկեղեցու և նրանց կյանքի նպատակի մասին: Նախագահ Բալլարդը հեղինակեց նաև Counseling with Our Councils (1997) գիրքը, որն օգտագործվում էր Եկեղեցու բոլոր տեղական ղեկավարների կողմից:
Որպես ամուսին, հայր և առաքյալ իր բոլոր փորձառությունների ընթացքում նախագահ Բալլարդը բոլոր գործերում դիմում էր Հիսուս Քրիստոսին՝ ներշնչանքի և հավաստիացման համար: Իրականում, դժվարին օրերին քաջալերվելու համար նա իր բաճկոնի ծոցագրպանում հաճախ պահում էր Փրկիչի մի փոքրիկ պատկեր:
«Երբ նա հուսահատվում էր, նա հանում էր այն գրպանից, նայում էր [Հիսուս Քրիստոսի պատկերին] և մտածում էր. «Ես կարող եմ անել դա: Ես կարող եմ ամեն ինչ անել Նրա համար», - պատմում է Հոլլին:
Նախագահ Բալլարդը հասկացել էր, որ Հիսուս Քրիստոսի ավետարանը խարիսխ է փոփոխվող արժեքների աշխարհում: «Ես լիովին համոզված եմ, որ կյանքի փորձություններին կկարողանան դիմակայել նրանք, ովքեր իսկապես հիմնված են Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնման և մարգարե Ջոզեֆի առաքելության, նրա միջոցով Եկեղեցու վերաբերյալ ստացված հայտնությունների հանդեպ ունեցած հավատքի վրա, որոնք հաստատում և հայտարարում են, որ Հիսուս Քրիստոսն Աստծո Որդին է, և որ ավետարանը երկրի վրա է»: