Նորություններ

Առաքյալը կոչ է անում մեծացնել հասարակական մեդիայում ուղերձների օգտագործումը՝ հեղեղելու համար Երկիրը

Երեց Դեյվիդ Ա. Բեդնարը՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու Տասներկու Առաքյալների Քվորումի անդամը, կոչ է արել մորմոններին օգտագործել հասարակական մեդիան՝ հեղեղելու համար Երկիրը անկեղծ և ոգեշնչող ուղերձներով:

Հինգշաբթի օրը Պրովոյում, Յուտա, Բրիգամ Յանգի անվան Համալսարանի կրթական շաբաթվա հոգևոր հավաքի նրա ելույթը կենտրոնացած էր համացանցի և մասնավորապես հասարակական մեդիայի՝ ճշմարտությունը տարածելու զորության վրա: Երեց Բեդնարն անվանեց մեր ժամանակը «աշխարհի պատմության մեջ առանձնահատուկ ժամանակ», երբ մենք օրհնված ենք «նորարարությունների և հայտնագործությունների զարմանահրաշ առաջադիմությամբ, որոնք գործի են դնում և արագացնում փրկության աշխատանքը»:

«Մեր միսիոներական համաշխարհային բանակի մոտ 40 տոկոսը շուտով օգտագործելու են թվային սարքերը որպես գործիքներ՝ դարձի բերելու, անդամներին պահելու և ակտիվացնելու գործում», - ասաց նա: «Ես վստահ եմ, որ բոլորս հասկանում ենք նաև, թե որքան է տեխնոլոգիան արագացրել ընտանեկան պատմության և տաճարային աշխատանքը, վերականգնված ավետարանի մեր անհատական և ընտանեկան ուսումնասիրությունը, և ինչպես է այն հնարավորություն տալիս մեզ սովորել, տեսնել և զգալ աշխարհը աննախադեպ եղանակներով»:

Երեց Բեդնարը նշեց հասարակական մեդիայի հետ կապված Եկեղեցու և անդամների վերջերս կատարած ջանքերը, այդ թվում՝ Նրա շնորհիվ Զատիկին նվիրված տեսաֆիլմը, որը Զատիկի շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհում՝ 191 երկրներում և տարածքներում դիտել են ավելի քան հինգ միլիոն անգամ:

Նա մեջբերեց այլ օրինակներ՝ ինչպես հարյուրավոր մարդիկ օգտվել են #didyouthinktopray հեշթագից՝ կիսվելու համար լուսանկարով, որը պատկերում է պաստառ՝ թե երբ պետք է աղոթել, ինչը աղոթքի անհրաժեշտության մասին ավելի քան 40000 զրույցների սկիզբ դրեց: 

Մինչ ավետարանի ուղերձներով, այդ թվում՝ Եկեղեցու ղեկավարների կողմից հասարակական մեդիայի օգտագործմամբ կիսվելու այս և մյուս ջանքերը ազդեցություն են առաջացրել, Երեց Բեդնարը կոչեց դա «լավ սկիզբ, սակայն միայն փոքրիկ կաթիլ»:

«Այժմ ես հրավեր եմ հղում ձեզ՝ օգնելու վերածել այդ կաթիլը ջրհեղեղի: Դնելով սկիզբը այս վայրում, այս օրը, ես հորդորում եմ ձեզ հեղեղել Երկիրը արդարակեցությամբ և ճշմարտությամբ լցված ուղերձներով, որոնք անկեղծ են, վեհացնող և արժանավայել, և բառացիորեն հեղեղել Երկիրը, կարծես, ջրհեղեղով», - կոչ արեց Երեց Բեդնարը: «Ես աղոթում եմ, որ չստացվի այնպես, որ մենք մասնակցենք մի հզոր ալիքի բարձրացմանը, որը նույնքան արագ հանգչում է»:

Երեց Բեդնարը խրախուսեց ունկնդիրներին հասարակական մեդիայից օգտվելիս լինել անկեղծ և հետևողական և կիսվել միայն այնպիսի նյութով, որը վեհացնող և ուսուցողական է: «Մենք չպետք է չափազանցություններ անենք, գերագնահատենք մեզ կամ ձևացնենք մեզ այնպիսին, ինչպիսին իրականում չենք հանդիսանում: Մեր նյութը պետք է լինի վստահելի և կառուցողական: Համացանցում անանուն լինելը ոչ անկեղծ լինելու լիազորագիր չի ընձեռում»:

«Մենք և մեր ուղերձները պետք է ուսուցանեն և վեհացնեն, ոչ թե մերժեն, վիճեն, մեղադրեն կամ նվաստացնեն», - բացատրեց Երեց Բեդնարը: «Եղեք խիզախ և համարձակ, բայց ոչ ճնշող, երբ հաստատում կամ պաշտպանում եք մեր համոզմունքները, և խուսափեք վեճերից: Որպես աշակերտներ մեր նպատակը պետք է լինի հասարակական մեդիայի օգտագործումը որպես միջոց՝ տարածելու Հիսուս Քրիստոսի վերականգնված ավետարանի լույսը և ճշմարտությունը աշխարհի վրա, որը խավարի և շփոթության մեջ է»:

Իր ելույթի ժամանակ Երեց Բեդնարը հայտարարեց նաև «Հանդիպեք մորմոններին»  նոր տեսաֆիլմի մասին: Սա վավերագրական ֆիլմ է, որը նկարահանվել է Եկեղեցու կողմից և առաջին անգամ կցուցադրվի ԱՄՆ-ի ընտրված կինոթատրոններում հոկտեմբերի 10-ին:

«Այս ֆիլմը մեկ այլ եղանակ է, որի միջոցով անդամները պարզ և արդյունավետ ձևով կարող են կիսվել իրենց հավատքով իրենց ընտանիքների և ընկերների հետ», - ասաց նա հազարավոր մասնակիցներին, որոնք հավաքված էին Մերիոթ Կենտրոնում ունկնդրելու այդ ելույթի ուղիղ հեռարձակումը: «Հանդիպեք մորմոններին» ֆիլմը պարզաբանում է մեր համոզմունքների մասին թյուրըմբռնումները և հատուկ շեշտադրումով ներկայացնում օրհնությունները, որոնք գալիս են Հիսուս Քրիստոսի ավետարանով ապրելու արդյունքում»:

Տեսաֆիլմը պատմում է վեց տարբեր Վերջին Օրերի Սրբերի մասին. ծնունդով Նեպալից ինժեներ և մարդասիրական օգնության աշխատող Բիշնու Ադիքարիի; ԱՄՆ ծովային ակադեմիայի ֆուտբոլի թիմի մարզիչ Քեն Նիումաթալոլոյի; Կոստա Ռիկայից սիրողական քիքբոքսեր Կարոլինա Մունոզ Մարինի, ով իր ամուսնու հետ բարեգործությամբ է զբաղվում; Ատլանտայից, Ջորջիա, ակադեմիական խորհրդատու և եպիսկոպոս Ջերմանի Սալիվանի; Յուտայից միսիոների մայր՝ Դոն Արմսթրոնգի և գնդապետ Գեյլ Հալվորսենի, որը 1940թ.-ի Բեռլինի օդային օպեռացիայի ժամանակ հայտնի էր որպես «կոնֆետների ռմբակոծիչ»:

Ֆիլմից ստացված ողջ հասույթը կօգտագործվի բարեգործական նպատակներով:

Երեց Բեդնարը շեշտեց, որ Եկեղեցու անդամները չպետք է չափից դուրս ժամանակ տրամադրեն՝ բարդ ուղերձներ ստեղծելու և տարածելու վրա, ոչ էլ պետք է դառնան հասարակական մեդիայի մասնագետներ կամ մոլեռանդներ: «Չափից շատ ժամանակ կարող է վատնվել, չափից շատ հարաբերություններ կարող են վնասվել կամ ոչնչացվել, արդարակեցության արժեքավոր ուղիներ կարող են կտրվել, եթե տեխնոլոգիական միջոցները սխալ օգտագործվեն: Մենք չպետք է թույլ տանք, որ հասարակական մեդիայի անգամ բարի նպատակով կիրառումները փոխարինեն մեր ժամանակի, եռանդի և միջոցների ավելի լավ օգտագործմանը»:

Ոճի ուղեցույցի նշում.Ուղղություններ հաղորդագրությունների ոճի վերաբերյալ. Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցու մասին հաղորդելիս, խնդրում ենք առաջին հղումն անելիս օգտագործել Եկեղեցու ամբողջական անունը:Ոճի ուղեցույց.