Նորություններ

Երեց Բեդնարը հանդիպում է եվրոպացի ռահվիրաների հետ

Առաքյալն ավարտում է այցը Կենտրոնական Եվրոպայի հինգ երկրներ

«Մենք շփվում ենք Սրբերի հետ, որոնք ստեղծում են Եկեղեցու հիմքը, որը գոյատևելու է սերունդներ շարունակ», - ասաց Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը, երբ հոկտեմբերին շրջագայում էր Կենտրոնական Եվրոպայում՝ սպասավորման շրջագայության շրջանակներում: Երեց Բեդնարին միացել էին նրա կինը՝ Սյուզանը, և մյուս ավագ ղեկավարները: Նրանք այցելեցին հինգ երկրներ՝ Շվեյցարիա, Ալբանիա, Ավստրիա, Հունգարիա և Ռումինիա:

Ճամփորդությունը սկսվեց Ժնևում (Շվեյցարիա), 2022թ. հոկտեմբերի 8-ին՝ շաբաթ օրը, ՄԱԿ-ի բարձրաստիճան դիվանագետների և համաշխարհային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Վերջիններս մարդասիրական ծրագրերում համագործակցում են Եկեղեցու հետ: Այն ավարտվեց շաբաթ օրը՝ հոկտեմբերի 16-ին, Բուխարեստում՝ Ռումինիայի բոլոր Վերջին Օրերի Սրբերի համար կատարվող հատուկ երկրպագության ծառայություններով:

«Մենք պարզապես զգացինք, որ ժամանակն է վերադառնալ և բարձրացնել մեր ձայնը՝ գովաբանելով այս մարդկանց հավատարմությունն ու նվիրվածությունը, և մեր վկայությունները բերել նրանց», - ասաց երեց Բեդնարը:

Ալբանիայի ռահվիրաները

Ալբանիայում գտնվող Վերջին Օրերի Սուրբ ռահվիրաները մի քանի տարի սպասել են, որ Առաքյալ այցելի իրենց երկիր: «Կարծում եմ, որ սովորաբար աճը չափում ենք թվերով: Այստեղ թվերը մեծ չեն, բայց դուք զգում եք [Ալբանիայի] աննկուն Սրբերի ուժը: ՔՈՎԻԴ-ի ժամանակ մեկուսացումն իսկական մարտահրավեր էր, իսկ այժմ նրանք կարող են նորից հավաքվել միասին», - բացատրեց երեց Բեդնարը Ալբանիայի մայրաքաղաք և ամենամեծ քաղաք Տիրանա կատարած իր այցի ժամանակ:

«Պարտադիր չէ ձեռնասայլ հրել՝ ռահվիրա լինելու համար», - ասաց քույր Բեդնարը: «Դուք պարզապես պետք է մեծ հավատք ունենաք, հատկապես նման տարածքում, որտեղ Եկեղեցու շատ քիչ անդամներ կան»:

2022 թվականի հոկտեմբերի 11-ին՝ երեքշաբթի օրը, Տիրանայում տեղի ունեցավ հատուկ ժողով միսիոներների համար, որոնք ծառայում են Ալբանիայում, Կիպրոսում, Հունաստանում, Կոսովոյում և Հյուսիսային Մակեդոնիայում: Անդամները հավաքվել էին համաժողովների սրահում՝ երեկոյան հոգևոր հավաքի համար:

Տիրանա Ալբանիա ցցի նախագահ Ջեթմիր Հիսին ասաց, որ Եկեղեցին այս տարի նշում է մի կարևոր իրադարձություն: Միսիոներներն առաջին անգամ երկիր ժամանեցին 1992 թվականի հունիսին:

«Եկեղեցին այստեղ է մոտ 30 տարի: Մենք ունենք երիտասարդ տղամարդիկ և [երիտասարդ] կանայք, որոնք այժմ ամուսնանում են և պարզապես ստեղծում են իրենց ընտանիքները: Եվ այսպես, մենք սկսում ենք այդ երկրորդ սերունդը Եկեղեցում», - ասաց նախագահ Հիսին:

Դորյանա և Էրալդ Վելիուները առաջին երիտասարդ ալբանացի զույգն է, որն ամուսնացել է տաճարում: 2005թ. օգոստոսի 3-ին նրանք մեկնեցին Ֆրանկֆուրտ (Գերմանիա)՝ իրենց հարսանեկան արարողության համար: Այսօր նրանք իրենց երկու երեխաներին մեծացնում են Եկեղեցում:

«Մենք շատ չենք մտածում ռահվիրաներ լինելու մասին, քանի որ կան շատ այլ մարդիկ, որոնք մեզանից շատ ավելին են արել և ավելի շատ ներգրավված են եղել Եկեղեցում, քան մենք», - ասաց Էրալդ Վելիուն, որը ծառայում է որպես ցցի նախագահության խորհրդական։ «Երբ մարդիկ ինձ հարցնում են, թե ինչ է նշանակում լինել Եկեղեցու անդամ, մենք ասում ենք, որ փորձում ենք լինել այն փարոսը, այն փոքրիկ լույսը, որը մյուսներին կառաջնորդի դեպի վերջնագիծը»:

Ծրագրեր են կազմվում՝ 2023 թվականին Ալբանիայում Եկեղեցու կազմավորման օրը նշելու համար:

«Կարծում եմ, ապագան այստեղ պայծառ է։ Փրկչի հանդեպ հավատքի այս հիմքի վրա մի շատ ամուր կառույց կշարունակվի կառուցվել», - նկատեց Երեց Բեդնարը:

Կենտրոնանալ «Աճող սերնդի» վրա

Ավագ ղեկավարները իրենց սպասավորման ջանքերի մեծ մասը կենտրոնացրել են երիտասարդների և չափահաս երիտասարդների վրա, որոնց հաճախ անվանում են «աճող սերունդ», քանի որ Եկեղեցին շարունակում է ավելի հասուն դառնալ  Կենտրոնական Եվրոպայում:

Վիեննայում (Ավստրիա) երեց Բեդնարը քննարկեց «Երիտասարդներին զորացնելու համար» նոր ուղեցույցը դեռահասների և նրանց ղեկավարների համար նախատեսված հատուկ հանդիպման ժամանակ:

«Այն, ինչ ես այսօր լսեցի, այն մասին էր, որ Հիսուսը և Աստված մեր կողքին են ամեն անգամ, երբ մենք նրանց կարիքն ունենք», - ասում է Յակոբ Հուսը՝ ավստրիացի մի երիտասարդ:

Քույր Բեդնարն ասաց, որ իրենց համար այցելությունը Վիեննա ոգևորիչ և հուզիչ է, քանի որ հայտարարվելու է քաղաքում նոր տաճարի կառուցման մասին:

Չեխիայի Հանրապետությունում հիմնված Կումորա ակադեմիայի ուսանողները մասնակցեցին մեկ այլ հանդիպման, որտեղ երիտասարդները կարողացան հարցեր ուղղել առաքյալին:

«Եկեղեցու երիտասարդները Եկեղեցու ապագան են: Եվ այս աշխարհի աճող խառնաշփոթի մեջ մենք հրատապ անհրաժեշտություն ենք տեսնում օգնել երիտասարդներին ամուր հիմքեր ունենալ Քրիստոսի վեմի վրա», - հայտարարեց երեց Բեդնարը:

Տաճարներ Կենտրոնական Եվրոպայում

Մինչ Կենտրոնական Եվրոպայի Վերջին Օրերի Սրբերը կերտում են իրենց հավատքը, Ավստրիայում և Հունգարիայում տաճարներ կառուցելու ծրագրեր են իրականացվում:

«Մեր խորհուրդը տաճարի վերաբերյալ հետևյալն է՝ մի կենտրոնացեք տաճարի վրա՝ որպես գեղեցիկ, հոյակերտ շինության: Խոսքը շենքի մասին չէ, խոսքը Տեր Հիսուս Քրիստոսի մասին է և այն մասին, թե տաճարում կատարվող ուխտերի և արարողությունների միջոցով մենք ինչպես կարող ենք Նրա հետ լծվել այդ գործին», - ուսուցանեց Երեց Բեդնարը:

«Եկեղեցին այստեղ դեռ սկզբնական փուլում է։ Մեզանից շատերը առաջին սերնդի անդամներ են: … Քանի որ մենք քիչ ենք, ես հավատում եմ, որ դա մեզ ավելի ուժեղ է դարձնում, ստիպում է մեզ գնահատել ավետարանի բոլոր օրհնությունները, ներառյալ տաճարը, քանի որ մենք այստեղ դեռ տաճար չունենք», - ասում է Ռադու Ստոյկան՝ Վերջին Օրերի Սրբերի ռահվիրաներից մեկը Ռումինիայից, որը Բրաշովի շրջանի նախագահն է։

Ռումինիայում ապրում են մոտ 3000 Վերջին Օրերի Սրբեր: Սա մի երկիր է, որտեղ գերակշռում են ուղղափառ ավանդույթները:

«Մարդիկ հավատում են Աստծուն: Նրանք մեծացել են առ Աստված հավատքով, բայց երբեմն դժվար է որոշ փոփոխություններ կատարել», - ասաց նախագահ Ստոյկան, որը միացել է Հիսուս Քրիստոսի Եկեղեցուն, երբ 9 տարեկան էր:

Երեց Բեդնարն ավարտեց իր ճամփորդությունը՝ այցելելով Բուդապեշտ (Հունգարիա) և Բուխարեստ (Ռումինիա), որտեղ նա հանդիպեց միսիոներների և տեղի համայնքների հետ՝ նախքան Յուտա վերադառնալը:

«Ավետարանի ուրախությունը, սերը և ընկերակցությունը պարզապես ակնհայտ է նրանց դեմքերին՝ հզոր դրսևորումներով», - եզրափակեց Երեց Բեդնարը:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.