39_ELDER_D_TODD_CHRISTOFFERSON_MINISTERING_IN-_ROMESeptember-23,-2025-_.jpg
Նորություններ

Հռոմում կայացած Կաթոլիկ Եկեղեցու համաժողովում առաքյալը մեծարում է մարդկային արժանապատվությունը

«Մենք լուրջ պատասխանատվություն ունենք պաշտպանելու մարդկային արժանապատվությունը, բարոյական կամքի ազատությունը և կրոնական բազմակարծությունը»,- ասաց երեց Քրիստոֆերսոնը։

Հռոմում կայացած մարդկային արժանապատվությանը նվիրված համալսարանական համաժողովում երեց Դ. Թոդ Քրիստոֆերսոնը իր ելույթը կենտրոնացրեց քրիստոնեությանը և բազմակարծիք հասարակությանը վերաբերող կաթոլիկների հրապարակած երեք հիմնական փաստաթղթերի վրա:

Երեքշաբթի օրը՝ 2025 թ․ սեպտեմբերի 23-ին, Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու առաքյալը բազմաթիվ մեջբերումներ կատարեց «Dignitas Infinita»-ից (մարդկային արժանապատվության մասին  հռչակագիր, 2024 թ․), «Dignitatis Humanae»-ից (Պողոս VI պապի տրակտատը կրոնական ազատության մասին, 1965 թ․) և «Rerum Novarum»-ից (Լևոն XIII պապի ուղերձը աշխատողների արժանապատվության մասին, 1891 թ․)։

«Որպես Քրիստոսի աշակերտներ՝ մենք լուրջ պատասխանատվություն ունենք պաշտպանելու մարդկային արժանապատվությունը, բարոյական կամքի ազատությունը և կրոնական բազմակարծությունը»,- ասաց երեց Քրիստոֆերսոնը իր լսարանին Սուրբ Խաչի Հայրապետական ​​Համալսարանում կայացած խմբային քննարկման ժամանակ։ «Ես խորապես գնահատում եմ Կաթոլիկ Եկեղեցու նվիրվածությունը այս հայեցակարգերին և մեր երկու եկեղեցիների ընդհանուր արժեքներին»։

Համաժողովը համաֆինանսավորվել է Բրիգամ Յանգի Համալսարանի Իրավունքի և կրոնական ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի կողմից։

Dignitas Infinita

«Dignitas Infinita» համաժողովի թեմայում ասվում է, որ «յուրաքանչյուր մարդ ունի անսահման արժանապատվություն, որը անբաժանելիորեն հիմնված է նրա էության վրա և գերակշռում է ցանկացած հանգամանքում կամ իրավիճակում, որին անձը երբևէ կարող է հանդիպել»։

«Այս անսահման արժանապատվությունը յուրաքանչյուր մարդու տալիս է պատասխանատվություն՝ վերաբերվել մյուս բոլոր մարդկանց սիրով և հարգանքով»,- ասաց երեց Քրիստոֆերսոնը։ «Սա վերացական պարտականություն չէ։ Այն արմատավորված է Հիսուս Քրիստոսի անձի և օրինակի մեջ»։

Երեց Քրիստոֆերսոնը կիսվեց Վերջին Օրերի Սրբերի ուսմունքներով այս թեմայի վերաբերյալ։ Նա մեջբերեց հանգուցյալ նախագահ Մ. Ռասսել Բալլարդի խոսքերն այն մասին, որ յուրաքանչյուր մարդու ամենակարևոր ինքնությունն այն է, որ նա Աստծո զավակ է։

«Այս ճշմարտությունը հասկանալը՝ այն իսկապես հասկանալն ու ընդունելը, փոխում է կյանքը»,- ասել է նախագահ Բալլարդը 2020 թ․։ «Դա ձեզ տալիս է մի արտասովոր ինքնություն, որը ոչ ոք երբեք չի կարող խլել ձեզանից: Եվ ավելին, այն պետք է ձեզ տա կարևոր լինելու խոր զգացում և ձեր անսահման արժեքի գիտակցում»։

Երեց Քրիստոֆերսոնն ասաց, որ «Dignitas Infinita»-ի կոչը՝ սիրել Աստծուն և ապրել ուրիշների հետ խաղաղության մեջ, խոր արձագանք է գտնում իր մեջ՝ որպես Հիսուս Քրիստոսի հետևորդ։

«Ես խորապես երախտապարտ եմ այս փաստաթղթի և դրա մեջ ավետարանական ճշմարտությունների հաստատման համար, որը մեզ հիշեցնում է Քրիստոսի աստվածային էության և մեր պարտականությունների մասին՝ որպես Նրա աշակերտներ»,- ասաց երեց Քրիստոֆերսոնը։ «Ես նաև շնորհակալ եմ մարդկային արժանապատվության այս հատուկ ընկալման համար, որը, ի թիվս բազմաթիվ այլ ընկալումների, հստակ և խորապես կենտրոնացած է ոչ միայն այն ճշմարտության վրա, որ մենք ստեղծված ենք Աստծո պատկերով, այլև այն ճշմարտության վրա, որ Հիսուս Քրիստոսը մեր օրինակն ու մեր Փրկիչն է»։

Dignitatis Humanae

Երկրորդ փաստաթուղթը, որը երեց Քրիստոֆերսոնը վերլուծեց, «Dignitatis Humanae»-ն էր: Սա «կրոնական ազատության պատմության մեջ հսկայական նվաճում է»,- ասաց նա։

«[Սա] մարդկային արժանապատվության նշանակալի աստվածաբանական մեկնաբանություն է՝ որպես հիմք կրոնական ազատության իրավունքի և սոցիալական պարտականությունների, որոնք մենք բոլորս ունենք՝ պաշտպանելու և խթանելու այս սրբազան իրավունքը»,- ասաց առաքյալը։ «Dignitatis Humanae»-ը կարևորում է այն փաստը, որ կրոնական ազատության խթանման և պահպանման համար համատեղ պատասխանատվություն են կրում կառավարություններն ու անհատները։

Կրոնական ազատության պտուղներից մեկը մարդկանց իրենց բարոյական ազատությունը գործադրելու թույլտվություն տալն է, ասաց երեց Քրիստոֆերսոնը։ Թեև Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցին և Կաթոլիկ Եկեղեցին հասկանում են, որ սա նշանակում է, որ որոշ մարդիկ կընտրեն այլ ուղիներ, երկու հավատքներն էլ սովորեցնում են քաղաքավարության և ուրիշների ընտրությունների նկատմամբ հասկացողության անհրաժեշտությունը։

««Dignitatis Humane»-ն մեզ խորհուրդ է տալիս փնտրել աստվածային ճշմարտությունը և ապրել դրանով, խրախուսել մեր կառավարություններին պաշտպանել կրոնական ազատության անձեռնմխելի իրավունքը և մեր եղբայրների ու քույրերի հետ վարվել «արդարությամբ և քաղաքավարությամբ»՝ հարգելով բոլորի իրավունքները և առավելագույնս կատարելով մեր պարտականությունը բոլորի նկատմամբ»,- ասաց երեց Քրիստոֆերսոնը։ «Ես միանում եմ Պողոս VI պապին և հայտարարում, որ «որպեսզի ամբողջ մարդկության մեջ հաստատվեն և պահպանվեն խաղաղության և ներդաշնակության հարաբերություններ, անհրաժեշտ է, որ կրոնական ազատությունը ամենուրեք ապահովվի արդյունավետ սահմանադրական երաշխիքով և հարգանք ցուցաբերվի մարդու բարձր պարտականության և իրավունքի նկատմամբ՝ ազատորեն վարելու իր կրոնական կյանքը հասարակության մեջ»։

Rerum Novarum

Վերջին փաստաթուղթը, որը երեց Քրիստոֆերսոնը քննարկեց, «Rerum Novarum»-ն էր՝ Լևոն XIII պապի 1891 թ․ հովվական նամակը կապիտալի և աշխատանքի իրավունքների և պարտականությունների վերաբերյալ՝ ի պատասխան այդ ժամանակվա սոցիալիստների և կապիտալիստների միջև տեղի ունեցած բանավեճերին:

Պապը հմտորեն մնաց կուսակցական վեճից դուրս՝ կենտրոնանալով պարտականության, աշխատանքի, առաքինության և բարեգործության սկզբունքների վրա, ասաց երեց Քրիստոֆերսոնը։ Նա նաև նշեց, թե ինչպես է պապը շեշտել «մարդկանց բնորոշ բարոյական հատկանիշները և բոլոր մարդկանց հետ արժանապատվորեն վարվելու կարևորությունը»։

Այսօր նույնքան կարևոր է, ասաց երեց Քրիստոֆերսոնը, զբաղվել խնդիրներով՝ «հրաժարվելով միանալ որևէ ծայրահեղական կողմի»։ Նա հավելեց, որ կրոնական առաջնորդները կարևոր ձայն ունեն հանրային քննարկումներում։

«Հասարակության բոլոր շերտերում առկա հակամարտությունները ողջ աշխարհում պահանջում են կրոնական առաջնորդների ուշադրությունը»,- ասաց երեց Քրիստոֆերսոնը։ «Բոլոր հակամարտությունների բոլոր կողմերի բոլոր մարդկանց ընդհանուր արժանապատվության վրա կենտրոնանալը մեզ կտանի դեպի ավելի խաղաղ, սիրող և հանդուրժող հասարակություններ»։

Այնուհետև երեց Քրիստոֆերսոնը մեջբերեց Լևոն XIII պապի հռետորական հարցը նամակից. «Չե՞ք կարծում, որ եթե հասարակություն ներթափանցեն նման [սուրբգրային] գաղափարներ, վեճերը արագ կդադարեն»։

Իր եզրափակիչ խոսքում երեց Քրիստոֆերսոնը Կաթոլիկ Եկեղեցու համաժողովի մասնակիցների ուշադրությունը հրավիրեց TIME ամսագրում նախագահ Նելսոնի կողմից մարդկային արժանապատվության և խաղաղարարության վերաբերյալ վերջերս արված մեկնաբանությունների վրա:

«Մեզանից յուրաքանչյուրն ունի ներհատուկ արժեք և արժանապատվություն։ Ես հավատում եմ, որ մենք բոլորս սիրող Երկնային Հոր զավակներն ենք»,- գրել է նախագահ Նելսոնը։ «Բայց անկախ ձեր կրոնից կամ հոգևոր լինելուց, այս համոզմունքի տակ թաքնված ճշմարտության ճանաչումը, որ մենք բոլորս արժանի ենք արժանապատվության, ազատագրող է․ այն բերում է հուզական, մտավոր և հոգևոր հավասարակշռություն։ … Մեկ դարի փորձը վստահորեն ինձ սա է սովորեցրել. զայրույթը երբեք չի համոզում, թշնամանքը երբեք չի բուժում, իսկ վեճը երբեք չի հանգեցնում երկարատև լուծումների։ … Եթե ​​մենք ընդունենք այս հավերժական ճշմարտությունները՝ հարգելով մեր սեփական արժեքը, արժանապատվորեն վերաբերվելով ուրիշներին և հոգ տանելով մեր ընտանիքների մասին, մեր կյանքը և մեր աշխարհը կլինեն ավելի կայուն և ուրախ»։

Նախագահ Նելսոնի անունից երեց Քրիստոֆերսոնը ցավակցություն հայտնեց Ֆրանցիսկոս պապի մահվան կապակցությամբ։ Նա նաև շնորհավորեց Կաթոլիկ Եկեղեցուն՝ Լևոն XIV պապի ընտրության կապակցությամբ։

Համաժողովի նպատակը և ազդեցությունը

Համաժողովը երեք մարդկանց համագործակցության արդյունք էր․ Արթուրո Բելոք՝ Սուրբ Խաչի Հայրապետական ​​Համալսարանի բարոյական աստվածաբանության պրոֆեսոր, Անդրեա Փին՝ Պադուայի Համալսարանի իրավաբանական դպրոցի ​​հանրային համեմատական իրավունքի պրոֆեսոր, և Բրեթ Շարֆս՝ ԲՅՀ-ի իրավունքի և կրոնի ուսումնասիրությունների միջազգային կենտրոնի տնօրեն։

Փինը, կաթոլիկ լինելով, հատկապես ուրախացավ, երբ Շարֆսը՝ Վերջին Օրերի Սուրբը, դիմեց իրեն՝ ավելին իմանալու 2024 թ․ «Dignitas Infinita» փաստաթղթի մասին։

«[Երբ նա հարցրեց, ես մտածեցի], որ դա հրաշալի կամուրջ է»,- ասաց Փինը։ «Իմ Եկեղեցուց և փաստաթուղթը հրապարակած ընկերությունից դուրս ինչ-որ մեկն ասաց. «Ես հետաքրքրված եմ դրանով, կարծում եմ՝ մենք կարող ենք քննարկել այն որպես ընկերներ և որպես գիտնականներ»։ Ես մտածեցի, որ մարդկային արժանապատվությունը նորից սկսում է իր գործը կատարել»։

Բելոքը հաստատեց այս թեմայի՝ լայն ուշադրության արժանանալու հանգամանքը՝ նշելով, որ «Dignitas Infinita»-ն «մեծ հետաքրքրություն է առաջացրել բազմաթիվ ոլորտներում» և «շարունակական զրույցի առաջին քայլն է»։ Այս շաբաթվա համաժողովը երկխոսությունը սկսելու միջոցներից մեկն էր։

«Մենք դեռ շատ տարբերություններ կունենանք կոնկրետ սոցիալական խնդիրներ լուծելու հարցում, բայց մենք՝ որպես մարդիկ, պետք է գտնենք ընդհանուր հիմք՝ այս ընդհանուր թեմաների մասին խոսելու համար»,- ասաց Բելոքը։ «[Այս համաժողովի] նպատակը իրականում ընդհանուր լեզու գտնելն էր և քննարկելը, թե մարդկային արժանապատվության հայեցակարգը որքանով կարող է օգտակար լինել կամ ծառայել որպես ընդհանուր լեզու՝ այս խնդիրների մասին կառուցողական և օբյեկտիվ ձևով խոսելու համար»։

Շարֆսը նմանատիպ մտքեր է կիսել՝ գովաբանելով Կաթոլիկ Եկեղեցու համաշխարհային առաջնորդությունը մարդկային արժանապատվության հարցում:

«Նրանց հետ համատեղ աշխատելը շատ արդյունավետ է և շատ կարևոր՝ փոխըմբռնման և համագործակցության ամրապնդման գործում»,- ասաց Շարֆսը։ «Կաթոլիկ Եկեղեցու տարբեր գործընկերների հետ համագործակցությունը բավականին տրամաբանական է, քանի որ նրանք նույնպես զգալիորեն նվիրված են մարդկային արժանապատվության սկզբունքներին»։

Շարֆսն ասաց, որ մարդկային արժանապատվության վրա կենտրոնանալը կարևոր է, քանի որ այն օգնում է տարբեր մշակույթներին հասկանալ կրոնական ազատության կարևորությունը։

«Եթե դուք հոգ եք տանում մարդկային արժանապատվության մասին, ապա հասնում եք կրոնական ազատության»,- ասաց Շարֆսը։ «Բայց, օրինակ՝ մուսուլմանական աշխարհում կրոնական ազատությունը կարող է թվալ օտար՝ ասենք արևմտյան հասկացություն։ Սակայն մարդկային արժանապատվությունը շատ կարևոր հասկացություն է Ղուրանում։ Այսպիսով, եթե դուք ասում եք՝ «եկեք խոսենք մարդկային արժանապատվության մասին», ապա դուք կամուրջ եք կառուցում, որը տանում է դեպի կրոնական ազատության մասին զրույցները։

Համաժողովից հետո տված հարցազրույցում երեց Քրիստոֆերսոնն ասաց, որ միջոցառումը դրական ազդեցություն կունենա առաջիկա ամիսներին և տարիներին։

«Դա նման է լճակի մեջ ընկած քարի, որը անընդհատ ալիքներ է առաջացնում բազմաթիվ վայրերում երկար ժամանակ և ազդում այն մարդկանց վրա, որոնք այսօր կարող են տեղյակ չլինել, թե ինչ է կատարվում»,- ասաց առաքյալը։ «Ես փորձեցի ընդգծել, որ մեր անսահման արժեքը կապված է նաև Հիսուս Քրիստոսի կողմից մարդու փրկագնման, Նրա Քավության և այն բանի հետ, թե ինչ է դա նշանակում մեր վերջնական ճակատագրի համար։ Մեր վերջնական արժեքը կապված է մեր վերջնական ճակատագրի՝ անմահության և հավերժական կյանքի հետ։ Նրա շնորհն ու Նրա քավությունը բանալին են արժանապատվության, այն արժեքի, որը յուրաքանչյուր հոգի ունի՝ անկախ նրանից, թե որտեղ կամ երբ է ապրում։

Կարդինալ Քուվաքադ

Christofferson-in-RomeDownload Photo

Չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 24-ին, Հռոմում գտնվելու ընթացքում երեց Քրիստոֆերսոնը առանձին հանդիպում ունեցավ Կաթոլիկ Եկեղեցու միջկրոնական երկխոսության վերատեսչության ղեկավար, Նորին Սրբություն Ջորջ Քուվաքադի հետ: