Երկօրյա այս իրադարձության կենտրոնում կլինի Հիսուս Քրիստոսի ավետարանի Վերականգնումը։
Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու 190-րդ ամենամյա գերագույն համաժողովը (4-5 ապրիլի 2020 թ․) կտարբերվի Եկեղեցու պատմության մեջ բոլոր նախորդ համաժողովներից։
Դրա համար կա երկու հիմնական պատճառ։ Առաջինը՝ 2020 թվականին լրանում է Ջոզեֆ Սմիթի՝ Հայր Աստծո և Նրա Որդի Հիսուս Քրիստոսի տեսիլքի երկու հարյուր տարին՝ մի հիմնարար իրադարձության, որով մեկնարկեց, ինչպես ընդունված է կոչել Եկեղեցում, Քրիստոսի ավետարանի Վերականգնումը։ Անցյալ տարվա հոկտեմբերին Նախագահ Ռասսել Մ․ Նելսոնը ակնարկեց Վերջին Օրերի Սրբերին ապրիլյան համաժողովի առանձնահատուկ բնույթի մասին։ Նա ասաց, որ այն կլինի ոչ միայն բացառիկ իրադարձություն, այլ «կտարբերվի բոլոր նախորդ համաժողովներից», որովհետև կկրի հատուկ կենտրոնական թեմա, որն է՝ Վերականգնումը։
Այս շաբաթվա համաժողովը արտասովոր է մեկ այլ պատճառով ևս։ Համաժողովը կունենա միայն թվային ձևաչափ։ Բոլոր հինգ նիստերը (երեք շաբաթօրյա, երկու կիրակնօրյա) կհեռարձակվեն փոքր լսարանից՝ Տաճարային Հրապարակից։ Առաջին Նախագահությունը կնախագահի և կվարի այդ նիստերը, և ներկա կլինեն միայն նրանք, ովքեր հրավիրված են խոսելու կամ աղոթելու։ Համաժողովի երաժշտությունը նախապես ձայնագրված կլինի։
Յուրաքանչյուր գերագույն համաժողովին ընդառաջ Եկեղեցու ղեկավարները ժամեր շարունակ աշխատում են՝ պատրաստելով հույսի և մխիթարության ուղերձներ, որոնց հիմքում ընկած է Հիսուս Քրիստոսի ավետարանը։ Նրանց քարոզները, ինչպես նաև Տաճարային Հրապարակի Թաբերնաքլ երգչախմբի և նվագախմբի մատուցած երաժշտությունը, ամբողջ աշխարհի համար են։ Անկախ կրոնական պատկանելիությունից (կամ բացակայությունից), բոլորը հրավիրվում են դարձնելու 2020 թվականի ապրիլի գերագույն համաժողովը այս անորոշ ժամանակներում հույսի իրենց որոնումների մասը։ Առանցքում կլինեն ճշմարտության և ոգեշնչման ուղերձներ։