Նորություններ

Եկեղեցին արագ արձագանքում է Ֆրանսիայում և Իսպանիայում մոլեգնող անտառային հրդեհների սպառնալիքին

Բորդո քաղաքին և հարակից շրջաններին սպառնացող անտառային հրդեհների ֆոնին Եկեղեցու ղեկավարները արագորեն արձագանքեցին՝ աջակցություն ցուցաբերելու իրենց տներից տարհանված մարդկանց և առաջնագծում աշխատող հրշեջներին։

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Լորմոնի հավաքատանը կարճ ժամանակում բացվեց արտակարգ իրավիճակների ընդունման կենտրոն՝ տարհանվածներին ընդունելու համար։ Տարհանումից հետո առաջին գիշերներին այդ շենքը նրանց ապահովել է գիշերելու վայրով։

Վերջին երկու օրերի ընթացքում, բարենպաստ եղանակային պայմանների շնորհիվ, հրշեջներին հաջողվել է զգալիորեն դանդաղեցնել հրդեհի տարածումը։ Սակայն հրդեհը դեռևս ակտիվ տարածվում է և լիովին վերահսկողության տակ չի առնվել։ Առաջիկա օրերին սպասվում է նոր շոգի ալիք՝ մինչև 40°C ջերմաստիճանով և ավելի ուժեղ քամիներով, ուստի իրավիճակը շարունակում է մնալ վտանգավոր։

Հրդեհից անմիջականորեն տուժել է Եկեղեցու երեք համայնք, որոնցից մեկի՝ Էյսինի (Eysines) ծխի գրեթե բոլոր անդամները տարհանվել են։ Մոտ 200 անդամներ ստիպված լքել են իրենց տները և ժամանակավորապես ապաստան են գտել մյուս անդամների ընտանիքներում կամ տեղավորվել Լորմոնի հավաքատանը։

Եկեղեցու օգնության աշխատանքները հիմնականում կենտրոնացած են երեք ուղղությունների վրա.

  • Լորմոնի հավաքատունը հատկացվում է որպես ապաստան՝ տարհանվածներին ապահովելու գիշերելու վայրով և սննդով։
  • Տարհանվածներին տրամադրվում են սննդի, հագուստի և առաջին անհրաժեշտության այլ պարագաներ մոտակայքում գտնվող ևս երկու ընդունման կենտրոններում։ Եկեղեցու անդամներն օգնում են տեսակավորել նվիրաբերված իրերը և հասկանալ անհրաժեշտ կարիքները, որպեսզի օգնությունը հասնի այդ մարդկանց։
  • Աջակցություն է տրամադրվում առաջնագծում ծառայող հրշեջներին։ Եկեղեցին ձեռք է բերել մի քանի բեռնատար մեքենա, որոնք բեռնված են մեծ տարողությամբ ջրի տարաներով՝ հրշեջներին ջրով ապահովելու համար։ Օրեր շարունակ կրակի դեմ պայքարելու պատճառով նրանցից շատերը ուժասպառ են եղել։

Տարածաշրջանի Եկեղեցու բարձրաստիճան ղեկավարները, այդ թվում՝ տարածաշրջանի նախագահ Ռուբեն Վ. Ալիոն, տարածաշրջանի յոթանասունականները և Բարօրության ու ինքնապահովության բաժնի ներկայացուցիչները, համագործակցում են Բորդոյի ցցի նախագահ Ժյուլիեն Ռավենոյի և եպիսկոպոս Թոմ Դարգուանսի հետ, որոնք ղեկավարում և համակարգում են տեղական օգնության աշխատանքները։

«Թեև այժմ հրդեհը թվում է ավելի կայուն, քան իր ամենաթեժ փուլում, այրված հսկայական տարածքները, ավերված տները, զանգվածային տարհանումները և սպասվող նոր շոգի ալիքը նշանակում են, որ ճգնաժամը դեռ ավարտված չէ»,- ասել է նախագահ Ալիոն։ «Մենք ցանկանում ենք, որ մեր անդամները պատրաստ լինեն»։

Տեղական ղեկավարները նաև շարունակաբար տեղեկություններ են փոխանցում Եկեղեցու գլխավոր գրասենյակներին։

Տարածաշրջանում տարհանվել է ավելի քան 225 000 մարդ, որն այս արտակարգ իրավիճակը դարձնում է Ֆրանսիայի նորագույն պատմության ամենախոշոր անտառային հրդեհներից մեկը։

Իսպանիայում, որը նույնպես տուժել է Արևմտյան Եվրոպայի անտառային հրդեհներից, իրավիճակը դեռևս լուրջ է, սակայն զգուշավոր լավատեսության հիմքեր կան։ Մադրիդի և Ավիլայի շրջակայքում ճգնաժամի ամենածանր պահին տարհանվել էր ավելի քան 60 000 մարդ, սակայն այժմ, երբ մի քանի խոշոր հրդեհներ վերահսկողության տակ են վերցվել, բազմաթիվ բնակիչներ արդեն կարողացել են վերադառնալ իրենց տները։

Եկեղեցին համագործակցում է տարածաշրջանում գործող հասարակական կազմակերպությունների հետ՝ գնահատելու մարդասիրական օգնության կարիքները։

Ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ Իսպանիայում առաջիկա 48-72 ժամերը վճռորոշ են, քանի որ սպասվող ուժեղ շոգի ալիքը, բարձր ջերմաստիճանը, օդի ցածր խոնավությունը և փոփոխվող քամիները կարող են կրկին ակտիվացնել առկա հրդեհի օջախները կամ առաջացնել նոր հրդեհներ։