
2021 թվականի հունվարի 23-ին, կիրակի օրը, հոգևոր հավաքի հեռարձակման ժամանակ նախագահ Ռասսել Մ. Նելսոնը՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Նախագահը, դիմեց Եվրոպայի տարբեր երկրներում ապրող իր անդամներին:
«Աղոթեք և հնարավորություններ գտեք կիսվելու այն ուրախությամբ, որը դուք զգում եք ավետարանում», - ասել է մարգարեն: «Դուք կզարմանաք, թե ինչպես Տերը կպատասխանի ձեր աղոթքներին: … Դուք հիանալի հնարավորություն ունեք՝ գտնելու Իսրայելի այն զավակներին, ովքեր ապրում են կամ գալիս են Եվրոպա»:
Այդպես վարվելով դուք «բառացիորեն կփոխեք Եվրոպայի ապագան», - ասել է նախագահ Նելսոնը: «Ես լիովին հավատում եմ ձեզ, իմ սիրելի եղբայրներ և քույրեր: Դուք ծնվել եք դա անելու համար: Եվրոպային անզուգական ապագա է սպասվում ձեր շնորհիվ»:
48 երկրների մասնակցությամբ հեռարձակմանը մարգարեին միացել էին նրա կինը՝ Քույր Վենդի Նելսոնը, ինչպես նաև Տասներկու Առաքյալների Քվորումից երեց Դեյվիդ Ա. Բեդնարը և նրա կինը՝ քույր Սյուզան Բեդնարը:
Թեև Եվրոպան ավելի ու ավելի աշխարհիկ է դառնում, նախագահ Նելսոնը անսասան լավատեսություն հայտնեց գալիք օրերի համար:
«Ես անտեղյակ չեմ [ներկայիս իրողություններից]», - ասել է նա: «Բայց եղբայրներ և քույրեր, երբեք մի մոռացեք, որ ավետարանի Վերականգնումը սկսվել է, որպեսզի բոլոր տղամարդիկ և կանայք իմանան, որ այն ճշմարիտ է»:
Նախագահ Նելսոնը, ով Եվրոպայում Եկեղեցու աշխատանքը վերահսկում էր 1985-ից 1990 թվականներին, կիրակի օրը հատուկ ուշադրություն դարձրեց երիտասարդներին և չափահաս երիտասարդներին:
«Ձեր ընկերներից շատերը փորձում են հասկանալ, թե ինչո՞ւ են նրանք այստեղ երկրի վրա: Նրանք ցանկանում են իմանալ, թե արդյո՞ք կյանքը որևէ իմաստ և նպատակ ունի: Նրանք ցանկանում են փոխել աշխարհը: Նրանք մտածում են, թե ում կարող են վստահել», - ասել է նախագահ Նելսոնը: «Դուք հասկանու՞մ եք, որ ունեք այն պատասխանները, որոնք փնտրում են այդ ընկերները»:
Այն մարդկանց, ովքեր համոզված չեն Եկեղեցու ուսմունքների ճշմարտացիության վերաբերյալ, նախագահ Նելսոնը խրախուսեց «խնդրել և փնտրել: … Եթե դուք ունեք հարցեր, ապա դա չի նշանակում, որ դուք վկայություն չունեք։ Եթե դուք գիտեք, որ Հիսուսը Քրիստոսն է, և որ Նրա ավետարանը վերականգնվել է, որ Մորմոնի Գիրքն Աստծո խոսքն է, և որ մարգարեները քայլում են երկրի վրա այսօր, ապա դուք ունեք վկայություն: Ձեր շարունակական ուսումնասիրությունն ու որոնումները ժամանակի ընթացքում կօրհնեն ձեզ ավելի մեծ հասկացողությամբ»:
Մարգարեն նաև զգուշացրել է երիտասարդներին և չափահաս երիտասարդներին․ «Կենտրոնացած մնացեք այն ամենի վրա, ինչ դուք գիտեք: … Ականջ դրեք այն աղբյուրներին, որոնց կարող եք վստահել: Ձեր հարցերի պատասխանները փնտրեք՝ աղոթքի, սուրբ գրությունների ուսումնասիրության և մարգարեների, տեսանողների և հայտնողների խոսքերն ուսումնասիրելու միջոցով»:
Եկեղեցու անդամները հաստատում են Ռասսել Մ. Նելսոնին որպես մարգարե: Եկեղեցու ուսմունքների համաձայն՝ Մարգարեն Աստծո կողմից նշանակված է որպես ավետարանի ճշմարտությունների ուսուցիչ, հայտնող և վկա: