Եկեղեցու նվիրաբերած սարքավորումներն օգնում են Թալինի բժիշկներին շրջանի շատ բնակիչների համար կատարել տեսողության բարձր ճշգրտության ախտորոշում:
Մեկուկես տարի առաջ՝ 2023 թվականի մայիսին, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին ավարտեց մարդասիրական նախագիծը, որի շրջանակներում Թալին քացաքում գտնվող տարածաշրջանային ակնաբուժական ախտորոշիչ նորաբաց կլինիկային նվիրաբերվեցին նորագույն տեխնոլոգիական սարքավորումներ՝ Եկեղեցու, Հայկական ակնաբուժական նախագծի (ՀԱՆ) և Թալինի բժշկական կենտրոնի համագործակցության ջանքերով։
Թալինի բժշկական կենտրոնը սպասարկում է Արագածոտնի մարզի 22 գյուղերի և Թալին քաղաքի բնակչությանը։ Բժիշկ Լուսինե Սեխլեյանը և բուժքույր Հասմիկ Կուլյանը, ովքեր կենտրոնը ղեկավարում են 2006 թվականից, նշեցին, որ Եկեղեցու առատաձեռն նվիրատվությունը հիմնովին փոխել է ծառայությունների մատուցման համակարգը և զգալիորեն ընդլայնել դրանց շրջանակը։ Ժամանակակից սարքավորումների շնորհիվ մարդկանց հասանելի են դարձել համալիր ակնաբուժական հետազոտությունները, որոնք թույլ են տալիս վաղ շրջանում ախտորոշել և կանխել կուրությունը։
Սովորաբար ամբողջական ակնային հետազոտություն իրականացնելու համար օգտագործվում են մի քանի սարքեր: Ճեղքային լամպը թույլ է տալիս ախտորոշել կատարակտը, կերատոմետրը՝ եղջերաթաղանթի հիվանդությունները, իսկ աչքի ուլտրաձայնային հետազոտությունը և ակնաբուժական ՀՏ-ն հնարավորություն են տալիս հետևել ցանցաթաղանթի փոփոխություններին, ինչպես, օրինակ, 61-ամյա Մարինե Ավետիսյանի դեպքում։ Նա երկար տարիներ տառապում է շաքարախտով, որն այժմ բարդացել է դիաբետիկ ռետինոպաթիայի պատճառով, ինչը կարող է հանգեցնել կուրության: Այս հիվանդությունը հաճախ ասիմպտոմատիկ է և հայտնաբերվում է մշտական ապարատային հետազոտությամբ: Թալինի բժշկական կենտրոնում այն անցնելուց հետո կինը ստացել է անհրաժեշտ խորհրդատվությունը։
53-ամյա Արտավազդ Նիկողոսյանի մոտ Կենտրոնում կատարված զննությամբ հայտնաբերվել է աչքի հիմնական երակի խցանում։ Նրա տեսողությունը կարող էր կորել մշտական սպիների պատճառով: Կլինիկայի նոր սարքավորումների շնորհիվ տղամարդը նույնպես ժամանակին բուժում է ստացել։ «Նախկինում հիվանդության բարդ դեպքերի պարագայում հիվանդների մեծ մասին մենք ուղղորդում էինք Երևանի կլինիկաներ,- ասաց բժիշկ Սեխլեյանը,- քանի որ չունեինք բարձր ճշգրտության գործիքներ և դրանք օգտագործելու հմտություն: Հիմա մենք կարող ենք շատ ավելին անել և անընդհատ վերապատրաստվում ենք՝ օգտագործելու առաջադեմ տեխնոլոգիաները»։
Մի քանի ամիս առաջ, հիվանդների հոսքի ավելացման պատճառով, Կենտրոնում աշխատանքի ընդունվեց երկրորդ ակնաբույժը՝ բժիշկ Գուրգեն Խլոյանը, ով եկել է Երևանից, որտեղ նրան հաջողվել էր նկատել մայրաքաղաքի կլինիկաներ այցելությունների թվի նվազումը, քանի որ այժմ այնտեղ են ուղարկվում միայն վիրահատության կարիք ունեցողները, իսկ մնացած դեպքերում մարդիկ տեղում բուժվում են ստանում։ «Ես տպավորված եմ սարքավորումներով», - ասաց նա: «Կլինիկան ունի ամեն ինչ՝ աչքի քրոնիկական հիվանդություններ ունեցող հիվանդների ճշգրիտ ախտորոշման և վերահսկման համար»։