yw72ziq63acfdmhmmxudfml35x2fyzkvm9dcgxvy.jpeg
Նորություններ

Երիտասարդ կանանց նոր տարիքային խմբի անունները շեշտում են հավատքը, հույսը և լույսը

Առաջին Նախագահության նամակը բացատրում է, թե ինչպես են նոր անունները արտացոլում աստվածային ինքնությունը, հոգևոր արժանապատվությունը և առաջընթացը

Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Առաջին Նախագահությունը հայտարարել է երիտասարդ կանանց տարիքային խմբերի անունների փոփոխությունների մասին։ Նոր անունների նպատակն է՝ «օգնել երիտասարդ կանանց հասկանալ իրենց աստվածային տեղը Աստծո գործում, ներկայացնել իրենց հոգևոր արժանավորությունը որպես Նրա սիրելի դուստրեր և ընդգծել նրանց առաջընթացը»։

Նոր տարիքային խմբերի անվանումները հետևյալն են․

  • Հավատքը զորացնողներ (երիտասարդ կանայք, որոնք դառնալու են 12 կամ 13 տարեկան)
    Հավատքը զորացնողը օգնում է կառուցել Աստծո արքայությունը՝ Քրիստոսի հանդեպ իր հավատքի, անսասան վկայության և ուրիշներին բարձրացնող ու խրախուսող գործողությունների միջոցով (տես Եփեսացիներին 2․20)։
  • Հույսի սուրհանդակներ (երիտասարդ կանայք, որոնք դառնալու են 14 կամ 15 տարեկան)
    Հույսի սուրհանդակը Քրիստոսի հույսի ուղերձը հասցնում է հոգնածներին՝ խաղաղություն քարոզելով, մխիթարելով և սրտերը բարձրացնելով Հոգու զորությամբ (տես Մոսիա 18․8–9)։
  • Լույսը բարձրացնողներ (երիտասարդ կանայք, որոնք դառնալու են 16 տարեկան կամ ավելի մեծ են)
    Լույսը բարձրացնողը վստահում է աստվածային առաջնորդությանը և ուժ է ստանում ուխտերից, երբ փնտրում, բարձրացնում և արտացոլում է Աստծո լույսը (տես Վարդապետություն և Ուխտեր 50․24)։

2025 թ․ վերջին Երիտասարդ կանանց գերագույն նախագահ Էմիլի Բել Ֆրիմանը այցելել է Երիտասարդներին զորացնելու համար (ԵԶՀ) համաժողով Թահիթիում։ Երբ տեղի երիտասարդ կանայք երգեցին «Քույրեր Սիոնի» երգը, անունների հետևում կանգնած հոգևոր ուժը ևս մեկ անգամ հաստատվեց։ Երիտասարդ կանանց ղեկավարը տեսավ, թե ինչպես է օրհներգի յուրաքանչյուր տուն արտացոլում յուրաքանչյուր տարիքային խմբի նպատակը՝ նախ հավատքը զորացնողների, ապա հույսի սուրհանդակների և վերջապես երրորդ տունը՝ լույսը բարձրացնողների։

«Երբ աղջիկները երգում էին, ես ոգեշնչվեցի մտածել այս ուխտը պահող երիտասարդ կանանց մասին, որոնց նպատակն ու առաքելությունը կլինի հավատքը զորացնելը, հույսով  կիսվելը, լույսը բարձրացնելն ու արտացոլելը ամբողջ աշխարհում»,- ասաց նախագահ Ֆրիմանը։ «Աչքերս արցունքով լցվեցին, երբ հասկացա, որ Հոգին ամբողջ ընթացքում առաջնորդել է այս գործընթացը՝ ոգեշնչելով հավատքի, հույսի և լույսի հետ կապված անուններ, որոնք կօգնեն Աստծո դուստրերին ապրել որպես Քրիստոսի աշակերտներ և կպատրաստեն նրանց միանալու գթության քույրերին՝ Սփոփող միությանը, ողջ կյանքի ընթացքում»։

Առաջին Նախագահության նամակը խրախուսում է տեղի ղեկավարներին աղոթքով ոգեշնչում փնտրել իրենց հավաքների երիտասարդ կանանց ուսուցման և միջոցառումների կազմակերպման ժամանակ։ Անհրաժեշտության դեպքում տարբեր տարիքային խմբեր կարող են հավաքվել միասին։ Անկախ հավաքման ձևից, երիտասարդ կանանց պետք է շարունակել դիմել տարիքային խմբերի անուններով, և յուրաքանչյուր տարիքային խումբ պետք է ունենա կանչված նախագահ։ Հնարավորության դեպքում մեկ կամ երկու խորհրդականներ և մեկ քարտուղար են կանչվում՝ յուրաքանչյուր նախագահին աջակցելու համար։

«Մենք հույս ունենք,- եզրափակել է Առաջին Նախագահությունը,- որ այս տարիքային խմբերի անունները և դրանց ուսուցանած սկզբունքները կօգնեն երիտասարդ կանանց դառնալ Հիսուս Քրիստոսի աշակերտներ ողջ կյանքի ընթացքում՝ պատրաստ մասնակցելու Սփոփող միության մեծ աշխատանքին»։

Անդամներին խրախուսվում է անմիջապես սկսել օգտագործել այս անունները։ Ծխի Երիտասարդ կանանց կազմակերպությունները 2026 թ․ հունիսի 1-ին կանցնեն դասարանային կառուցվածքից տարիքային խմբի կառուցվածքին։ Սա տեղի ղեկավարներին ժամանակ է տալիս անհրաժեշտության դեպքում տարիքային խմբերի նախագահության փոփոխություններ կատարելու համար։ Խնդրում ենք տեսնել հաճախ տրվող հարցերի պատասխանները ստորև։